Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը «մնում է քաղաքականության մեջ»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին, մարտի 1, 2012
Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին, մարտի 1, 2012
Արձագանքելով առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը` Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այդ որոշումը «քաղաքականությունից դուրս գալ չի նշանակում»:

«Նման բան գոյություն չունի. սա ընդամենը որոշում է չառաջադրվելու մասին: Բայց ինքը մնում է քաղաքականության մեջ, այս հինգ տարվա պայքարը շարունակվում է, շարժումը շարունակելու է անել իր գործը եւ Տեր-Պետրոսյանն էլ հետը: Շատերը կուզեին դա ներկայացնել որպես իր քաղաքական գործունեության ավարտ կամ հեռանալ: Դա այդպես չէ», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե իսկ ինչպե՞ս է մնալու, ինչպե՞ս է Կոնգրեսը շարունակելու իր գործունեությունը, Կոնգրեսի համակարգողը պատասխանեց. - «Ես հիմա չեմ ցանկանում որեւէ կանխագուշակում անել, առավել եւս, որ նման հարցեր դեռ չեն քննարկվել, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ պահից, այո, կվերսկսվեն հանրահավաքներ, մենք լրջագույն խնդիրներ ենք դնելու: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Հայաստանը, այնուամենայնիվ, շատ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու գլխավոր փաստարկն այն էր, որ «68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը», հետեւաբար, ՀՀ առաջին նախագահը ընդգծել էր իրենից ավելի երիտասարդների «ասպարեզ իջնելու անհրաժեշտությունը»: Ասվածը Լեւոն Զուրաբյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել` խորհուրդ տալով «ուշադիր կարդալ հարցազրույցը»:

«Այնտեղ հստակ բացատրվում է նաեւ, որ դա միակ պատճառը չէ», - ասաց նա:

Հարցին, թե չի բացահայտվելո՞ւ Տեր-Պետրոսյանի մատնանշած հաջորդ «զուտ տեխնիկական պատճառը», (որը նա չէր ցանկացել նշել` «ցինիկ արձագանքներից խուսափելու համար») Կոնգրեսի համակարգողը պատասխանեց. - «Ինձ թվում է, դա բավականին թափանցիկ ակնարկ է, որը կամ պետք է հասկանալ, կամ հաշտվել չհասկանալու հետ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումից հետո ընդդիմադիր Կոնգրեսի պառակտման վտանգ Լեւոն Զուրաբյանը չի տեսնում, չի կանխատեսում նաեւ զանգվածային հիասթափություններ: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի առաջադրվելը ցանկացող համակիրներին «ինչ-որ հարված կա, բայց դրանք շատ հեշտ հաղթհարելի զգացումներ են, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ դրանով ոչ պայքարն ավարտվեց, ոչ էլ վերջ դրվեց ինչ որ մի դարաշրջանի»:

«Կարող է լինել որոշակի արտահոսք, բայց պառակտում ես բացառում եմ: Որովհետեւ ի վերջո 2007 թվականից հետո քաղաքականություն Տեր-Պետրոսյանի մուտքով ձեւավորվել է այս հզոր շարժումը, եւ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ անգամ այս որոշումից հետո շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ: Եվ ամենակարեւորը` շարժման ներսում կա շատ հստակ, առողջ, կուռ թիմ, որը միավորում է շարժման պոտենցիալի, երեւի 90 տոկոսը: Դա այն մարդիկ են, որոնք գիտեն, որ գոյություն ունի ներքաղաքական պայքարի մի թիրախ` դա այն ռեժիմն է, որի դեմ մենք պայքարում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ամենամեծ նվերը, որ կարելի է մատուցել իշխանություններին, դա այն է, որ ընդդիմադիրների միջեւ սկսվեն փոխադարձ մեղադրանքներ կամ քննադատություն: Նման բան այդ առողջ կորիզը երբեք թույլ չի տա», - ասաց նա:

Կոնգրեսի համակարգողը նաեւ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, որեւէ որոշում չկա, բայց «քննարկումները չեն կարող երկար ձգձգվել»: Նշենք, որ այսօր ավելի ուշ ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ է անցկացրել Կոնգրեսի անդամ կուսակցությունների մասնակցությամբ, եւ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։ Կոնգրեսի որոշումը կհրապարակվի վաղը:

Անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե «վատ չէր լինի», եթե Կոնգրեսն իրեն սատարեր», դիտարկմանը Զուրաբյանը հակադարձեց. - «Այդ հայտարարությունը կարելի է ընդունել ի գիտություն, բայց որոշողը Կոնգրեսն է»:

Նա ձեռնպահ մնաց առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու` Հրանտ Բագրատյանի որոշման վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից:

«Կարծում եմ` իմ վերաբերմունքն այստեղ որեւէ նշանակություն չունի: Կարեւորը Կոնգրեսի անդամ կուսակցություններից բաղկացած քաղխորհրդի որոշումն է», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Տեր-Պետրոսյանի որոշումը ՀՀԿ-ին «չի ուրախացրել»

Իշխող Հանրապետական կուսակցությանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանի որոշումն իրենց չի ուրախացրել:

«Ուրախանալ-չուրախանալու խնդիր չունենք մենք: Տեր-Պետրոսյանը կառաջադրեր, թե չէր առաջադրի թեկնածությունը, դրանից մեր պլաններն ու մեր շանսերը չէին փոքրանա, դա բոլորը գիտեին: Որովհետեւ ՀԱԿ-ը սպառել էր իր քաղաքական կապիտալը: Դա փաստ է: Տեր-Պետրոսյանը 10 տոկոս կհավաքեր, թե 15 տոկոս, դա այդքան էական չի, էականն այն է, որ Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ պայքարը երկրորդ տեղի համար է գնում: Բոլորն են հասկանում, որ, իրոք, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Եվ Տեր-Պետրոսյանը, լինելով առաջին նախագահ, լինելով ընդդիմության առաջնորդ, չցանկացավ լինել սովորական ինչ-որ պարտվողի դերում: Որովհետեւ այս ընտրությունները էականորեն տարբերվելու են 2008-ի ընտրություններից: Նա երկու անգամ ֆիասկո ապրեց. առաջին անգամ ավագանու ընտրություններին, երկրորդ անգամ պառլամենտական ընտրություններին, երրորդն արդեն ավելորդ կլիներ: Նա չուզեց ծեծված գնալ քաղաքական դաշտից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«68 տարեկանը դա առիթ էր, բայց այդ առիթն էլ ընտրված էր անհաջող», - հավելեց Շարմազանովը. - «Հիշեցնեմ իրեն. Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահ է աշխատել մինչեւ 1995 թիվը, նա 1916 թվի ծնված է, Ժակ Շիրակը երկրորդ անգամ վերընտրվել է 2002 թվականին` 70 տարեկանում»:

Լայնորեն շրջանառվող այն մեկնաբանություններին, որ առաջիկա ընտրությունները, ըստ էության, լինելու են ոչ թե համապետական ընտրություն, այլ Հանրապետական կուսակցության ներքին ընտրություն, ՀՀԿ-ն իր անդամների մեջ քվեարկություն է անցկացնելու եւ հայտարարելու է այդ քվեարկության արդյունքները, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. - «Իհարկե համաձայն չեմ. սիրելիներս, իշխանությունը մեղավոր չի, որ ընդդիմությունը ընդդիմադիր պայքարը գլխավորելու կամ ծավալելու փոխարեն, իրենք իրար մեջ ինչ-որ միջանձնային կամ ստվերային խնդիրներ էին լուծում, որ ընդդիմությունը կուլիսային ու ստվերային խաղերին այդքան մեծ տեղ էր տվել: Իշխանությունը մեղավոր չի, որ դուք չեք կարողացել միավորվել եւ որ դուք չեք ունեցել ինչ-որ ծրագրային մի գաղափար: Դա ձեր պրոբլեմն է: Բայց այն, որ իրոք, այս ընտրությունը լինելու է մրցակցային, ալտերնատիվ-գաղափարական, ասեմ` ազգային պահպանողականության բեւեռը ի դեմս Սերժ Սարգսյանի է թեկնածություն դնում, ազգային-ազատական բեւեռը` Րաֆֆի Հովհաննիսյան, լիբերալ բեւեռը, որ ուզում է լիբերալներին միավորել` Հրանտ Բագրատյան: Այսինքն բացի «Բարգավաճ Հայաստան»-ից, պառլամենտում ներկա բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն կերպ ակտիվ ներգրավված են քաղաքական պրոցեսներում, ի՞նչ է եղել»:
XS
SM
MD
LG