Մատչելիության հղումներ

10 տարում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել շուրջ 20 հազար հայաստանցի


ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում
ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում
Ամերիկյան ընտրողների շրջանում հայազգի քվեարկողների թիվը 10 տարում զգալիորեն ավելացել է: Սա են վկայում Մարդահամարի ամերիկյան բյուրոյի պաշտոնական կայքում տեղադրված տվյալները, որոնց համաձայն` 2001-2010 թվականներին Հարավային Կովկասի երեք պետությունների բնակիչներից առավել հաճախ ամերիկյան քաղաքացիություն են ստացել Հայաստանում ծնվածները:

Դիտարկված 10 տարիների ընթացքում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվածներից 19 հազար 469-ը ամերիկյան անձնագիր է ստացել: Համեմատության համար` նույն ժամանակահատվածում ամերիկյան անձնագիր ստացած վրացիների թիվը 5 հազար 840 է, իսկ ադրբեջանցիներինը` 9 հազար 300:

Ի դեպ, հարկ է նշել, որ ամերիկյան անձնագիր ստացող հայաստանցիների թիվը տարեցտարի աճում է: Եթե 2007-ին նրանց թիվը կազմում էր 1 500, ապա 2010-ին այդ ցուցանիշը արդեն հասել էր 3 հազարի:

ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն` այսպես կոչված «գրին քարտ» ստացածների քանակով եւս Հայաստանից արտագաղթածները առաջին տեղում են: 2001-2010 թվականներին «գրին քարտ» է ստացել Հայաստանի շուրջ 30 հազար քաղաքացի: Այս առումով ռեկորդային է եղել 2006 թվականը, երբ «գրին քարտ» ստացած մեր հայրենակիցների թիվը գերազանցել է 6 հազարը:

10 տարում «գրին քարտ» ստացածների թիվը վրացիների պարագայում կազմում է 13, իսկ ադրբեջանցիների դեպքում` 11 հազար:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում բնակվող կովկասցիների ընդհանուր թվաքանակին, ապա այս դեպքում էլ հայ համայնքի ներկայացուցիչների թիվը գերազանցում է Ամերիկայում ապրող բոլոր վրացիներին ու ադրբեջանցիներին միասին վերցված: Ավելին, ըստ պաշտոնական տվյալների, ամերիկահայ համայնքի ընդհանուր թվաքանակը 2010-ին կազմել է 536 հազար մարդ, մինչդեռ ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիներն ընդամենը 23 հազարն են, վրացիները` 16 հազարը:

Այսպիսով, ըստ ԱՄՆ-ի մարդահամարի գրասենյակի տվյալների, երկրի տարածքում ապրող հարավկովկասցիների ավելի քան 90 տոկոսը հայկական ծագում ունի: Հայ համայնքը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից սերող ազգային խմբերի թվում երրորդն է`զիջելով միայն Ռուսաստանից եւ Ուկրաինայից արտագաղթածներին: Ամերիկյան կառավարության տվյալներով` Միացյալ Նահանգներում այս պահին ռուսաստանյան ծագում ունեցողների թիվը գերազանցում է 3 միլիոնը, իսկ Ուկրաինայից արտագաղթածներինը մոտենում է 1 միլիոն 300 հազարին:

Ի դեպ, հայերն առաջատար դիրք ունեն ոչ միայն հետխորհրդային տարածքից, այլեւ Մերձավոր Արեւելքից եւ Հարավարեւմտյան Ասիայի պետություններից ԱՄՆ տեղափոխվածների համեմատ: ԱՄՆ-ում բնակվող համայնքների թվաքանակով հայերին գերազանցում են միայն իրանցիներն ու պակիստանցիները. իրանական ծագում ունեցող ամերիկացիների թիվը 2010-ին կազմում էր 820 հազար, իսկ պակիստանցիներինը`ավելի քան 600 հազար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG