Մատչելիության հղումներ

Փորձագետները Ղրիմի հարցում Հայաստանի վիճակը «անելանելի» են որակում


Ղրիմ -- Ղրիմի քաղաքացիները քվեարկում են հանրաքվեում, 16 մարտի, 2014թ․
Ղրիմ -- Ղրիմի քաղաքացիները քվեարկում են հանրաքվեում, 16 մարտի, 2014թ․
Հայաստանցի փորձագետները անելանելի են որակում կարգավիճակը, որում հայտնվել է պաշտոնական Երևանը Ղրիմում անցկացված հանրաքվեից հետո:

Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր, թե Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

ԱԳՆ-ի հայտարարությունը դիրքորոշում էր դիրքորոշման բացակայության մասին, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Սա ուղղակի այն հնարավորն է, որը կարող է իրեն թույլ տալ Երևանը՝ հատկապես սեպտեմբերի 3-ից հետո», - ասում է նա:

Մինչդեռ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ողջունում է Հայաստանի արտգործնախարարության չեզոք կեցվածքը՝ մեկնաբանելով, թե մեր իշխանությունները չեն կարող փչացնել հարաբերությունները ոչ բարեկամ Ուկրաինայի, ոչ էլ արևմտյան պետությունների հետ:

«Հասկանալի է, որ որևէ այլ տարբերակ չկա: Այլ բան է, որ ես չգիտեմ ինչքա՞ն երկար հնարավոր է այդ նեյտրալիտետը պահել: Այդ ընտրություն անելու ցանկությունը Հայաստանը 20 տարվա ընթացքում չի ունեցել և չի էլ ուզում անել», - ասում է փորձագետը:

Արձագանքելով դիտարկմանը, թե կարո՞ղ են արդյոք Կրեմլի կողմից ճնշումներ բանեցվել Հայաստանի վրա, ստիպելով ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները, քաղաքագետը հիշեցրեց, որ նման ճնշումների Երևանը ստիպված է եղել դիմակայել ռուս-վրացական հակամարտության ժամանակ, բայց այդպես էլ չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

«Բայց այս անգամ ճգնաժամը աննախադեպ ավելի լուրջ է», - արձանագրում է Մինասյանը:

Անուշ Սեդրակյանը նույնպես կարծում է, որ այս պահին արտգործնախարարությունն անում է այն ինչ կարողանում է, հանրաքվեի արդյունքները ճանաչելը կամ չճանաչելը հավասարապես վտանգավոր է, Հայաստանը միջուկային գերտերություն չէ, որ ներքաշվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ․ - «Դրա համար այդ դիվանագիտական լռությունը իրոք ճիշտ ընտրություն է, որը կնպաստի նրան, որ մենք կկարողանանք առայժմ մանևրել»:

Փորձագետները կարծում են՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Պուտինին չեն կանգնեցնի, Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, համոզված է՝ նոտաները կոշտանալու են և շատ շուտով պուտինիզմի երկրպագուների «տոնական» էյֆորիան մարելու է:

Անուշ Սեդրակյանն ասում է՝ ինչքան էլ, որ պատժամիջոցները ծանր անդրադառնան շարքային ռուսաստանցիների վրա, Պուտինը չի նահանջելու դիկտատորական կայսրություն ստեղծելու մտքից: Սեդրակյանի բնորոշմամբ՝ Ռուսաստանի առաջնորդը հիմա հաղթանակած իմպերատորի՝ Պետրոսի առաջինի կերպարի մեջ է, կարծում է հողեր է նվաճում:

Այսօր Ստեփանակերտում անցկացվող տոնակատարությունը, ըստ Անուշ Սեդրակյանի, կարող է խախտել Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական հավասարակշռությունը, քանի որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ անվտանգության տեսանկյունից: Մեկնաբանը հիշեցնում է՝ Ղրիմի հանրաքվեն ռուսական հրանոթների ներքո է անցել ու Ղարաբաղի հետ զուգահեռներ չեն կարող լինել, ուստի Ստեփանակերտում պետք է մտածեն, թե այսօրվա հրավառությունը միջազգային ինչ արձագանք կգտնի, ինչ իմիջ ձեռք կբերի Ղարաբաղը:

«Եթե մենք էլ մեզ համար ողջ աշխարհը սահմանափակում ենք միայն Ռուսաստանով, դա երևի շատ նորմալ ռեակցիա է», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG