Մատչելիության հղումներ

«Հայաստանը կորցրեց բարեփոխվելու հնարավորությունը»


Լիտվա - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը հարցազրույց է վերցնում իրավապաշտպան Արթուր Սաքունցից և փորձագետ Հրանտ Կոստանյանից, Վիլնյուս, 28-ը նոյեմբերի, 2013թ․
Լիտվա - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը հարցազրույց է վերցնում իրավապաշտպան Արթուր Սաքունցից և փորձագետ Հրանտ Կոստանյանից, Վիլնյուս, 28-ը նոյեմբերի, 2013թ․

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում են Վիլնյուս ժամանած իրավապաշտպան Արթուր Սաքունցը և փորձագետ Հրանտ Կոստանյանը:

Եվրամիության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին բարձրաստիճան պաշտոնյաներից բացի ժամանել են նաև տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնց մասնակցությամբ հինգշաբթի օրը Լիտվայի մայրաքաղաքում ֆորում անցկացվեց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Եվրոպական միության փորձագետ Հրանտ Կոստանյանը իրենց առաջին տպավորություններն ու գնահատականները ներկայացրեցին ֆորումի և ընդհանրապես վիլնյուսյան գագաթնաժողովի վերաբերյալ:

«Փաստորեն, քաղաքացիական հասարակության ֆորումին, նախ, առաջին հերթին, ասեմ, որ ողջունեց Լիտվայի նախագահը՝ շատ կարևոր էր, այսինքն՝ պետության նախագահի մակարդակով կարևորվում է քաղաքացիական հասարակության դերը», - ասաց, մասնավորապես, Արթուր Սաքունցի՝ շարունակելով․ - «Երկրորդը՝ քննարկումների ժամանակ և՛ Մոլդովայի, և՛ Վրաստանի արտգործնախարարները բավական հետաքրքիր ելույթներ ունեցան՝ ներկայացնելով իրենց մոտեցումները և նաև մեր հարցերին պատասխանելով: [Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան] Ֆյուլեն կարևոր մի միտք արտահայտեց, որ իր տարբերություն մինչև այս ժամանակաընթացքը, երբ քաղաքացիական հասարակությունը իմանում էր վերջում ընթացող պրոցեսների մասին, այսուհետև կիմանա ամենասկզբից»:

«Մենք լիարժեք մասնակցում էինք այնքանով, ինչքանով մեր կողմից մեր մտահոգություններն էինք ներկայացնում, մեր դիտարկումներն էինք ներկայացնում, առաջարկություններն էինք ներկայացնում, բայց իրապես ճիշտ է, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ երբ չունեինք համարժեք տեղեկատվություն, մեր արդյունավետությունը բավական նվազ էր», - նշեց հայաստանցի իրավապաշտպանը:

«Մեր մոտ, ցավոք սրտի, այն, որ հասարակությունը նման մասնակցություն չունի, մենք դեռևս անելիք ունենք մեր երկրում, որպեսզի հասարակական պահանջ ձևավորվի, և հասարակության պահանջ ձևավորվի Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի [նկատմամբ]», - ընդգծեց Սաքունցը:

Հրանտ Կոստանյանը, իր հերթին, խոսեց Մաքսային միությանը միանալու որոշում կայացրած Հայաստանի հետագա գործողություններից՝ մասնավորապես, ասելով․ - «Այն, ինչ կորցրեց Հայաստանը, կարծում եմ, նախ և առաջ՝ Հայաստանը կորցրեց բարեփոխվելու հնարավորությունը: Այս համաձայնագիրը շատ մեծ, այսպես ասած, նախագիծ էր, որպեսզի Հայաստանը բարեփոխեր իր տնտեսությունը, իր քաղաքական դաշտը և դրանով իսկ զարգացման հեռանկար ունենար, որպեսզի տնտեսությունը զարգանար, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեին: Եվ սա է, որ ամենացավալին է, որ կորցրեց»:

«Իրավական տեսանկյունից, Հայաստանը կորցրեց շատ կարևոր մի հատկություն՝ դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս իրավունք չունի, չի ունենա Մաքսային միություն մտնելուց հետո, արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու՝ Հայաստանը զրկվում է դրանից», - շարունակեց փորձագետը:

«Դռները բաց է՝ պիտի Եվրամիությունը շարունակի, սակայն որևէ երկիր, երբ դառնում է Մաքսային միության անդամ, նա այլևս ի վիճակի չէ որևէ երկրի հետ բանակցելու առևտրային համաձայնագիր: Դռները բաց են, բայց ոչ՝ առևտրական համաձայնագրի համար», - շեշտեց Կոստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG