Մատչելիության հղումներ

41-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային


41-ամյա կինը, ով արդեն մեկ թոռնիկ ունի, երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 12-րդ երեխային՝ 5-րդ դստերը:

10-ից ավելի երեխաներ ունենալը զրուցակցիս ամուսնու նպատակն է եղել: Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ ամուսինը, մարտի դաշտում կորցնելով ընկերներին, որոշել է բազմազավակ հայր դառնալ, որպեսզի կորցրած ընկերների անուններով կոչի իր երեխաներին: Ծնարանում ներկա ամուսինը բուժանձնակազմին ասել, է որ եւս 3 երեխա ունենալու ցանկություն ունի: Կինը՝ Արմենուհին դեմ չէ, եթե միայն առողջական վիճակը ների:

Ռաֆայել, Ռոբերտ, Քնարիկ, Սեւադա, Ջիվան, Համլետ, Տաթեւիկ, Տիգրան, Տիգրանուհի, Էմանուլե, Մելինե.. նրանք բոլորն «Արաբո» գումարտակի ազատամարտիկ Գագիկի եւ Արմենուհու երեխաներն են, որոնց երեկ միացել է նաեւ փոքրիկ Անահիտը: Փոքրիկը տանը դեռ իր մահճակալը չունի, ծնողները հույս ունեն, որ 12-րդ երեխայի համար հատկացվելիք 400 հազար դրամը շուտ կստանան եւ կհասցնեն մինչեւ հիվանդանոցից դուրս գրվելը գնել մահճակալը:

Այս ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 130 հազար դրամ, որից 60 հազարը աղքատության նպաստն է, 70 հազարը՝ ընտանիքի հոր՝ 2-րդ խմբի պատերազմի հաշմանդամ, ֆիդայի Գագիկի թոշակն է, որով մի կերպ կարողանում է գնել իր բուժման համար անհրաժեշտ դեղերը: Որեւէ աջակցություն, անգամ կոմունալ ծախսերի զեղչի տեսքով ընտանիքը չունի: Արմենուհին խնդրանքով դիմել է նաեւ ՀՀ նախագահին: Արմենուհին ասաց, որ նախագահի ստորագրությամբ հետադարձ նամակը ստացել են, թե խնդիրներին լուծում կտրվեն, բայց մինչեւ հիմա ոչ մի օգնություն ու աջակցություն դեռ չունեն:

Արմենուհին 12 երեխաներից 2-ին ծննդաբերել է տնային պայմաններում, երբ ամուսնու ցանկությամբ բնակվելիս են եղել Լաչինում, որի ազատագրմանը մասնակցել է նաեւ ամուսինը: Ընտանիքը մեծ հույս ու երազանք ունի, որ եւրբեւէ առավել բարվոք պայմաններում կապրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG