Մատչելիության հղումներ

Երեխաների մասին բանաձեւը տարաձայնություններ է առաջացրել ՄԱԿ-ի ԱԽ-ում


Սիրիական պատերազմի պատճառով փախստական դարձած երեխաները ապաստանել են դպրոցում, Մազեհ, 16-ը սեպտեմբերի, 2012
Սիրիական պատերազմի պատճառով փախստական դարձած երեխաները ապաստանել են դպրոցում, Մազեհ, 16-ը սեպտեմբերի, 2012
Պատերազմի ժամանակ երեխաներին պաշտպանելու մասին բանաձեւը լուրջ տարաձայնություններ է առաջ բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Քվեարկության ժամանակ կառույցի 15 անդամներից չորսը՝ այդ թվում Ադրբեջանն ու Ռուսաստանը, նախաձեռնությունը չեն սատարել եւ որոշել են ձեռնպահ քվեարկել:

Փորձագետները եւ արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երեխաների պաշտպանությանը վերաբերող բանաձեւին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որեւէ անդամ չի միանում, մինչդեռ այս դեպքում ձեռնպահ է քվեարկել ոչ թե մեկ, այլ միանգամից չորս պետություն։

Տարաձայնությունների պատճառ դարձած փաստաթուղթը պահանջում է պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն միջազգային օրենքն ու ռազմական հակամարտության մեջ կներքաշեն երեխաներին, նրանց նկատմամբ բռնություններ կգործեն, կամ թիրախ կդարձնեն դպրոցներն ու հիվանդանոցները։ Նույն բանաձեւով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաեւ իրավունք է տալիս կառույցի երեխաների պաշտպանությամբ զբաղվող հանձնակատարին այս հարցի շուրջ ուսումնասիրություններ կատարել ցանկացած երկրում ու հակամարտության գոտում։ Նշենք, որ փաստաթղթին չմիացած երկրները, այդ թվում Ադրբեջանը, հիմնականում ընդդիմացել են հենց այս դրույթին եւ պահանջել, որ ՄԱԿ-ի հանձնակատարի լիազորությունները սահմանափակվեն, եւ նա, մասնավորապես, իրավունք ունենա զբաղվել միայն այն հակամարտություններով, որոնց կարգավորման համար ՄԱԿ-ը մանդատ է տվել։

«Մենք պարտավոր ենք խստորեն հետեւել կանոնադրությանը», - հայտարարել է խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը: «ՄԱԿ-ի մանդատը չի կարող կամայականորեն մեկնաբանվել», - իր հերթին պնդել է Չինաստանի ներկայացուցիչը: Առարկություններ է ներկայացրել նաեւ Ադրբեջանը: Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրել են այս երկրներին` երեխաների շահերը քաղաքականությանը ծառայեցնելու եւ իրավունքները չպաշտպանելու համար։

«Պատերազմից տուժած երեխաների համար միեւնույնն է՝ նրանց երկիրը ներառված է Անվտանգության խորհրդի օրակարգում, թե ոչ։ Փոխարենը նրանք արժանի են ՄԱԿ-ի ուշադրությանը եւ կարող են ստանալ այն», - հայտարարել է հեղինակավոր Human Rigts Watch իրավապաշտպան կազմակերպության ՄԱԿ-ի հարցերով տնօրեն Ֆիլիպ Բոլոպյոնը։

Նշենք, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը հերթական զեկույցն էր հրապարակել պատերազմական գոտիներում գտնվող երեխաների վերաբերյալ, որի համաձայն, հենց այս պահին աշխարհում 50-ից ավելի կառավարություններ ու զինված խմբեր օգտագործում են երեխաներին որպես զինվոր, սպանում կամ սեռական բռնություններ են գործադրում նրանց նկատմամբ:

Ադրբեջանը կամ Ղարաբաղը «ամոթալի» կոչվող այս ցանկում ներառված չեն, սակայն, հիշեցնենք, որ հայկական կողմը ամիսներ առաջ հայտարարեց, թե հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզը: Հետագայում փաստը քննեցին նաեւ ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG