Մատչելիության հղումներ

Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են


ՕԵԿ-ում լայնորեն չի քննարկվել ընդդիմադիր դաշտ մտնելու մտադրությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արմեն Երիցյանի հետ կուսակցությունում չեն քննարկել ընդդիմադիր դաշտ անցնելու մտադրությունը:

Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Արմեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ «Օրինաց երկիրը» որոշում կայացրեց անցնել ընդդիմադիր դաշտ:

Այսօր Արմեն Երիցյանից խնդրեցինք արձագանքել այն քննադատությանը, թե այս պահին կուսակցությունը թողնելու իր որոշումը նշանակում է, որ ժամանակին ինքը, այսպես ասած, օգտագործել է իշխանության մաս կազմող ՕԵԿ-ի հնարավորությունները և դարձել նախարար, իսկ այժմ, երբ ՕԵԿ դուրս է եկել իշխանությունից, կուսակցությունն ալևս հարկավոր չէ իրեն:

«Չգիտեմ ով ինչ է ասում... ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավեր ստացա ՕԵԿ-ի կողմից ԱԻ նախարար աշխատելու համար, և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես ԱԻ նախարար, պետք է կատարեմ։ Այն ժամանակ, երբ ես հրաժարականը ներկայացրեցի ՕԵԿ-ից, ես չէի ակնկալում, որ պետք է լինեմ նախարար։ Պարզապես այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, ես նույնն էի հայտարարել... և երբ ՕԵԿ-ը որոշեց, որ չպետք է լինեն կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրեցի, որ չեմ կարող ընդդիմություն լինել։ Ես գտնում եմ, որ գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը ստացել եմ, կաշխատեմ, կշարունակեմ»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այլ կուսակցության կանդամագրվի. - «Անցել են էն ժամանակները, որ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ»..., ես անձամբ որոշում եմ կայացրել, և իմ փոխարեն ոչ ոք չի կարող կայացնել»։

Լրագրողներից մեկը, նկատի ունենալով ՕԵԿ-ի որոշումը ընդդիմադիր դաշտ անցնելու վերաբերյալ, հարցրեց՝ «բայց հնարավո՞ր է նույն գետը երկու անգամ մտնել»:

«Մարդիկ կան, որ տասը գետ են մտնում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր առջև դրված խնդիրները կատարում է, մենք դեռ ունենք անելիքներ, և ես կարծում եմ, որ թե գործադիրում, թե կուսակցությունում մարդը ինքը պետք է որոշում կայացնի։ Ես այդպիսի որոշում եմ կայացրել»,- ասաց Երիցյանը։

Երիցյանը նաև տեղեկացրեց, որ երեք ՕԵԿ-ական նախարարները միասին են կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրել։ Նախարարի խոսքով՝ իրենց այս որոշումը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար անակնկալ չէր։
XS
SM
MD
LG