Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան


Հայաստան - Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը՝ ազատ արձակվելուց անմիջապես հետո, Երևան, 14-ը հոկտեմբերի, 2013թ․
Հայաստան - Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը՝ ազատ արձակվելուց անմիջապես հետո, Երևան, 14-ը հոկտեմբերի, 2013թ․
Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաև 2011 թվականի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս ակտիվիստները՝ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Պահանջն է՝ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ընդդիմադիրներին արդարացնել:

Այս գործով ծանր մեղադրանքով ավելի քան 2 տարի բանտում մնացած և հոկտեմբերի 14-ին ազատ արձակված Տիգրան Առաքելյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ անմեղ էր ճանաչվել միայն ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մասով, դատարանը նրան արդարացրել էր հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և դիմադրություն ցույց տալով՝ խուլիգանության մեջ մեղավոր ճանաչելով՝ Վերաքննիչը նրան դատապարտել էր 3 տարով և համաներմամբ ազատել պատժից:

«Շատ կոնկրետ խաղ էին իրենք խաղում, մյուս երեք տղաներին պահել էին դրսում, ամեն վայրկյան հետ բերելու սպառնալիքի տակ, իսկ ինձ ուղղակի ազատ չէին արձակում: Խնդիրը հստակ իրենք լուծեցին ներքաղաքական», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Տիգրան Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանի պաշտպանը Վճռաբեկ բողոքի մեջ վկայակոչել է Վերաքննիչ դատարանի մի շարք դատական սխալներ, իրավունքի բազմաթիվ խախտումներ: Պաշտպանը, մասնավորապես, նշել է, որ օգոստոսի 9-ի միջադեպի հետևանքով մեղադրված երիտասարդների արարքները գնահատելիս Վերաքննիչ դատարանը ակնհայտորեն սխալ է կիրառել քրեական օրենքի նորմերը: Ըստ բողոքի՝ «իրենց նկատմամբ կիրառված բռնությանն ի պատասխան ամբաստանյալները դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության, և դա ուղղակիորեն բացառում է նրանց գործողությունները հանցագործություն համարելը»: Սակայն «այս փաստարկը գնահատելիս Վերաքննիչ քրեական դատարանը որևէ գնահատական չի տվել ոստիկանության աշխատակիցների գործողությունների անօրինականության մասին ամբաստանյալների, ինչպես նաև վկաների բացատրություններին և պաշտպանության կողմի դիրքորոշմանը»,- վճռաբեկ բողոքի մեջ գրել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննության առարկա չի դարձել ոստիկանական ավտոմեքենայով Տիգրան Առաքելյանի տեղափոխման անմարդկային պայմանները, նրա նկատմամբ ուժի կիրառման, մասնավորապես առանց որևէ անհրաժեշտության ուղղակի խեղդելու աստիճան ֆիզիկական ներգործության հարցը: Ըստ բողոքի, «այդ գործողությունների հեղինակ ոստիկանը, որը ստացել էր տուժողի կարգավիճակ, փոքր-ինչ օբյեկտիվ քննության արդյունքում կարող էր հեշտությամբ և հաջողությամբ նստել ամբաստանյալի աթոռին»:

Վճռաբեկ բողոքի մեջ ծավալուն անդրադարձ կա քրեական գործի հանգուցալուծման համար բացառիկ նշանակություն ունեցող չեզոք ապացույցին՝ միջադեպի անհետացած տեսագրությանը, որը կատարվել է ոստիկան Շահեն Հարությունյանի հեռախոսով: Վճռաբեկ բողոքի մեջ փաստաբանը գրել է, որ Վերաքննիչ դատարանը հետևողականորեն անտեսել, իսկ որոշ դեպքերում միտումնավոր թաքցրել է ոստիկանների հանցագործությունները փաստող ապացույցները:

«Թույլ տրվեց հարցաքննել Շահեն Հարությունյանին, պարզվեց, որ այդ վկան ստում է, պարզվեց, որ ապացույցը կարելի էր ձեռք բերել, պարզվեց, որ ապացույցով կարելի էր վերարտադրել ողջ միջադեպը», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Վահե Գրիգորյանը, - «Բայց ձեռք չի բերվել նախաքննության, ընդհանուր իրավասության դատարանի նախագահողի, այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կողմից կայացված ապօրինի ակտերի արդյունքում»:

Չեզոք ապացույցի ոչնչացման, ըստ Վահե Գրիգորյանի՝ ոստիկանների ուղղորդված ցուցմունքների հետևանքով ակտիվիստների նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու փաստն է առաջացրել Վճռաբեկ դատարան դիմելու անհրաժեշտություն:

Ինչպես նշված է Վճռաբեկ բողոքի մեջ, «վերջին 4 տարիներին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածը կիրառվել է երեսուն անգամ ավելի, քան Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր մնացած բոլոր 17 տարիներին: Ընդ որում, այն կիրառվել է ճնշող մեծամասնությամբ միայն քաղաքական հակառակորդների կամ նրանց պաշտպանող անձանց դեմ»:

Վահե Գրիգորյանը նշում է, որ Վճռաբեկ դատարանը պետք է նկատի ունենա ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածը որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք ծառայեցնելու հանգամանքը և որոշմամբ կանխի ապագայում ևս նմանատիպ մեղադրանքներ ներկայացնելը հակառակորդների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG