Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան․ «Մենք երկար տարածություն վազող քաղաքական թիմ ենք»


Հովհաննես Սահակյան․ «Մենք երկար տարածություն վազող քաղաքական թիմ ենք»
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ազգային ժողովի մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով, քաղաքական այլ ուժերը խուսափում են ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմել՝ փորձելով այդ կերպ ապահովագրել իրենց:

«Մի ժամանակահատված է եկել, երբ տարբեր քաղաքական ուժեր, չկարողանալով, այսպես էլ, կանխատեսել երկու-երեք տարի անց ինչ է լինելու, փորձում են առնվազն ապահովագրել, որպեսզի պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Սահակյանը:

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարել էր, թե մոտեցում է որդեգրել՝ մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ երկարատև բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն այդպես էլ չի ընդունել Դաշնակցության առաջ քաշած 7 ծրագրային դրույթները, ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ - «Այդ 7 կետերի մեջ կան նաև այնպիսի կետեր, որոնք համահունչ են մեր պատկերացումներին, կամ մեր՝ արդեն իսկ նախապես հռչակած ծրագրերին: Հետևաբար, կյանքը առջևում է, մենք դեռևս ժամանակ ունենք և մի փոքր նաև պետք է ունենանք համբերություն, որպեսզի կարողանանք ամբողջ այս գործընթացը պատկերացնել»:

Հովհաննես Սահակյանը հորդորում է՝ թող տպավորություն չստեղծվի, թե իրենք բոլորի փեշերից քաշում են կոալիցիա և ոչ ոք չի գալիս:

«Սա գիտեք ինչ տպավորություն է՝ երբ որ փողոցով երկու հոգի վազում են, երրորդն էլ հետևից է վազում: Կանգնեցնում են, ասում են՝ ինչո՞ւ ես վազում: Ասում է՝ չգիտեմ: Ասում են՝ բա ինչո՞ւ ես վազում: Ասում է՝ դե, բոլորը վազում են, մենք էլ ենք վազում», - մեկնաբանեց Սահակյանը, - «Դե թող վազեն: Մենք մեր վազքը վաղուց վազել ենք: Մենք երբևէ չենք վազել 100 մետր ինչ-որ մի տարածություն, մենք ավելի երկար տարածություն վազող քաղաքական թիմ ենք»:

Հակադարձելով «Օրինաց երկրի» ներկայացուցիչների երեկ արած այն հայտարարությանը, թե կոալիցիան անցած տարիներին գործել է ոչ արդյունավետ, այդ իսկ պատճառով աննպատակահարմար են համարում Հանրապետականի հետ կոալիցիա կազմել, Հովհաննես Սահակյանը հարցնում է, թե ինչո՞ւ անցած տարիների ընթացքում գոնե մեկ անգամ ՕԵԿ-ը չի բարձրաձայնել այդ աննպատակահարմարության մասին․ - «Դրսևորվե՞լ է որևիցե մի ձև՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամ, այս կամ այն կերպ․․․»:

Չնայած որ ՕԵԿ-ը հայտարարել է, թե դուրս է գալիս կոալիցիայից և ընդդիմադիր դաշտ է տեղափոխվում, Հանրապետական Հովհաննես Սահակյանը պնդում է՝ ՕԵԿ-ը ընդդիմադիր ընկալվել չի կարող: Նրա խոսքով, ընդդիմություն են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ծայրահեղ ու արմատական ընդդիմություն է նաև Դաշնակցությունը: Եվ այս պարագայում, Սահակյանի խոսքով, անհասկանալի է դառնում, թե ո՞ր դաշտում են գործելու «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը»:

«Խոսքս վերաբերում է երկու այն թիմերին, ովքեր, միանշանակ, չեն կարող ընկալվել ընդդիմություն՝ «Օրինաց երկիրը» և «Բարգավաճ Հայաստանը» իհարկե: Գիտեք ինչ, երբ հայտարարում ես՝ մտնում եմ այս կամ այն դաշտ, դա շատ լավ է, բայց նաև պետք է այդ ընկալումը լինի համարժեք և՛ քո գործընկերների, և՛ հանրության, և՛ ժողովրդի, և՛ լրագրողների: Թե չէ այսօր մեր առօրյայում այնպիսի տպավորություն է, որ ով ինչ ուզում՝ հայտարարում է», - ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետականը միայնակ է կառավարություն ձևավորելու, Հովհաննես Սահակյանն ասաց, թե քանի դեռ նոր նախարարներ չեն նշանակվել, կանխատեսումներ անելը ճիշտ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG