Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները նստացույց են սկսել


Վոլոդյա Ավետիսյանը և նրա մարտական ընկերները Ազատության հրապարակում, մայիս, 2013թ․
Վոլոդյա Ավետիսյանը և նրա մարտական ընկերները Ազատության հրապարակում, մայիս, 2013թ․
Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի` Երևանի Ազատության հրապարակում անժամկետ նստացույց են սկսել նրա մարտական ընկերները։ Պահանջը մեկն է՝ ազատության մեջ տեսնել ընկերոջը:

Նստացույց սկսած մի խումբ ազատամարտիկների շարքերում է Տիգրան Հարությունյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Մենք հայտարարություն ենք տարածել՝ ազատամարտիկների խորհուրդը, որոնք զբաղվում են ազատամարտիկների սոցիալական հարցերով, այսինքն՝ սկզբնական շրջանում էն կորիզը, որ կազմավորվել է, ու անցել ենք ազատամարտիկների սոցիալական հարցերը լուծելուն, էդ կորիզը կանգնած է, էլի շարունակում ենք պայքարը: Մեր ընկերը հիմա գտնվում է կալանավայրում՝ առաջին հերթին, բնականաբար, պիտի պահանջենք նրան ազատություն, որպեսզի դուրս գա, որ պայքարը շարունակվի: Առանց պայքարի մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»:

Նստացույցին միացել են ոչ միայն երևանաբնակ, այլև մարզերի ազատամարտիկները։ Գառնիկ Խչեյանը, ով Վարդենիսից է եկել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց․ - «Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ենք եղել Վոլոդյա Ավետիսյանի հետ և պայքարում ենք Վոլոդյայի դեմ էդ շինծու սարքածի համար: Թե ինչ սարքեցին, իրենք էլ՝ սարքողներն իրենք չգիտեն՝ ինչ են սարքել»:

Խչեյանը նշում է, որ Վարդենիսի ազատամարտիկների մեծ մասն անգործ է, սոցիալական վատ պայմաններում․ - «117 ազատամարտիկ կա, էդ 117-ից կարող է մի 10 հոգի աշխատանք ունենա: Դե, ոսկու հանքն աշխատում է, ոսկու հանքն էլ ընդունում է մինչև 35 տարեկանների՝ 35-ից բարձր չի ընդունում, մի քանի ազատամարտիկի երեխու մի կերպ տվել ենք աշխատանքի ընդունել: Իսկ ազատամարտիկ աշխատող գոյություն չունի Վարդենիսում»:

Այդուհանդերձ, վարդենիսցի ազատամարտիկները հավատում են, որ Ավետիսյանի սկսած գործն արդյունք կունենա։

Խչեյանը համոզմունք հայտնեց, որ պետությունը ունի հնարավորություն՝ բարելավելու ազատամարտիկների վիճակը: «Կառավարությունը հնարավորություն ունի, ասենք, մի օրվա մեջ 5 միլիոնի բենզին վառի՝ գնա էս մարզ, էն մարզ, թող երկու հատ մեքենայով գնա՝ ծախսը չանի էդքան», - ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանը անցած մայիսին ընկերների հետ պայքարի դուրս եկավ ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար։

Շուրջ երկու ամիս առաջ կալանավորված ղարաբաղյան պատերազմի վետերան, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2 հազար դոլար է հափշտակել։ Երկու շաբաթ առաջ էլ մեղադրանքը լրացվեց խարդախության փորձի համար մեղադրանքով։ Սա, ըստ էության, դժվարացնում է նրա՝ համաներմամբ ազատ արձակվելու գործընթացը։

Ինչպես Ավետիսյանը, այնպես էլ նրա մարտական ընկերները հայտարարում են, որ իշխանությունները նրան քաղաքական հայացքների համար են մեկուսացրել։
XS
SM
MD
LG