Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ «Մաքսային միությունը Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ելույթի ժամանակ, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ելույթի ժամանակ, արխիվ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվել է Ռուսաստանի վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 9-ին խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ Հայասատնի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առարկայական բանակցությունները կարող են սկսվել արդեն հոկտեմբերին:

Ըստ Շուվալովի, սեպտեմբերի 25-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գերագույն խորհրդի նիստը` վարչապետերի մակարդակով, որտեղ, եթե բոլոր կողմերը նախնական համաձայնության գան Հայաստանի Հանրապետության հետ գործակցության վերաբերյալ, ապա համապատասխան զեկույց կպատրաստվի երեք երկրների նախագահների համար, իսկ հոկտեմբերին, երբ կանցկացվի Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը արդեն նախագահների մակարդակով և հարցը այնտեղ էլ կհամաձայնեցվի, այդժամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կսկսի բուն բանակցությունները Հայաստանի հետ:

«Արդեն իսկ հասկանալի է, որ դա շատ դժվար աշխատանք է լինելու», - հայտարարել է Շուվալովը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է միանա Մաքսային միության օրենսդրությանը, պարտավորություններ վերցնի միասնական մաքսատուրքի և այլնի վերաբերյալ, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի:

Շուվալովի խոսքով` ինտեգրացման առաջին մակարդակի հիմնական դրույթները կարելի է համաձայնեցնել արդեն մինչև մյուս տարվա մայիս:

Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանության է արժանացնում Մաքսային միություն մտնելու Հայաստանի ցանկությունը: Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունի, համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, իսկ Մաքսային միությունը, ըստ Մեդվեդևի, Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի:

«Հայաստանի հարցը, սակայն, յուրահատուկ է, քանի որ ներկայումս Հայաստանը չունի սահմաններ Մաքսային միության երկրների հետ», - հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ղրղըզստանի հետագա ինտեգրացիային, սակայն կարևորն այն է, որ հենց այդ երկրները ձեռնարկեն ինտեգրացիայի համար անհրաժեշտ գործողությունները:

Այն, որ Մաքսային միությունն ու Եվրամիությունը անհամատեղելի են, երեկ հայտարարել է նաև Դմիտրի Մեդվեդևը՝ շեշտելով, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, ապա Մաքսային միություն մուտքը այդ երկրի համար կփակվի:

Ռուսաստանի վարչապետը ընդգծել է, որ այստեղ չպետք է լինեն պատրանքներ, քանի որ իրավիճակը բավականաչափ պարզ է` Եվրամիության երկրների հետ համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո իրենց ուկրաինացի գործընկերները Մաքսային միություն չեն կարող մտնել:

Մեդվեդևը հավելել է, որ սա առանցքային քաղաքական ընտրություն է, որն այսօր կատարում է Ուկրաինայի ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG