Մատչելիության հղումներ

Հայկական վիրտուալ միակ համալսարանն արդեն 3000 ուսանող ունի


Հայկական վիրտուալ միակ համալսարանն արդեն 4 տարվա պատմություն ունի. եթե առաջին տարում համալսարանն ուներ մի քանի հարյուր ուսանող, այսօր նրանց թիվն անցնում է 3000-ից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համալսարանի հիմնադիր նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը նշում է, որ ուսանողների թիվը ամիս առ ամիս ավելանում է, քանի որ հայկական սփյուռքը բավական մեծ է և ոչ բոլոր երկրներում, նահանգներում կամ քաղաքներում հայկական դպրոցներ կան:

Նորագույն տեխնոլոգիաներով կրթություն իրականացնող բուհն ունի չորս բաժին՝ հայոց լեզվի, հայ մշակույթի, պատմության և շախմատի։ Ի դեպ, շախմատը բոլորովին վերջերս է ավելացել:

«Մեր դիմորդները հասուն մարդիկ են, ովքեր ազգային հասկացողություն ունեն։ Բուհ դիմող ուսանողները շուրջ 65 երկրներից են: Ամենամեծ թվով դիմում են ԱՄՆ-ից, այնուհետև Ռուսաստանից, Արգենտինայից, Բրիազիլիայից: Ուսանողներ կան նաև եվրոպական տարբեր երկրներից, Հարավային Աֆրիկայից և այլն»,- ասում է Երվանդ Զորյանը:

Ուսանողները վիրտուալ համալսարանում սովորում են շուրջ երկու տարի, մեկ կիսամյակի համար վճարում են 199 դոլար, ինչը, ըստ Զորյանի, փոքր գումար է և չի փոխհատուցում այն ծախսերը, որոնք իրենք են անում։ Բացի այդ լավագույն ուսանողները կրթաթոշակներ են ստանում:

Համալսարանի կայքում կան օնլայն ձեռնարկներ, դասագրքեր, սակայն շփումը ուսուցիչների հետ ևս առկա է: Դասագրքերը, համալսարանի հիմնադրի խոսքով, մուլտիմեդիա տարբերակով են, որպեսզի գրավեն սովորողներին, ուսուցումն ավելի հետաքրքիր դարձնեն։

«Ուսուցումն իրականացվում է 7 լեզվով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն»,- ասում է Զորյանը։
Նա վստահեցնում է, որ շրջանավարտների ստացած դիպլոմը ճանաչվում է Հայաստանում, դրա կրեդիտները կարող են օգտագործվել նաև արտասահմանյան բուհերում: Այժմ մի նոր ծրագիր են մշակել, շուտով իրականացնելու են նաև մագիստրոսական ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG