Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 20:39

Միջազգային

Գուդկովի հեռացումը սպառնում է ապակայունացնել Դուման

Նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը ելույթ է ունենում «Միլիոնների երթում», 9 սեպտեմբեր, 2012
Նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը ելույթ է ունենում «Միլիոնների երթում», 9 սեպտեմբեր, 2012
Ընդդիմադիր պատգամավոր Գենադի Գուդկովին խորհրդարանական գործունեությանը զուգահեռ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Պետական դումայից հեռացնելը սպառնում է ապակայունացնել Ռուսաստանի ողջ օրենսդիր մարմնի գործունեությունը։

Գուդկովի դաշնակիցները կազմել են իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների ցուցակ, որոնք, ունենալով Պետդումայի մանդատ, բիզնեսով են զբաղվում։ Ստեղծված իրավիճակը, ըստ վերլուծաբանների, կարող է քաոսային դառնալ Դումայի համար։ Նրանց կանխատեսմամբ՝ Գուդկովին օրենսդիրից հեռացնելը գուցե նախադեպ դառնա եւ բարդ իրավիճակի առջեւ կանգնեցնի օրինախախտ խորհրդարանականներին, մասնավորապես, իշխող կուսակցության պատգամավորներին։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Գենադի Գուդկովը զրկվեց պատգամավորական մանդատից անցած շաբաթ: Իշխող կուսակցությունը ներկայացնող օրենսդիրները պնդում էին, որ պատգամավորը կոպտորեն խախտել է երկրի օրենսդրությունը՝ ներգրավվելով շինանյութի առեւտրով զբաղվող մի կազմակերպության կառավարման խորհրդում։ Գուդկովի դաշնակիցները հակադարձում են, թե պատգամավորը պատժվեց ընդդիմադիր գործունեության, ավելի կոնկրետ` նախագահ Պուտինի հասցեին պարբերաբար հնչեցրած խիստ քննադատության համար։ Եթե սա քաղաքական հետապնդում չէ, ապա բիզնեսով զբաղվող «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորները եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդգծում են «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի պատգամավորները։

Մոսկվացի փորձագետ Օլգա Կրիշտանովսկայան ասում է, որ ստեղծված իրավիճակը խախտել է պայմանավորվածությունները քաղաքական վերնախավում:

«Բարձագույն իշխանությունն այեւս չի կարողանալու երաշխավորել իր դասակարգի անձեռնմխելիությունը ոչ ընտրությունների ժամանակ, ոչ էլ նման որեւէ այլ իրավիճակում, երբ կսկսվեն ուսումնասիրություններ, հետաքննություններ։ Այս ամենի հետեւանքով Կրեմլի եւ քաղաքական դասի փոխհարաբերությունները փոխվելու են։ Սա շատ բարդ եւ երկար գործընթաց է, փոխվում է իշխանությունների քաղաքական գիծը», - ասում է Կրիշտանովսկայան:

Փորձագետը հիշեցնում է, որ Կրեմլը իր համախոհներին որպես կանոն իրավասությունների լայն շրջանակ է տրամադրում՝ աչք փակելով իրավախախտումների վրա: Կրիշտանովսկայայի կարծիքով` այժմ իրավիճակը կփոխվի:

«Հնարավոր է` իշխանության ներսում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, երբ վերնախավն ինքը ստիպված է փոխել խաղի կանոնները ոչ միայն ընդդիմության, այլեւ հենց ինքն իր համար», - ասում է փորձագետը:

Պետդումայի հանձնաժողովը, որը վերահսկում է պատգամավորների եկամուտների եւ կոմերցիոն գործունեության վերաբերյալ տվյալների ճշմարտացիությունը, այսօր դռնփակ նիստում ուսումնասիրում է իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության հինգ պատգամավորների փաստաթղթերը։ Իշխանամետ «Իզվեստիան» գրել է, որ այս հինգ պատգամավորներից Ալեքսեյ Կնիշինը կարող է իշխող կուսակցությունից առաջինը հայտնվել զոհասեղանին։ Մանդատը վայր դրած Գենադի Գուդկովի որդին` «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի պատգամավոր Դմիտրի Գուդկովը, Կնիշին մեղադրում է, որ չի հայտարարագրել ձեռնարկությունները Սլովակիայում եւ բնակարանները Մայամիում։

Որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ` այս լարվածության հետեւանքով կարող է անգամ խորհրդարանը ցրվել եւ նոր ընտրություններ նշանակվել։ Սրանով փաստորեն ընդդիմությունը որոշակի հաղթանակ կտոնի, քանի որ պնդում է, թե դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձայների որոշիչ մեծամասնությունը ստացավ «Եդինայա Ռոսիա», անցել են լայնածավալ կեղծիքներով։ Իշխող խմբկացության նախկին պատգամավոր, իշխանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովն ասում է՝ այս սցենարը ծայրահեղ քիչ հավանական է, միեւնույն ժամանակ հավելելով, թե ընդդիմադիրների հայտարարած այսպես կոչված «կոմպրոմատների պատերազմը»՝ հրապարակային մեղադրանքներով, նյարդայնացնում է «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներին:

«Նրանց երկու երրորդը բիզնեսով է զբաղվում, եւ նրանք անձնական վտանգ են զգում։ Պատգամավորները հասկանում են, որ այս պատերազմում կարող են պատահական զոհեր լինել, - ասում է Մարկովը։

56-ամյա Գուդկովը ռուսական ԿԳԲ-ի նախկին գնդապետ է, ընդդիմության շարքերն է անցել անցյալ տարվանից՝ ակտիվորներին ներգրավվելով հակակառավարական ցույցերին։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը