Երկուշաբթի, Ապրիլ 21, 2014 Ժամանակը Երեւանում 16:19

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Բացառիկ հարցազրույց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի համանախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

Exclusive Interview With Ambassador James Warlick, U.S. Co-Chair of the OSCE Minsk Groupi
|| 0:00:00
...
 
🔇
X
19.12.2013
RFE/RL Armenian Service Director Harry Tamrazian has sat with U.S. Co-Chair of the OSCE Minsk Group James Warlick for an exclusive interview in which the senior American diplomat talks about the latest developments and prospects in the Nagorno-Karabakh settlement process.
Տեքստի չափը - +
«Ազատություն»․ - Շնորհակալություն, պարոն դեսպան, այս բացառիկ հարցազրույցին համաձայնելու համար: Եվ առաջին հարցը ուղղակիորեն վերաբերում է վերջին շրջանի Ձեր գործունեությանը: Դուք հանդիպեցիք երկու նախագահների հետ և Դուք մաքոքային դիվանագիտություն եք վարում, գնում եք, գալիս եք, Ձեր ժամանակը ծախսում եք նաև Լեռնային Ղարաբաղում: Վիեննայից և Կիևից հետո, ակնհայտորեն, նոր հույս կա, և ես առաջին անգամ տեսնում եմ Ձեր հայտարարություններում դրական տոն: Ո՞րն է դրա պատճառը: Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Կա՞ ինչ-որ բան, որ մենք չգիտենք:

Ջեյմս Ուորլիք․ - Նախ և առաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հարցազրույցի համար: Հաճելի է Ձեզ տեսնել, և ես ուրախ եմ, որ մենք զրուցելու հնարավորություն ունենք:

Գիտեք, որ երկու նախագահները հանդիպեցին նոյեմբերի 19-ին Վիեննայում, և դա մի քանի տարվա մեջ առաջին անգամն էր, որ նրանք հանդիպեցին: Եվ լավ լուրը դրանից այն է, որ նրանք կառուցողական երկխոսություն ունեցան, և որ 90-րոպեանոց առանձնազրույցում, որին որևէ այլ մարդ ներկա չէր․․․

«Ազատություն»․ - 90 րոպե՞:

Ուորլիք․ - 90 րոպե․․․ Նրանք կարողացան լրջորեն զրուցել միմյանց հետ խնդիրների շուրջ և ավարտեցին զրույցը՝ երկուսն էլ հավատալով, որ կարող են աշխատել միմյանց հետ, և որ կա ճանապարհ դեպի առաջ: Եվ դա լավ լուր էր բոլորիս համար և անշուշտ լավ լուր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին: Եվ դա իրոք երկու նախագահների անելիքն է: Եթե նրանք ունեն այն կարգավորելու, միմյանց հետ աշխատելու և առաջ շարժվելու ճանապարհ գտնելու քաղաքական կամք, ապա դա տեղի կունենա, և Մինսկի խումբն էլ այստեղ է՝ գործընթացի դյուրացմանն օգնելու համար:

«Ազատություն»․ - Հետաքրքիր հայտարարություն Վիեննայի հանդիպումից հետո: Հայտարարությունում ասված է, որ երկու կողմերը, երկու նախագահները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Եվ սա առաջին անգամն է, որ մենք լսում ենք նման բան: Նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, ես չեմ խոսում 2012-ից հետո տեղ գտած դադարի մասին, նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, որոնցում միջնորդի դեր էր ստանձնել [Ռուսաստանի նախագահ Դմիտրի] Մեդվեդևը, դուք չեք ունեցել նման հայտարարություն, թե նախագահները հարցերի լայն շրջանակ են քննարկել: Կասեի՞ք մեզ, եթե հնարավոր է, թե ինչ հարցեր են դրանք:

Ուորլիք․ - Անշուշտ, դա առանձնազրույց էր, հետևաբար՝ ես չգիտեմ բոլոր փաստերը: Սակայն նրանք, այո, զրուցել են ամենազգայուն խնդիրների շուրջ, և նրանք զրուցել են միմյանց հետ շատ անկեղծորեն, թե ինչ կպահանջվի կարգավորման ուղի գտնելու համար: Եվ դա կառուցողական է: Ես վստահ եմ, որ նրանք համաձայնության չեն եկել ամեն ինչի շուրջ, սակայն փաստը, որ նրանք ունեցան այս քննարկումը, որ նրանք հանձնարարեցին իրենց արտգործնախարարներին շարունակել քննարկումը, և որ նրանք հուսով են հանդիպել եկող տարվա սկզբին, շատ դրական քայլ է:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ նրանք անդրադարձել են այն բոլոր սկզբունքներին, որոնք ուրվագծվել էին Մադրիդում և ապա հետագայում թարմացվել:

Ուորլիք․ - Ես չգիտեմ․․․ Վստահ չեմ, թե նրանք զրուցել են բուն սկզբունքների մասին, սակայն գիտեմ, որ նրանք զրուցել են կարգավորում գտնելու հարցում առանցքային հարցերի շուրջ: Նրանք ասացին, որ հարգում են միմյանց դիրքորոշումները և որ հավատում են, որ կարող են գտնել կարգավորման ճանապարհ: Այժմ, անշուշտ, դա պետք է մշակվի, բանակցվի, և այդ պատճառով է, որ հուսով ենք՝ նախագահները կրկին կհանդիպեն խոսակցությունը շարունակելու համար:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, ո՞րն է ամենադժվարին խնդիրը այս քննարկումներում: Կարո՞ղ եք նկարագրել, գոնե ընդհանուր գծերով, թե որն է այդ հարցը ըստ էության:

Ուորլիք․ - Ինչպես գիտեք, կան մի շարք շատ դժվարին հարցեր, որոնց պետք է անդրադառնալ: Դա է պատճառը, որ այդ խոսակցությունը շարունակվում է արդեն 20 տարի հրադադարից հետո: Դրանք դժվարին խնդիրներ են, սակայն, իրոք, ես հավատում եմ, որ երկու կողմերը կարող են գտնել ճանապարհ դեպի առաջ, որը, իրոք, օգնի երկու կողմերին, որ երկու կողմերը կարող են տեսնել ճանապարհ դեպի առաջ՝ կարգավորում, որ, իրոք, ոչ մեկը չկորցնի և բոլորը շահեն: Եվ ինչպես ցանկացած բանակցության պարագայում այստեղ ևս  մենք դա ենք ակնկալում: Ոչ թե որ ժողովուրդը՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի, զոհողություններ անի: Ոչ, մենք դա չենք խնդրում: Մեր հույսն այն է, որ կողմերը, բոլոր կողմերը կհամարեն, որ իրենց շահերից է բխում այս ձգձգվող հակամարտությանը երկարատև, խաղաղ կարգավորում գտնելը:

«Ազատություն»․ - Թերևս, փորձագետների մեծ մասը և նաև լրատվամիջոցները կենտրոնանում են երկու հարցի վրա: Նախ և առաջ, ինչպես դուք նկարագրում եք ձեր հայտարարություններում, ինչպես գրված է կարգավորման այդ սկզբունքներում՝ «օկուպացված» տարածքների վերադարձը, որոնք այժմ վերահսկում են հայկական ուժերը: Մեկ այլ հարց հանրաքվեն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անցկացնել սեփական հանրաքվեն և որոշում կայացնել սեփական ճակատագրի առնչությամբ՝ ուզում են արդյոք անկախ լինել, Ադրբեջանի կազմում կամ Հայաստանի կազմում: Սրանք երկու ամենադժվարին խնդիրներն են: Այդպե՞ս է:

Ուորլիք․ - Այո, անշուշտ, դրանք շատ կարևոր խնդիրներ են, սակայն Ձեզ համար ավելացնեմ ևս մեկը, որն է՝ վստահությունը և փոխըմբռնումը: Ինչը ապշեցնում է ինձ, երբ ես Բաքվում եմ, Երևանում եմ և նաև երբ Լեռնային Ղարաբաղում եմ, ես գտնում եմ, որ նրանք լավ մարդիկ են՝ բոլոր կողմերը: Եվ հասկանում եմ, որ կա խորը անվստահություն, անվստահություն բոլոր կողմերի միջև: Եվ հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել մի ճանապարհ, և դա ժողովուրդների միջև շփումների մակարդակում է, այլ ոչ թե կառավարությունների և բարձր քաղաքականության, որ ես հուսով եմ, որ հայերը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող են միմյանց ընկալել  որպես իրական մարդիկ և տեսնել սրա մարդկային կողմը: Եվ ես, այո, հավատում եմ, որ բոլոր կողմերում լավ, ազնիվ մարդիկ են: Գիտեք, նրանք մարդիկ են, որոնք ցանկանում են լավագույնը իրենց ընտանիքների համար, ապագայի համար, նրանք ցանկանում են խաղաղություն և բարգավաճում:

«Ազատություն»․ - Եվ նրանք չեն ուզում պատերազմ․․․

Ուորլիք․ - Ոչ ոք չի ուզում պատերազմ: Դա է հարցը: Եվ մենք մի իրավիճակում ենք այժմ, երբ ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ: Մարդիկ ավելիին են արժանի, քան այն է, ինչ ունեն այժմ, և ճանապարհը երկարատև կարգավորման ուղի գտնելն է: Ինչպես ասել եմ ուրիշներին, դա կարող է տարածաշրջանում բարգավաճման նոր դարաշրջան բերել, սա մի հակամարտություն է, որը կարող է լուծվել, և ես իրոք հույս ունեմ, որ քաղաքական առաջնորդները կարող են ուղի գտնել հանուն մարդկանց: Ինձ ապշեցնում է, որ մի սերունդ, նոր սերունդ է աճում  Ադրբեջանում, Հայաստանում և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում․․․

«Ազատություն»․ - Որոնք միմյանց չեն տեսել․․․

Ուորլիք․ - Նրանք չեն տեսել իրար, նրանք չեն զրուցել միմյանց հետ, նրանք իրար չեն ճանաչում և միմյանց մասին լսում և տեսնում են միայն լրատվամիջոցներով: Դժբախտաբար, դա աղավաղվում և  սխալ է մեկնաբանվում, և ես կցանկանայի տեսնել մի կետ, որում վստահության և հարաբերությունների այդ ձևը կարող է վերականգնվել:

«Ազատություն»․ - Դուք կարո՞ղ եք դա անել:

Ուորլիք․ - Ես հուսով եմ․․․

«Ազատություն»․ - Հուսով եք․․․

Ուորլիք․ - Գիտեք, դա Մինսկի խմբի անելիքը չէ, մենք գործընթացը դյուրացնողներն ենք: Քաղաքական ղեկավարության գործն է՝ որոշել՝ արդյոք իրենք ցանկանում են կարգավորում գտնել:

«Ազատություն»․ - Մեկ այլ կարևոր հարց: Դուք ներկայացնում եք երկրներ, որոնք անհրաժեշտաբար շատ շահագրգռված չեն․․․ նրանց օրակարգի կարևորագույն խնդիրներից չէ, Լեռնային Ղարաբաղը առաջին հարցը չէ, երկրորդն է կամ երրորդը կամ չորրորդը:

Ուորլիք․ - Կան շատ խնդիրներ․․․

«Ազատություն»․ - Ձեզ պետք է ստանալ ձեր նախագահների աջակցությունը․․․

Ուորլիք․ - Աշխարհում շատ խնդիրներ կան, անշուշտ: Նայեք Ձեր շուրջը, և կան շատ, շատ լուրեր, որ․․․ Համամիտ եմ Ձեզ հետ, որ Լեռնային Ղարաբաղը առաջինը չէ ցուցակում, բայց դա չի նշանակում, որ այն կարևոր չէ: Եվ անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն շատ կարևոր է: Եվ երկարատև խաղաղության ուղի գտնելը ծայրաստիճան կարևոր է, ու Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել: Նայեք, մենք աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, մենք նվիրված ենք այդ ձևաչափին և ուղի գտնելուն: Կարո՞ղ է Միացյալ Նահանգները որևէ բան անել նաև երկկողմ հիմքի վրա: Մենք պատրաստ կանգնած ենք, և կարող եմ ասել, որ մենք կարող ենք ունենալ շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ, որ մենք կարող ենք այստեղ գտնել ճանապարհ դեպի առաջ, և մենք կցանկանայինք գտնել երկարատև կարգավորում․․․

«Ազատություն»․ - Կարո՞ղ եմ այդ մասին մի քիչ ավելի շատ խոսել :

Ուորլիք․ - Անշուշտ:

«Ազատություն»․ - Դուք միշտ ասում եք, ոչ միայն դուք՝ մյուս կողմերը ևս, որ մենք իրոք ունենք․․․ սա եզակի իրավիճակ է, Լեռնային Ղարաբաղը, սա թերևս այն փոքրաթիվ տեղերից է, որտեղ կա փոխըմբռնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, և որ «մենք համագործակցում ենք այստեղ, չկա մի հարց, որի շուրջ մենք կարող ենք վիճել, ուրեմն՝ կա լիակատար փոխըմբռնում»: Ճի՞շտ է դա արդյոք: Իրո՞ք այդպես է: Հայաստանի հանրության մեջ և այլ հանրությունների մեջ ևս որոշակի հոռետեսություն կա, քանի որ չեք կարող լիակատար փոխըմբռնում ունենալ մեկ հարցում և այդքան տարբեր լինել այլ հարցերում:

Ուորլիք․ - Այստեղ ես համաձայն չեմ, քանի որ իրականում մենք շատ լավ ենք աշխատում ռուսների հետ շատ հարցերում: Իմ նախորդ աշխատանքը Աֆղանստանում էր, և կար մեկ այլ հարց, որտեղ մենք իրոք շատ սերտորեն աշխատում ենք, և մեր միջև կա փոխըմբռնում: Սակայն Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չկա: Իմ ռուս գործընկերոջ, իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, ով, ես գիտեմ, հաղորդակցվում և սերտորեն աշխատում է նաև Եվրամիության հետ, մենք աշխատում ենք փոխըմբռնման մթնոլորտում և ցանկանում ենք առաջ շարժվել որպես թիմ՝ ուղի գտնելու, և հուսով ենք նպաստել կարգավորմանը, և դա նաև այն է, ինչ ուզում են կողմերը:

«Ազատություն»․ - Մեկ այլ հարց: Դուք շա՞տ ժամանակ եք ծախսում Լեռնային Ղարաբաղում:

Ուորլիք․ - Շատ:

«Ազատություն»․ - Օրինակ, օրերս դուք շուրջ երկու ժամանոց բանակցություններ ունեցաք [Լեռնային Ղարաբաղի նախագահ] Բակո Սահակյանի հետ, եթե չեմ սխալվում, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: Եվ դուք բանակցեցիք առաջնորդների հետ: Բայց օրերս դուք ավելացրեցիք մեկ այլ խումբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սա դրա մի հետաքրքիր մասն է: Կարո՞ղ եք մեզ ասել մի փոքր ավելին, թե ինչու եք այդքան շատ ժամանակ ծախսում Լեռնային Ղարաբաղում, որևէ նոր բան կա՞:

Ուորլիք․ - Ես միշտ սպասում եմ Լեռնային Ղարաբաղ իմ ճամփորդելուն և այստեղ մարդկանց հանդիպելուն, նրանց տեսակետները լսելուն: Եվ ես կասեի, որ Մինսկի խումբը ուշադրությամբ լսում է, և մենք ցանկանում ենք հաշվի առնել նրանց տեսակետները: Այս այցելության ընթացքում լավ հնարավորություն կար հանդիպելու քաղաքացիական հասարակության հետ և լսելու նրանց տեսակետները: Եվ Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք ոչ միայն ամենաբարձր մակարդակի քաղաքական առաջնորդներին, այլև պետք է բաց լինենք՝ լսելու նաև ժողովրդին: Եվ սա ոչ միայն հենց Լեռնային Ղարաբաղում է, այլ նաև Երևանում է, Բաքվում: Մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը, և ճանապարհը դեպի առաջ, որ նրանք հավատում են, և նրանց մտահոգությունները: Եվ սա լավ հնարավորություն էր Լեռնային Ղարաբաղում՝ լսելու նրանց: Եվ սա առաջին անգամն էր, որ ես հանդիպեցի նրանց հետ, սակայն կարող եմ վստահեցնել, որ վերջինը չի լինի:

«Ազատություն»․ - Դուք նաև զրուցել եք քաղաքացիական հասարակության հետ Ադրբեջանում, այո՞:

Ուորլիք․ -Ես բաց եմ՝ լսելու նրանց և զրուցելու յուրաքանչյուրի հետ: Եվ կարծում եմ՝ դա կարևոր է մեզ համար:

«Ազատություն»․ - Եվ Դուք նաև մասնակցեցիք [Հայաստանի նախագահ] Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը:

Ուորլիք․ - Ես ներկա չեղա այնտեղ, դժբախտաբար, հենց հուղարկավորությանը․․․

«Ազատություն»․ - Ստեփանակերտում․․․

Ուորլիք․ - Սակայն ես հնարավորություն ունեցա զանգահարելու նախագահի հոր այրուն և իմ ցավակցությունները հայտնելու նրան և, անշուշտ, իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նախագահին և նրա ընտանիքին, Հայաստանի ժողովրդին այդ կորստի կապակցությամբ: Ես տեսա նախագահին իր հոր կորստից շատ չանցած, նա շատ սիրալիր գտնվեց՝ հանդիպելով մեզ հետ այն ժամանակ, երբ սգի մեջ է, և ես իմ ցավակցությունը հայտնեցի նախագահին, և մենք մաղթեցինք նրան ու նրա ընտանիքին ամենայն բարիք, և պետք է ասեմ, որ նա հիանալի մայր ունի:

