Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դիմել է Սահմանադրական դատարան


Սահմանադրական դատարանը քննում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ օրենսդրության հարցով օմբուդսմենի դիմումը, Երեւան, 15-ը նոյեմբերի, 2011թ.
Սահմանադրական դատարանը քննում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ օրենսդրության հարցով օմբուդսմենի դիմումը, Երեւան, 15-ը նոյեմբերի, 2011թ.

Կարեն Անդրեասյանը վիճարկում է հարկատուների գույքի վրա արգելանք դնելու ՊԵԿ-ի լիազորությունը, եւ այստեղ նրա ակնկալիքները «մաքսիմալ են»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` «Հարկերի մասին» օրենքի դրույթներից մեկը վիճարկելու նպատակով։

Օրենքի համաձայն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է 500 հազար դրամը (մոտ 1200 դոլար), ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա կարող է կալանք դրվել կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։

Սա, Կարեն Անդրեասյանի պնդմամբ, հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին, որի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։

«Այդ դեպքում, ըստ ձեզ, ինչո՞ւ են ընդունվում օրենքներ, որոնք ի սկզբանե հակասում են Սահմանադրությանը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին մարդու իրավունքների պաշտպանը արձագանքեց. - «Շատ օրենքներ են լինում, որ ընդունվում են, եւ հենց պետությունը նախատեսել է Սահմանադրական դատարանի ինստիտուտը եւ սահմանադրականության խնդրի վիճարկման հարցը հենց այն պատճառով, որ Ազգային ժողովը միշտ էլ կարող է ընդունել օրենքներ, որոնք հետո Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչեն։ Այնպես չէ, որ պետք է միշտ կատարյալ օրենքներ լինեն։ Բայց այն, որ այս դրույթը կոնկրետ մեզ համար հակասահմանադրական է եւ մտահոգիչ է` դա ակնհայտ է»։

Օմբուդսմենը ասաց, որ այս օրենքի վերաբերյալ, որը մոտ մեկ տարի է` ուժի մեջ է մտել, բազմաթիվ դժգոհություններ են ստացել քաղաքացիների կողմից։

«Օրենքներն ընդունվում են, հետո իրենք անցնում են որոշակի ժամանակ, մարդկանց մոտ առաջացնում են մտահոգություններ, դժգոհություններ, դրանք գալիս են մեզ մոտ, մենք ուսումնասիրում ենք, նոր հարցը տանում ենք Սահմանադրական դատարան», - նշեց Կարեն Անդրեասյանը` շարունակելով. - «Ցանկացած դիմում, որը մենք ներկայացնում ենք Սահմանադրական դատարան, իր հիմքում ունի կոնկրետ պրակտիկա, այսինքն` օրենքի կիրառում եւ այդ կիրառումից դժգոհ քաղաքացիներ։ Առանց դրա մենք չենք կարող ուսումնասիրել եւ դիմել Սահմանադրական դատարան»։

Ընդդիմադիր «Հանրապետութուն» կուսակցության ղեկավար անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանի խոսքով, խորհրդարանի ընդունած օրենքների մետ 70 տոկոսը պարունակում է Սահմանադրությանը հակասող դրույթներ: Իրավիճակը, ըստ Զեյնալյանի, վատթարացել է հատկապես 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո:

«Օրենսդրությունը չի համապատասպանեցվում գործող Սահմանադրությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զեյնալյանը: - «Մարդու իրավունքների պաշտպանը եթե օրը 10 հատ դիմում բերի Սահմանադրական դատարան, խնդիրը չի լուծվի»:

«Սահմանադրությանը համապատասխանող նորմերը դատարանների կողմից այնպես են մեկնաբանվում եւ դառնում են կայում հաստատված պրակտիկա, որ հակասում են Սահմանադրությանը», - հավելեց նա:

Պատճառը, ըստ Զեյնալյանի, այն է, որ դատական իշխանությունը անկախ չէ գործադիրից. - «Որովհետեւ չկա այդ հանձնարարականը: Կա հանձնարարական պաշտպանել բյուջեն, պաշտպանել պետական մարմիններին, թույլ չտալ, որպեսզի նրանք դատարաններում պարտվեն»:

Պետական եկամուտների կոմիտեում, մինչդեռ, պնդում են, որ օրենքի այս դրույթի կիրառումը ձեռնտու է թե’ հարկատուի, թե’ պետության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG