Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 22:55

Հայաստան

Ընդդիմությունը նախագահի ելույթը «նախընտրական բեմադրություն» է որակում

Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է վարչապետին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2012Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է վարչապետին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2012
x
Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է վարչապետին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է վարչապետին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, 15-ը սեպտեմբերի, 2012
Կառավարության հասցեին հնչեցրած նախագահ Սերժ Սարգսյանի խիստ քննադատությունը ցույց է տալիս, որ կոռուպցիայի, անօրինակականության դեմ պայքարը շատ ավելի խիստ է լինելու, եւ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր լճացած են եւ չեն ցանկանում կամ չեն կարողանում իրականացնել նախագահի հանձնարարականները այլեւս չեն աշխատի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շաբաթ օրը կառավարության անդամների եւ վարչապետի հետ ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց կառավարության անդամներին, խոսեց պետական համակարգում առկա լուրջ կոռուցիոն երեւույթների կամ, նրա ձեւակերպմամբ, «պետական բյուջեի հաշվին իրականցվող ատկատների մասին»: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց իր հանձնարարությամբ նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրությունները պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ. այն, թե ինչպես, օրինակ, պետական մարմինները ծանոթ-բարեկամներով տենդերներ են անցկացնում եւ պետության հաշվին շուկայական արժեքից թանկ գնումներ կատարում եւ գումարներ յուրացնում:

«Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա'ն, շատ բացասական եմ գնահատում, շա'տ բացասական: Մենք չորս տարի է քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են: Հետո գնալու են մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալու են մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում կրկնակի բարձր գներով: Տարօրինակ է, մենք տենդերով ապրանք են ձեռք բերում, որ շուկայում ավելի էժան է: Մե՞կը դրա համար պիտի պատասխան տա, թե չէ», - ասել էր նախագահը:

Նախագահը նշեց, որ չարաշահումներ կատարվում են բոլոր օղակներում, այդ թվում՝ քաղաքաշինության, առողջապահության, պաշտպանության նախարարություններում: Պետբյուջեի հաշվին յուրացումներ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախագահը հատուկ հանձարարականներ տվեց Ազգային անվտանգությանն ու գլխավոր դատախազությանը:

«Բայց էլի չգնանք, ասենք, էս մեկը միլիոն ու կես դրամ գողացավ, էս մյուսը երկու միլիոն գողացավ: Գլխից պիտի բռնենք մեծերին», - ասաց Սարգսյանը:

Այս ամենը լսելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե կքննարկեն բարձրացված հարցերը եւ այդ ամենը կիրականացնեն. - «Բոլոր գնահատականները, որ դուք տվեցիք, նաեւ սթափեցնող են, պարտադրում են մեզ բոլորիս էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքում», - ասաց նա:

Արձագանքելով նախագահի սուր քննադատությանը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե ողջունում են, որ իրենց պնդումները դառնում են օրակարգային նաեւ քաղաքական մեծամասության առաջնորդի համար: ԲՀԿ խոսնակը, սակայն, նշեց, թե ցավում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի սթափվելու համար անհրաժեշտ էին նախագահի «խրատադաստիրակչական արտահայտությունները»: Ուրիխանյանի համոզմաբ, իր պարտականությունները վատ կատարած ցանկացած պաշտոնյա պետք է պատասխանատվություն կրի՝ նվազագույնը զրկվելով զբաղեցրած պաշտոնից:

«Պաշտոնանկություններ վաղուց պիտի լինեին եւ մենք վաղուց դրա մասին խոսել են», - ասաց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նախագահի քննադատությունները որակում է որպես «նախընտրական թատերական բեմադրություն, որին ոչ ոք չի հավատում»: Զուրաբյանի փոխանցմամբ՝ այս բեմադրության մեջ մի հետաքրքիր հանգամանք կա՝ երկրի ղեկավարի ելույթը պարզապես ինքնախոստովանական ցուցմունք էր:

«Նա խոսում է ատկատներից, ասում է, որ դեռ կան մարդիկ, որոնք չգիտեն, որ արդեն ատկատ պետք չէ տալ, այսինքն ոչ միայն վճարել են, բայց հիմա էլ շարունակում են վճարել, եւ դրա մասին երկրի գործող նախագահը նույնպես տեղյակ է, եւ նորից որեւէ քրեական գործ հարուցված չէ, օրենքը չի գործում: Տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի երկար տարիների արտոնված թալանից հետո բանդայի ղեկավարը որոշել է ջղայնանալ իր իսկ կողմից ղեկավարվող թալանչիների վրա: Այսպես է, որ ընկնում են քարոզչական նպատակների հետեւից, մի քիչ էլ նեղն են լինում, անում են սխալներ, որոնք, ըստ էության, բացահայտում են իրենց էությունը», - ասաց Զուրաբյանը:

Ընդդիմությունը նախագահի ելույթը «նախընտրական թատերական բեմադրություն» է որակումi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սմբատ, մանկավարժ , : Վանաձոր
18.09.2012 17:02
+0 / -0
Հարգելի «Ազատություն», շնորհակալություն, աջակցության համար: Մնում է որ Սամվել Դարբիյանը տեղից շարժվի: Բայց երկյուղ ունեմ, որ նրա համար ոչ թե նախագահի, այլ Շարմազանովի ասածն է կարևոր, ամանավանդ որ վերջինս Լոռուց է:

Սմբատ մանկավարժ , : Վանաձոր
17.09.2012 17:48
+0 / -0
Հարգելի «Ազատություն», շնորհակալ եմ, որ մեկնաբանությունս դրել եք, բայց այն ժամանակ, երբ այդ նյութը հանվեց կարևորների շարքից ու դժվար թե որևէ արձագանք գտնի: Ուստի նորից եմ այն տեղադրում և հույս ունեմ, որ այստեղ արագ կտեղադրեք, քանի որ խոսքը վերաբերում է երեխաներին ու դպրոցին:
Սմբատ, մանկավարժ , : Վանաձոր
16.09.2012 14:48
+0 -0
ՀԱրգելի «Ազատություն», գուցե այս խորհրդակցությունից հետո ոմանք մի քիչ խելքի գան, ուստի նման մեկնաբանություն եմ գրում:
Սեպտեմբերի 1-ին թոռնիկս դպրոց գնաց: Վանաձորի թիվ 15 դպրոցը: ՏՈն էր մեծ էր ու գեղեցիկ: Բայց... դպրոց տանող 40-50 մետրանոց ճանապարհն հիշեցնում էր ամեն ինչ, բացի ճանապարհից. ասֆալտը գրեթե չկա: Անձրևի դեպքում, որը միակ առատ բանն է Վանաձորում, պատկերացրեք թե ինչ է կատարվելու: Նույն վիճակում էր նաև դպրոցի բակը: Մինչդեռ մի կես կիլոմետրի վրա հիմնանորոգվում էր Իսահայան նրբանցքը: Հետաքրքիր է, այս վիճակին ծանո՞թ չի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որի եղբայրը ասֆալտի գործարանի տնօրենն է: Հարգելի խմբագրություն, Ձեր օգնությամբ բարձրաձայնելով խնդրի մասին, հուսով եմ, որ պատկան մարմինները արագ կարձագանքեն ու դպրոցի ճամփան կդարձնեն «միշտ կարճ ու սիրուն, ձմեռ թե գարուն»:
Հարգանքներով` Սմբատ

Անանուն
17.09.2012 17:33
+0 / -0
))))))))))))))))

Ամենակարդացվողը