Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հարկադրում է ներկրված ավտոմեքենաները մաքսազերծել միայն մեկ բրոքերային ընկերության միջոցով


ՊԵԿ-ը հարկադրում է ներկրված ավտոմեքենաները մաքսազերծել միայն մեկ բրոքերային ընկերության միջոցով
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ապօրինի եղանակով խոչընդոտում է փոքր ու միջին ձեռներեցների կողմից ներկրված ավտոմեքենաների մաքսազերծմանը և հարկադրում է գործարարներին մաքսազերծումն իրականացնել միայն մեկ բրոքերային ընկերության միջոցով:

Այսօր այսպիսի հայտարարություն արեցին Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու միության այլ ներկայացուցիչներ, ովքեր առավոտյան լրագրողների հետ հանդիպել էին ՊԵԿ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտական մաքսատան դիմաց:

«Մենք՝ ավտո ներկրողներս, ցանկություն ունենք մենք ինքներս մասքազերծենք մեր ներկրած ավտոմեքենաները: Օրենքով սահմանված է՝ կա՛մ մենք ինքնուրույն պետք է սահմանենք, կա՛մ բրոքերական ընկերությունների միջոցով: Հիմա Հայաստանում կան տասնյակ բրոքերական կազմակերպություններ, [բայց] մեկ կազմակերպություն մեկ ինչ-որ սենյակում նստած մոնոպոլիստական կարգով մաքսազերծում է իրականացնում, մեզանից բոլորիցս 35 հազար դրամ գումար է շորթում: Ես ազատ քաղաքացի եմ, ես ուզում եմ ինքնուրույն անել կամ մեկ այլ բրոքերական կազմակերպության միջոցով: Ինչո՞ւ պիտի ես պարտադրված այստեղ 35 հազար դրամ գումար վճարեմ: Ես համարում եմ, որ լավ էլ սրան տեղյակ է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ Գագիկ Խաչատրյանը, և ներքին կարգով հրահանգ է տրված բոլոր բրոքերական կազմակերպություններին, որ ոչ ոք ավտոմաքսազերծմամբ չզբաղվի: Միայն ա՛յդ կազմակերպությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ յուրաքանչյուր շաբաթ փոքր ու միջին ձեռներեցները Հայաստան են ներկրում մոտ հազար ավտոմեքենա: Հետևաբար՝ բրոքերային այդ ընկերությանը մաքսազերծման թղթարարությունն իրականացելու համար վճարում են մոտ 35 միլիոն դրամ (շուրջ 85 հազար ԱՄՆ դոլար):

«Դա մեզ համար շատ մեծ գումար է: Որովհետև մենք մեքենայի մեջ ունենալով 300 դոլար, այդ հարյուր դոլարը մեզ համար շատ մեծ գումար է», - նշեց Հովհաննիսյանը:

Ավտոներկրողների միության նախագահը այսպես բացատրեց, թե ինչու իրենց չեն թույլատրում, ինչպես նախկինում, ինքնուրույն իրականացնել ավտոմեքենաների մաքսազերծումը․ - «Մենք այդ հայտարարագիրը մաքսային ներքին ծրագրով չենք կարողանում մտնել, կոդավորված է: Դա միայն բրոքերը կարող է մտնել: Արդեն 4 տարի է ես խնդրում եմ, որպեսզի այդ խնդիրը արձագանք ստանա: Որպեսզի մենք իմանանք, թե ինչու մենք ազատ չենք մեր առևտրի մեջ»:

Օրվա ընթացքում ստացվեց ՊԵԿ-ի հայտարարությունը, ըստ որի հանրապետության բոլոր մաքսատներում ինքնահայտարարագրման համակարգը նախընտրողների համար հատկացված է հատուկ համակարգիչ․

«Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ավտոմաքսատանը գործում է ընդամենը մեկ բրոքերային կազմակերպություն, դրանք իրականում չորսն են», - ասված է հայտարարությունում:

Տարիներ է, ինչ հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումները գտնվում են իշխանությունենրի և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, և շարունակաբար հնչում են բարեփոխումների հաջող ընթացքի մասին հայտարարություններ:

Դեռ 2008-ի ապրիլի 17-ին ՊԵԿ-ի ղեկավարության հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր՝ բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում և բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին:

Անցել է մոտ վեց տարի, և Տիգրան Հովհաննիսյանը վրդովված ասում է․ - «Մենք չունենք մաքսային գներից տեղեկություն: Մենք պահանջում ենք ինվոյսի կիրառում: Եթե ես մեքենան Ճապոնիայից, Ամերիկայից ձեռք եմ բերել 1500 դոլարով, ես ինչի՞ եմ գալիս այստեղ մաքսազերծում 3000 դոլարով: Ինչո՞ւ ինվոյսը չեն կիրառում: Չէ՞ որ իրենք խոսք են տվել եվրոպացիներին, որ մեզ մոտ ազատ տնտեսություն է, մեր քաղաքացիները կարող են մաքսազերծել, գներից տեղյակ լինել: Մտեք ինտերնետ՝ [ցանկացած երկրի] մաքսային գները կան, մեր Հայաստանինը չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG