Շաբաթ, հոկտեմբերի 25, 2014 Ժամանակը Երեւանում 03:50

Հայաստան / Մարզեր

Գյումրեցի տաքսիստները կրկին դուրս են եկել բողոքի

Գյումրեցի տաքսիստները կրկին դուրս են եկել բողոքի i
|| 0:00:00
...
 
🔇
X
13.09.2012
Գյումրիի մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդներ այսօր բողոքի էին դուրս եկել Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Գյումրեցի տաքսիստները կրկին դուրս են եկել բողոքի

Գյումրիի մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդներ այսօր բողոքի էին դուրս եկել Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։

Վարորդների բողոքի առիթը Տրանսպորտի տեսչության կողմից մի քանի վարորդների տուգանելու փաստն էր։ Ակտը կազմվել էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի հիման վրա․ ըստ այդմ, տաքսի ծառայություն մատուցելը լիցենզավորված գործունեություն է համարվում։ Լիցենզիայի համար վարորդները եռամսյակի համար պետք է վճարեին 16 հազար 800 դրամ։ Բացի այդ, մի շարք այլ պահանջներ կան ներկայացված։ Տաքսու վարորդները հաշվել են, որ տարեկան միայն հարկերն ու տուրքերը կկազմեն 190 հազար դրամ։

Բողոքի ակցիային մասնակցող վարորդները պնդում էին, որ իրենք այդքան գումար վճարել չեն կարող։

Տուգանված վարորդներից Վրեժ Շարիջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրեն տուգանել են 20 հազար դրամով։

«Դիմում-բողոք եմ գրել, սպասում եմ պատասխանի։ Եթե չեղավ՝ ես այդ գումարը մուծող չեմ։ Իմ երեխաներին կտանեմ մարզպետարան՝ 3 անչափահաս երեխա ունեմ․․․ այս մեքենայի պատճառով իմ նպաստը կտրել են, հիմա էլ չեն թողնում ես իմ ընտանիքի գոյությունը պահեմ։ Կտանեմ՝ թող իմ երեխաներին իրենք պահեն, եթե չեն թողնում ես պահեմ։ Կամ էլ թող անձնագրիս մեջ մի կնիք խփեն՝ ես այս երկրից գնամ», - ասում էր նա։

Տաքսու վարորդները Մայր Հայաստանից ուղեւորվեցին Շիրակի մարզպետարան։ Մարզպետարանի աշխատակիցները, ովքեր դուրս եկան վարորդների հետ հանդիպելու, փորձում էին վարորդներին համոզել, որ դեռ հունիսին վարորդների կողմից իրականացված բողոքի ակցիայից հետո հարցը բարձրացված է ու որոշ զիջումներ արվել են։

«Օրենքի փոփոխություն է եղել, մուծումները դարձել են ամսական, տարին մեկ անգամ ենք դարձրել տեխնիկական զննումները։ Ձեր բարձրացրած բոլոր՝ երկու-երեք հարցերը լուծվել են», - վարորդների հետ զրույցում նշեց մարզպետարանի ներկայացուցիչը՝ խոստանալով նաեւ լուծել Տրանսպորտի տեսչության կողմից տուգանված վարորդների խնդիրը։

Չնայած խոստումներին՝ վարորդները չէին շտապում հեռանալ։

Ի վերջո նրանց մոտեցավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը։ Նա եւս լսեց հավաքվածներին, խոստացավ քննարկել հարցը Տրանսպորտի տեսչության հետ եւ վերջում վարորդներին ասաց․ - «Մի բան էլ եմ ձեզանից խնդրում՝ նման ձեւով էլ մի եկեք այստեղ»։

Ամեն դեպքում, վարորդները չեն պատրաստվում համաձայնել այն պայմաններին, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից եւ սպառնում են նորից փողոց դուրս գալ։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը