Մատչելիության հղումներ

Անրի Ռենո. «Եվրամիությունը չի փակել դռները Հայաստանի առջև»


«Եվրամիությունը չի փակել դռները Հայաստանի առջև և շարունակելու է զարգացնել ու խորացնել հարաբերությունները Երևանի հետ հնարավոր բոլոր սահմաններում», - այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Ֆրանսիան գնահատում Մաքսային միությանը միանալու մասին պաշտոնական Երևանի որոշումը:

«Հայաստանի ինքնիշխան որոշումն էր անդամակցել Մաքսային միությանը, որոշում, որը, բնականաբար, հաշվի է առնում իր շահերը, որոշում, որին պետք է հարգանքով վերաբերել: Եվ մենք հարգում ու ընդունում ենք Հայաստանի որոշումը: Բայց միաժամանակ տեղյակ եմ, որ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միշտ են ցանկություն են հայտնել պահպանել և շարունակել իրենց հարաբերությունները Եվրամիության տարբեր ատյանների հետ` այնքանով, որքանով դա համապատասխանում է իրենց կայացման որոշմանը», - շարունակեց Անրի Ռենոն` միաժամանակ հիշեցնելով, որ Մաքսային միությունը չի ենթադրում համագործակցություն մարդու իրավունքների, իրավական պետություն ստեղծելու, արդարադատության ոլորտներում:

Դեսպանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի «Մոսկվայի կողմից բանեցվող ճնշումների մասին»:

Անրի Ռենոն հաստատեց Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեի մոտեցումը. գործող եռանախագահները նույնպես մտածում են Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Դեսպանը համոզված է, որ Երևանում և Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո հարմար շրջան է բանակցությունների նոր թափ հաղորդելու համար:

Անրի Ռենոն հրաժարվեց մեկնաբանել Զորի Բալայանի` Ռուսաստանի նախագահին հասցեագրած նամակը` ասելով, թե չի կարդացել այն. - «Բայց մի բանում ես գործնական համոզված եմ՝ Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների ճակատագիրը չի կարող կախված լինել նամակից: Նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներից շատ բան կախված չէ: Նրանք առաջարկում են լուծումներ, բայց վերջնական որոշում կայացնողը կողմերն են»:

Պատասխանելով հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծին, ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ օրինագիծը հայտնվեց Սահմնադրական խորհրդում ու անվավեր ճանաչվեց, իսկ հիմա նախագահի հանձնառությամբ նոր օրինագիծ է մշակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG