Մատչելիության հղումներ

Արշամյանի և Սաղաթելյանի ծեծի փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել


Հայկակ Արշամյան, Սուրեն Սաղաթելյան
Հայկակ Արշամյան, Սուրեն Սաղաթելյան
Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունում դեռևս քրեական գործ չի հարուցվել, դեպքից անցել է 6 օր։

Հայկակ Արշամյանի և Սաղաթելյանի վրա 6-7 անծանոթ հաղթանդամ տղամարդիկ հարձակվել էին սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, Արշամյանի բնակավայրի մոտ՝ Կողբացու փողոցում գտնվող շենքի բակում, երբ ակտիվիստները Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ցույցից վերադառնալիս են եղել։ Երկուսն էլ ստացել էին մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր տեղեկացանք, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում դեռևս հետաքննություն է իրականացվում։ Հարցին, թե արդյոք չի դանդաղո՞ւմ ակնհայտ ծեծի փաստի առիթով քրեական գործի հարուցումը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից պարզաբանեցին, որ քննությունն ընթանում է քրեադատավարական օրենսգրքի նորմերի համապատասխան և բացառվում է ոստիկանության կողմից որևէ խախտում։

Ծեծի ենթարկված Հայկակ Արշամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանությունից առանձնապես ակնկալիքներ չուներ՝ կարծիք հայտնելով, որ ցանկության դեպքում հանցագործներին բացահայտելը րոպեների գործ կլիներ։

«Հինգ րոպեի գործ էր սա բացահայտելը, որովհետև իմ տան բակից երբ դուրս եք գալիս, Խորենացի փողոցի վրա կան բազմաթիվ նկարահանող սարքեր, կարող էին գնալ ուղղակի նայել, մեքենայի համարները տեսնել, այդ մարդկանց տեսնել և մի քանի րոպեում բերման ենթարկել։ Նրանք Խորենացի փողոցով են հեռացել, Կողբացու կամարից դուրս են եկել Խորենացու փողոց, վազելով գնացին ու հեռացան այդպես։ Այդտեղ պետեկամուտների կոմիտեն է, մյուս կողմում խանութներ կան. դիմացը խանութներ կան, որոնք ունեն տեսախցիկներ»,- ասաց Արշամյանը,- «Կարող էին նաև մեքենաս գոնե զննել, որովհետև մեքենայիս վրա միանշանակ այդ մարդկանց մատնահետքերը մնացած կլինեին, Սուրենին մեքենայի մեջ են ծեծել, բայց այդ գործողությունն իրենք չկատարեցին, նույնիսկ չեկան մեքենան զննելու։ Որովհետև մոտիվացիա չունեն այդ ամեն ինչը բացահայտելու, որովհետև այդ բոլոր թելերը տանում են ուրիշ տեղեր, այդ պատճառով իրենք քայլեր չեն ձեռնարկի, որպեսզի այդ թելերը շարժեն»։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոչ միայն տեսախցիկների տեսագրություններն են ուսումնասիրվել, այլև օգտագործվել են փաստեր հավաքելու բոլոր հնարավորությունները. արդյունքների մասին, սակայն, ոչինչ հաղորդվում։

Անհայտ անձինք Հայկակ Արշամյանի վրա հարձակվել էին թիկունքից. երբ նա բացելիս է եղել ավտոտնակի դարպասները մեքենան կայանելու համար, ակտիվիստին գցել էին գետնին և ծեծել, իսկ Սուրեն Սաղաթելյանին ծեծի էին ենթարկել հենց մեքենայի մեջ ու փախել։ Միջադեպը դիտարկելով Մաքսային միությանն անդամակցության դեմ Երևանում սկիզբ առած ակցիաների համատեքստում, Արշամյանը չէր բացառում առաջիկայում նման նորանոր միջադեպերը։

«Սա ես դրա համար չեմ դիտում զուտ իմ անձի և Սուրենի անձի նկատմամբ բռնություն, սա դիտում եմ որպես շատ խորհրդանշական մեսիջ մնացած բոլորին, ովքեր կփորձեն այս գործընթացներին որևէ ձևով խոչընդոտել, որ «սա է այսուհետ մեր երկրի քաղաքականությունը և այլևս հակառակ ուղղությամբ, խնդրում ենք , մեծ ջանքեր չգործադրել, մենք ընտրել ենք այս ուղին և այս ուղին մեզ համար այս պարագայում և այս պահին անշրջելի է»։ Շատ հնարավոր, է, որ այս ամեն ինչը շարունակվի և նույնիսկ ավելի վատ ձևերով արտահայտվի. ես ինքս շատ օպտիմիստ մարդ եմ, բայց երբ տեսնում եմ գործընթացները, թե հիմա ինչ է լինում՝ ռուս գործարարներ են գալիս Հայաստան հանկարծ, ռուսական չինովնիկները սկսում են միանգամից արտահայտվել այս գործընթացների մասին, Հայաստանը համեմատում են Կալինինգրադի մարզի հետ... Դա նշանակում է, որ սա լավ մշակված ռուսական կայսերապաշտական քաղաքականություն է, և, իհարկե, շատ դժվար է դիմագրավել այդ ամեն ինչին»,- ասաց Արշամյանը։

Ի դեպ, հայաստանյան երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, նպատակ ունենալով կառույցի ուշադրությունը հրավիրել և Հայկակ Արշամյանի ու Սուրեն Սաղաթելյանին գործին, և վերջին շրջանում խաղաղ հավաքների այլ մասնակիցների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին, որոնք նամակի հեղինակների կարծիքով, իրականացվում են քրեական տարրերից կազմված հատուկ խմբերի կողմից՝ ոստիկանության թողտվությամբ։

«Քանի որ Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակում, մեր նամակի նպատակն է զեկուցողներին հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք տեղում ծանոթանան իրավիճակին և զեկույցով հանդես գան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Սոնա Այվազյանը։

Ոստիկանությունը հերքում է հասցեագրվող բոլոր մեղադրանքները՝ հիմնազուրկ որակելով հովանավորվող խմբերի մասին պնդումները։ Քիչ առաջ տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել օգոստոսի 25-ին քաղաքապետարանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա հարձակման փաստի առիթով՝ ծեծի հատկանիշներով։ Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ բոլոր բռնարարքների գործերով կատարվում է քննություն։ «Չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում»,- հայտարարում է ոստիկանությունը։
XS
SM
MD
LG