Մատչելիության հղումներ

Ռուսաստանում անցկացվում են «Կովկաս-2012» զորավարժությունները


«Մոսկվա» հածանավը, արխիվ
«Մոսկվա» հածանավը, արխիվ

Հայաստանում ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին զուգահեռ Ռուսաստանում սկսվել են «Կովկաս-2012» զորավարժութունները։

«Կովկաս-2012» կոդային անվամբ զորավարժություններին մասնակցում են Զինված ուժերի, Անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաեւ Սեւծովյան եւ Կասպյան ռազմական նավատորմերի ստորաբաժանումները։

Կան տվյալներ նաեւ տեխնիկայի քանակի մասին. ներգրավված է մոտ 200 զրահամեքենա, հրետանու 100 միավոր, «Իսկանդեր» եւ «Բաստիոն» կայանքներ։

Ռազմածովային ուժերից մասնակցում են «Մոսկվա» հրթիռակիր հածանավը, դեսանտային մի քանի նավ եւ ծովային հետեւակի ջոկատները։ Զորավարժություններին մասնակցող զինծառայողների ընդհանուր թիվը մոտ 8 հազար է։

Զորավարժություններին հրավիրված չեն դիտորդներ արտասահմանից։

«Այս զորավարժությունների ընթացքում լուծվող խնդիրները բացառապես վերաբերվում են մեր ներքին անվտանգությանը եւ երկրի պաշտպանությանը, ուստի որեւէ մեկին հրավիրելու մտադրություն չունենք», - դեռ օգոստոսին ասել է Ռուսաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պոստնիկովը։

Նրա խոսքերով, «ռուսական կողմը, այնուամենայնիվ, չի խոչընդոտի օտարերկրացի դիտորդների այցին, եթե դրսից այդպիսի հայտ ներկայացվի»։

Մինչդեռ Վրաստանն արդեն իր անհանգստությունն է հայտնել։

«Դժբախտաբար, «Կովկաս-2012» զորավարժությունները վտանգ են ստեղծում ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, թե ինչ արդյունք տվեցին 2008-ի զորավարժությունները Կովկասում», - այսօր ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի եւ Չեխիայի արտգործնախարարների հետ Թբիլիսիում հրավիրած ասուլիսում։

Եվրոպական այդ հինգ երկրների արտգործնախարաները այսօր են ժամանել Վրաստանի մայրաքաղաք, որտեղ կհանդիպեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Մոսկվայում էլ ասում են, թե հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Թբիլիսին պարզապես հերթական անգամ փորձում է ի լուր աշխարհի արծարծել ռուսական վտանգի թեման։

Այսօր զորավարժություններին ներկա է եղել Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կպարգեւատրի աչքի ընկած զինծառայողներին։

«Կովկաս-2012» զորավարժությունները անցկացվում են չորս փուլով, որից առաջինը տեղի է ունենում Կրասնոդարի մարզի «Ռաեւսկի» հրաձգարանում։

Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG