Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը առայժմ չի կարողացել համոզել Սերժ Սարգսյանին


Դաշնակցությունը կմնա ընդդիմության դաշտում
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
ՀՅ Դաշնակցությունը մաս չի կազմի նոր կառավարությանը և կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում: Կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի նախնական այս դիրքորոշումը վերահաստատել է Դաշնակցության գերագույն ժողովը երկօրյա փակ քննարկումների արդյունքում։

Կուսակցությունը, որն ավելի վաղ չէր բացառել կառավարությանը մաս կազմելը իր 7 առաջարկների ընդունման պարագայում, նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունների արդյունքում առայժմ չունի այն երաշխիքը, որ այդ առաջարկները ընդունվում են և պիտի իրականացվեն, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա տեղի չի ունեցել ըստ էության, բայց այդ դուռը բաց են թողել իշխանությունները այն իմաստով, որ իրենք ասում են, որ այդ 7 կետերին մենք անդրադառնալու ենք, և մենք չունենք դեռ ամբողջական պատկերացումը, թե որ չափով էդ 7 կետերը կընդունվեն»,- նշեց Ռուստամյանը, - «Այդ անհամատեղելիությունը պետք է վերանա, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ համագործակցություն այդ որակով կարող է, թե՝ չէ։ Դրա համար այս պահին ասում ենք՝ մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք պահանջել 7 կետերի իրականացման հետ կապված համապատասխան քայլեր: Հիմա այդ նոր կառավարությունը թող բերի ծրագիրը, հասկանանք՝ ինչ է անում, մենք այդ կազմում չենք լինելու, բայց մեր հարաբերությունը կառավարության հետ էլ շարունակելու է պայմանավորվել այդ 7 կետերի ընդունման աստիճանով»։

«Այսինքն՝ եթե 7 կետերը որոշակիորեն ընդունվեն, դուք հնարավոր է վերանայե՞ք ձեր դիրքորոշումը», - այս հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Մենք միշտ էլ դա ասել ենք, այո, շատ հստակ է, կարծում եմ՝ մեր մոտեցումները պայմանավորված են կոնկրետ արմատական, համակարգային փոփոխություններով երկրում, և եթե դա իրականացնելու կամք է դրսևորվում քաղաքական, մենք պատրաստ ենք մեր ներուժը ամբողջական ներդնել, որ դա ավելի արագ տեղի ունենա»։

Դիտարկմանը, թե, փաստորեն, Սերժ Սարգսյանին չեն կարողացել համոզել, Ռուստամյանը պատասխանեց. - «Առայժմ՝ ոչ»։

«Մենք համոզելու խնդիր չենք դրել, մենք տվել ենք մեր պատկերացումները», - հավելեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Միաժամանակ, կուսակցության Գերագույն ժողովը «վերահաստատել է երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ Դաշնակցության դիրքորոշումը»։ «Ազատության» հարցին՝ արդյոք դա ենթադրո՞ւմ է նաև նախագահի հրաժարականը, Դաշնակցություն խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իրենց նպատակը համակարգային փոփոխությունն է:

«Դրա անհրաժեշտ պայմանը, իհարկե, ռեժիմի փոփոխությունն է, մարդկանց, որոնք ի վիճակի չեն կատարել համակարգային փոփոխություններ։ Բայց մենք պիտի համոզված լինենք, որ մարդկանց փոփոխությունից հետո տեղի կունենա համակարգի այնպիսի փոփոխություն, որ նույնը չկրկնվի», - հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով․ - «Մենք դա ասում ենք մեր դառը փորձից, որովհետև տեսել ենք՝ փոխվել են մարդիկ, բայց համակարգի մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել»։

«Իշխանափոխությունը ամբողջական լինելու պարագայում ապահովելու է, որ ժողովուրդը գա իշխանության, ոչ թե իշխանափոխության արդյունքներից օգտվեն նրանք, ովքեր իշխանափոխություն իրականացրեցին։ Նույն Սերժ Սարգսյանի հրաժարական... քառյակի մեջ էլ այդ խնդիրները քննարկում ենք, չէ՞, ասում ենք՝ լավ, մենք դրան դեմ չենք, բայց եկեք հասկանանք՝ դրանից հետո երաշխավորո՞ւմ ենք, որ նույնը չի լինի։ Եթե չկա այդպիսի երաշխիք, մենք համարում ենք, որ դա ինքնանպատակ քայլ է և չի հանգեցնելու մեր ուզած իշխանափոխությանը», - շարունակեց դաշնակցական գործիչը:

«Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ՝ հանենք, մենք կգանք՝ լավ կլինի։ Եթե պատկերացնում եք լավ լինելը որն է, համոզեք մեզ էլ, հասարակությանն էլ, որ հասարակությունն իմանա, որ սա միայն «դեմ»-ի շարժում չի, «հանուն»-ի շարժում է։ Միայն դեմ խոսելով, հակադրվելով մենք մեծ ռեսուրս չենք ձևավորում նույն հրապարակում», - ընդգծեց Ռուստամյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք եթե տեսնեն, որ տրամաբանված փոփոխության մասին է խոսքը, կարող են իրենք էլ աջակցել իշխանափոխությանը, որը ընդդիմության ռեսուրսը կմեծացնի։

Գերագույն ժողովը առաջարկվող 7 կետերը տեսնում է ոչ միայն իշխանությունների, այլև բոլոր այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունների առանցքում, մինչդեռ դրանցից առնվազն երկուսի՝ հայ - թուրքական արձանագրությունների և խորհրդարանական համակարգին անցման հարցերի շուրջ «հրաշալի քառյակում» կան տարաձայնություններ։ Սա հաշվի առնելով՝ Արմեն Ռուստամյանը վտանգված համարեց համագործակցությունը իրենց առաջարկներին ընդդիմացող ոչ իշխանական ուժերի հետ։

«Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ ով չի ընդունում մեր 7 կետերը», - ասաց նա. - «Իշխանությունը չի ընդունում՝ մենք ընդդիմություն ենք այդ առումով դառնում, եթե որևէ քաղաքական ուժ դա չի ընդունում, ես երկարաշունչ համագործակցության հեռանկար ռազմավարական առումով տեսնում եմ շատ վտանգված, առնվազն»։

«Չեմ ուզում անուններ տալ։ Այս 7 կետերի մեջ որևէ տեղ Դաշնակցության կուսակցական շահը չկա։ Թող ասեն՝ «լավ չի ձեր լուծումը, մենք ավելի լավ բան ունենք ասելու», թող ասեն, մենք խնդիր չունենք, կարող ենք քննարկել, բանավիճել ու հանգել ինչ-որ եզրակացության։ Բայց հասկանանք, այդ ամեն մի կետը ինչ իմաստ ունի և ինչ խնդիր է ուզում լուծել, եթե դուք չեք ընդունում, որ այդ խնդիրը գոյություն ունի, դա մեզ համար պրոբլեմ է։ 7 կետերը որ իրականացվեն, իշխանական համակարգը կհավասարակշռվի, քաղաքական համակարգը կհավասարակշռվի, ընդդիմությանը տեղ տալով, խորհրդարանական համակարգի գնալով, ինքնանպատակ չէ մեր այդ պահանջները։ Այսինքն մարդիկ չեն ուզում, որ այդ իշխանությունը փոքրանա, որովհետև իրենք ենթադրում են, որ հարմար առիթ է՝ իրենք գան այդ նույն մեծ իշխանությունն օգտագործեն ի շահ իրենց։ Մենք չենք ուզում, որ հիմա էլ մի ուրիշը գա այդ նույն հզոր լծակներն օգտագործի։ Այո, գայթակղությունը մեծ է, իհարկե»,- ընդգծեց Ռուստամյանը։

Աղվան Վարդանյանը հավելեց, որ քառյակի ֆորմատով շարունակելու են աշխատել, քանի որ «միշտ հնարավոր է գտնել կոնկրետ քայլեր, անելիքներ, որոնք կհամաձայնեցվեն չորս ուժերի կողմից, և որոնք նաև կդառնան լրացուցիչ ճնշման, ազդեցության գործիք իշխանությունների վրա», մանավանդ այսօր, որ կառավարությունը ձևավորվելու է մեկ կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, որը նաև մեծամասնություն ունի խորհրդարանում։
XS
SM
MD
LG