«Ազատություն»․ - Մեկ այլ թեմա, որը այժմ քննարկվում է մամուլում այստեղ և Ադրբեջանում, Թուրքիայի հարցն է: Ավելի վաղ Ձեր արած հայտարարությունում Դուք ասել եք, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ հետո Դուք մեկ այլ հայտարարությամբ հանդես եկաք, խոսեցիք հայկական լրատվամիջոցների հետ՝ ասելով, որ հայ - թուրքական հարաբերությունները կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հետ, բայց կրկին ասացիք, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ: Կարո՞ղ եք պարզաբանել դա: Ի՞նչ եք Դուք հայտարարել:

Ուորլիք․ - Անշուշտ, պարզաբանեմ դա: Մինսկի խումբը մանդատ ունի ԵԱՀԿ-ի երկրներից՝ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և աշխատելու բոլոր կողմերի հետ: Եվ այստեղ որևէ առնչություն չկա Թուրքիայի և նրա տարածաշրջանային հարաբերությունների հետ: Մեր գործն է կենտրոնանալ խաղաղ կարգավորմանը նպաստելու վրա: Եվ ես ցանկանում եմ շատ հստակ լինել այդ կապակցությամբ: Միաժամանակ, Թուրքիան հարևան է, և մենք հասկանում ենք, որ Թուրքիան՝ որպես հարևան, անկասկած, դեր խաղում է տարածաշրջանում: Թուրք - հայկական հարաբերությունները կարևոր են, և մենք ողջունում ենք [Թուրքիայի] արտգործնախարարի այցը այստեղ երկկողմ հիման վրա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, և մենք հուսով ենք, որ այդ երկկողմ բանակցությունները Հայաստանի հետ  արդյունավետ էին և արդյունավետ կլինեն ապագայում:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, երբևէ հանդիպե՞լ եք Դավութօղլուի հետ:

Ուորլիք․ - Ոչ, չեմ հանդիպել:

«Ազատություն»․ - Դուք հանդիպում եք թուրք պաշտոնյաների հետ, այդպես չէ՞: Նկատի ունեմ՝ ոչ միայն Դուք, այլև մյուս համանախագահները:

Ուորլիք․ - Գիտեք, որպես Մինսկի խումբ․․․ Ասեմ, որ որպես Մինսկի խումբ՝ մենք բաց ենք՝ լսելու բոլորին, ինչպես ասացի․․․

«Ազատություն»․ - Հիշում եմ՝ ինչ-որ ժամանակ որոշ խողովակներ կային Իրանի հետ․․․

Ուորլիք․ - Ես չեմ խոսի այդ մասին, քանի որ ներկայումս որևէ խողովակ չկա Իրանի հետ, բայց կասեի, որ որպես Մինսկի խումբ՝ մենք բաց ենք՝ լսելու բոլորին, տարածաշրջանի երկրներին, ԵԱՀԿ-ի անդամներին, քաղաքացիական հասարակությանը, մենք պետք է ընկալունակ լինենք և տրամադրված լսելու, պետք է ձգտենք անել այն ամենը, ինչ կարող ենք անել երկարատև կարգավորմանը նպաստելու համար:

«Ազատություն»․ - Եվ նաև մենք լսում ենք թուրք պաշտոնյաներից, նրանցից ոմանք նույնիսկ հերքում են հայտարարությունները, օրինակ, որ «եթե Հայաստանը վերադարձնի երկու տարածքները, մենք պատրաստ ենք բացել սահմանը Հայաստանի հետ, սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ»: Ի՞նչ եք մտածում այդ կապակցությամբ:

Ուորլիք․ - Դուք պետք է Թուրքիայի՛ հետ խոսեք այդ մասին և նրանց հետ արծարծեք այդ գաղափարները: Ինչպես ասացի, մենք Մինսկի խմբում ենք ոչ թե որոշումներ ընդունելու համար, ոչ թե որևէ առանձին մոտեցում առաջ մղելու և դրա օգտին փաստարկելու համար, մենք այստեղ ենք կարգավորմանը նպաստելու համար: Եվ ես կարծում եմ՝ այդ մասին Դուք պետք է խոսեք համապատասխան կողմի հետ:

«Ազատություն»․ - Վերջին հարցս վերաբերում է Ձեր դիվանագիտական կարիերային: Մենք գիտենք, որ Դուք բազմաթիվ պաշտոններ եք զբաղեցրել, Միջին Արևելքում և Աֆղանստանում՝ Դուք եղել եք այնտեղ Միացյալ Նահանգների առաքելությունում: Պետքարտուղար Ջոն Քերրին, խոսելով Ձեր մասին, ասել է, որ Դուք հմուտ դիվանագետ եք և կարող եք հաջողել: Եվ մենք գիտենք, որ շատ հմուտ դիվանագետներ են եղել [Մինսկի խմբի] համանախագահներ այս բանակցություններում և նրանք ձգտել են, տքնաջան աշխատել են, սակայն հաջողության չեն հասել: Կարող եմ հիշել Քերի Քավանոյին, Սթիվեն Մաննին, կարող եմ հիշել Մեթյու Բրայզային և շատ այլոց, Ռուդոլֆ Փերինային, և նրանք իրոք մեծ աշխատանք կատարեցին, սակայն, Դուք գիտեք, չկարողացան անել որևէ բան: Ինչպե՞ս եք պատրաստվում հաջողել այստեղ, ուզում ենք իմանալ: 

Ուորլիք․ - Շնորհակալ եմ: Գիտեք, մենք շատ-շատ հմուտ դիվանագետներ ենք ունեցել, որոնք աշխատել են այս խնդրի վրա, սակայն խնդիրը ոչ թե հմուտ ամերիկացի, ռուս կամ ֆրանսիացի դիվանագետն է, այլ՝ առաջնորդների քաղաքական կամքը: Եվ եթե կարող ենք օգնել նրանց ճանապարհ գտնել, դա այն է, ինչի համար մենք այստեղ ենք: Եվ դրա համար է, որ ես այստեղ եմ: Ես աշխատանքային կենսագրություն ունեմ, որը, հուսով եմ, կարող է օգնել կարգավորմանը նպաստելուն: Ակնկալում եմ աշխատել բոլոր կողմերի հետ:

«Ազատություն»․ - Եվս մեկ հարց Լեդի Գագայի վերաբերյալ: Մենք տեսել ենք Ձեր լուսանկարը նրա հետ: Որևէ ընդհանուր բան կա՞ Ձեր և Լեդի Գագայի միջև: Կարո՞ղ եք մեզ մի փոքր ավելին պատմել, քանի որ բազմաթիվ մարդկանց անչափ հետաքրքրել են այդ լուսանկարները:

Ուորլիք․ - Նախ և առաջ, շնորհակալություն ինձ Twitter-ում հետևելու համար: Եվ ես հուսով եմ, որ Ձեր ամբողջ լսարանը նույնպես կհետևի ինձ: Իհարկե, ես հնարավորություն ունեցել եմ հանդիպելու Լեդի Գագայի հետ: Բոլորը գիտեն, որ նա ֆանտաստիկ արտիստուհի է, սական չեմ կարծում, թե մարդիկ գիտեն, որ նա նաև շատ լավ անձնավորություն է: Եվ ես հնարավորություն ունեցա հենց այսպես նստելու ու զրուցելու նրա հետ: Եվ, գիտեք, ես բացահայտեցի, որ նա ոչ միայն մեծ արտիստուհի է, այլև իրոք լավ մարդկային էակ և մի անձնավորություն, որի հետ դուք կարող եք նստել ու խոսել և շփվել, և հավանաբար ձեր լսարանը չի գնահատում դա, սակայն երբ անձամբ տեսնում եք նրան․․․

«Ազատություն»․ - Նա բազմաթիվ երկրպագուներ ունի այստեղ, և բազմաթիվ մարդիկ նրան հավանում են:

Ուորլիք․ - Հուսով եմ՝ նա կարող է գալ Երևան, և նա կարող է փայլուն ելույթ ունենալ:

«Ազատություն»․ - Սիրո՞ւմ եք ռոք երաժշտություն:

Ուորլիք․ - Եթե կրկին նայեք Twitter-ում, կտեսնեք ինձ որոշ այլ երաժիշտների հետ: Չեմ հավակնում լինել այլ բան, քան՝ ռոք երաժշտության մեծ սիրահար, և ես հուսով եմ ապագայում հնարավորություն ունենալ ավելի շատ լուսանկարներ տեղադրելու Twitter-ում:

«Ազատություն»․ - Կսպասենք դրանց: Շնորհակալություն, պարոն դեսպան:

Ուորլիք․ - Շնորհակալություն:

«Ազատություն»․ - Շատ շնորհակալություն հարցազրույցի համար:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը