Մատչելիության հղումներ

Տնօրենը պնդում է, որ Ավանի հոգեբուժարանում մարդկանց ծեծի չեն ենթարկում


Տնօրենը պնդում է, որ Ավանի հոգեբուժարանում մարդկանց ծեծի չեն ենթարկում
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Հակոբյանը հերթական անգամ չի թույլատրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տեսակցել արդեն 24-րդ օրը հոգեբուժարանում իր կամքին հակառակ պահվող Ամալյա Նազարեթյանին` պնդելով, թե տարեց կնոջ առողջական վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ նա օրերս հանդիպել էր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ

Ամեն անգամ պատմելով, թե ինչ է իր կարծիքով կատարվել իր հետ, տիկին Ամալյան վերապրում է այդ ամենը, պնդեցին Արեգա Հակոբյանն ու նրան բուժող բժիշկը:

Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավարը պնդում է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի` անկախ այն բանից, թե ինչ են ասում հարեւաններն ու բարեկամները: Հակոբյանն ասում է, որ դա ոչ լրագրողների եւ ոչ էլ հարեւանների որոշելու հարցն է, կան մասնագետներ: Հակոբյանը մեղադրում է լրագրողներին` ասելով, թե նմանատիպ պատմությունների շուրջ աղմուկ ստեղծելով վտանգի տակ է դրվում հանրության վստահությունը դեպի այս կառույցը, եւ մարդիկ կվախենան իրենց կամքով դիմել հոգեբուժարան: Իսկ դիտարկմանը` չէ՞ որ աղմուկը հենց այսպես չի առաջանում եւ այսօրվա իրականությունը, որտեղ փողն ու հեղինակությունը կարող են հարցեր լուծել, մտահոգվելու եւ անհանգստանալու պատճառ է դառնում, Հակոբյանը այսպես արձագանքեց. - «Երբեւէ չի եղել, որ որեւէ անձի համար, ով առողջ է, զանգահարի որեւէ մեկը եւ ասի` էդ մարդուն պահեք ձեզ մոտ: Սովետական միության ժամանակվանից ընդունված է եղել, որ հոգեբուժությունը պատժամիջոց է, բայց մենք այսօրվա հոգեբուժության մասին ենք խոսում»:

Իսկ այսօրվա հոգեբուժությունը, ըստ Հակոբյանի, իր կամքին հակառակ մարդուն չի պահի հոգեբուժարանում, այլ միայն նրանց, ովքեր հարկադիր բուժման կարիք ունեն: Իսկ տիկին Ամալյան հենց այդ դեպքն է, ասում է կլինիկայի ղեկավարը եւ շարունակում` թեեւ տիկին Ամալյայի ագրեսիվ պահվածքը նվազել է, սակայն զառացանքը դեռ շարունակվում է: Հարցին` եթե կինը ոչ մեկին վնաս չի հասցրել, ինչո՞ւ են նրան հարկադիր բուժման ենթարկում, Հակոբյանը պատասխանեց. - «Եթե հիվանդին բերել են, արդեն հասցրել են մեզ մոտ եւ մենք տեսնում ենք, որ նա կարող է վտանգ ներկայացնել, մենք չպետք է սպասենք, որ նա գնա որեւէ մեկին վնաս տա, նոր բերենք, սկսենք բուժումը»:

«Հենց այսպիսի հիվանդները, որոնք զառանցական խանգարում ունեն, շատ անգամ շրջապատի կողմից ընկալվում են որպես նորմալ մարդիկ, քանի որ իրենց զառանցանքը սովորաբար լոկալիզացվում է կոնկրետ մարդկանց նկատմամբ եւ մնացած մարդկանց նկատմամբ նրանք կարող են լինել շատ սիրալիր, շատ բարի», - ասաց Հակոբյանը:

Փաստորեն այս դեպքում Ամալյա Նազարեթյանի սիրալիր վերաբերմունքին չեն արժանացել «Իդեալ» խանութն ու «Կոմիտաս» սրճարանը: Իսկ նման դեպքերում բժշկության մեջ արդյոք չի բացառվո՞ւմ այն հանգամանքը, որ մարդուն իրոք սպառնացել են, վախեցրել են, այլ կերպ ասած հասցրել են այնպիսի վիճակի, որ վերջինս խնդիր ունենա ոչ թե, ասենք, թե դրկից հարեւանուհու հետ, այլ իր ներքեւի հարեւան «Իդեալի» հետ: Հակոբյանը չհերքեց այս տեսակետը, թեեւ ասաց` դա իրենց ուսումնասիրությունից դուրս է:

Անդրադառնալով Նազարեթյանի այն հայտարարություններին, թե իրեն ծեծել են հոգեբուժարանում, այս կառույցի ղեկավարը պնդեց, որ դա նույնպես զառացանքի հետեւանք է:

«Ավանի հոգեբուժական կլինիկայում ծեծի չեն ենթարկում, սոված չեն պահում որեւէ մեկին: Եթե հիվանդապահներից որեւէ մեկը ծաղրանք կամ բռնի ուժ կիրառի, անձամբ ես կհանձնեմ նրան իրավապահ մարմիններին», - ասաց նա:

Հունիսի 5-ին հերթական անգամ հանձնաժողով կկազմվի` Նազարեթյանին զննելու համար: Հենց այդ օրն էլ կորոշվի դուրս գրել տիկնոջը հոգեբուժարանից, թե ոչ: Սակայն ըստ բժիշկների` նա դեռ բուժման կարիք ունի:

Թեպետ հոգեբուժարանի աշխատակիցները պնդում են, որ ոչ մի օրենք չի խախտվել, որ կինը, իրոք հիվանդ է, այդուամենայնիվ, հանրության շրջանում Նազարեթյանի հետ տեղի ունեցածը բողոքի ալիք է բարձրացրել: Մի խումբ ակտիվիստներ նույնիսկ պատրաստվում են հունիսի 5-ին բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Իսկ Հելսինկյան ասոցիացիան պատրաստվում է փաստաբան տրամադրել տիկնոջը, եթե իհարկե, հարազատներից մեկը միջնորդի: Այդ հարազատը պետք է լիներ քույրը` Գայանեն, ում զանգին այսօր ամբողջ օրը սպասել է իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն ապարդյուն:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություներով` այսօր տիկին Գայանեն հրավիրվել էր ոստիկանություն: Ոստիկանության լրատվական բաժնից ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին այս լուրը:
XS
SM
MD
LG