Մատչելիության հղումներ

«Պետք է գիտակցել, որ մի օր Ադրբեջանում կլինի միջազգային համալսարաններում ուսանած սերունդ»


Թեւան Պողոսյանը ելույթ է ունենում Պրահայի խորհրդաժողովում, 12-ը սեպտեմբերի, 2012թ.
Թեւան Պողոսյանը ելույթ է ունենում Պրահայի խորհրդաժողովում, 12-ը սեպտեմբերի, 2012թ.

«Դեմոկրատիան ետխորհրդային տարածքում. 20 տարի անց» թեմայով Պրահայի Վալդշտեյնի պալատում գումարված խորհրդաժողովի ադրբեջանցի պատվիրակներից «Դեմոկրատական բարեփոխումներ» կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը ամեն տարի հսկայական գումար է հատկացնում արտասահմանի ամենահեղինակավոր համալսարաններում հազարավոր երիտասարդների կրթությունն ապահովելու համար։

«Դա է այն սերունդը, որը վաղն առաջ կտանի Ադրբեջանը», - ասաց Մոլազադեն։

Այդպիսով, Ադրբեջանն արդիական կրթություն ստացած նոր կադրերի ապահովման հարցում կարող է առաջ անցնել հարեւաններից։

Խորհրդաժողովի հայաստանցի մասնակից` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձավ այդ թեմային։

«Լավագույն միջազգային համալսարաններում կրթությամբ ապահովելու հարցով տարբեր հիմնադրամներ ստեղծելու գաղափարը շատ դրական է։ Հայ ազգին ընդհանրապես բնորոշ է սովորելու եւ կրթվելու համար մեկնել տարբեր երկրներ։ Մեր շատ հերոսներ, պատմական դեմքեր սովորել են իրենց ժամանակների լավագույն համալսարաններում, եւ դա օգնել է նրանց լայնացնել աշխարհընկալումը եւ զարգանալ», - ասաց Թեւան Պողոսյանը։

«Այդ իմաստով, կերազեի, որ Հայաստանում էլ լինեն տարբեր հիմնադրամներ, տարբեր ուղղվածություններով, որոնք թույլ կտան Հայաստանի ունակ եւ կարող երիտասարդներին մեկնել եւ սովորել, նաեւ կապեր հաստատել միջազգային համալսարաններում, այդ գիտելիքը եւ այսօրվա «նոու-հաուները» բերել Հայաստան», - ասաց խորհրդաժողովի հայ մասնակիցը։

Նրա փոխանցմամբ` Ադրբեջանն իսկապես շատ վաղուց է հանդես գալիս այդ նախաձեռնություններով։ Շատերը գնում են, նրանցից մի մեծ մասը չի վերադառնում, քանի որ երբ մարդիկ կրթություն են ստանում արտասահմանում` ընկալում են նաեւ, թե ինչ մեծ խնդիրներ են ծագում այդ զարգացած երիտասարդների առջեւ դեմոկրատիայի առումով այսօրվա դրությամբ չզարգացած Ադրբեջանում։ Շատերն էլ վերադարձից հետո թողնում են երկիրը եւ գնում։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ այնտեղ ապագայում լինելու է մի սերունդ, որն ունի միջազգային կապեր, ուսանել է միջազգային համալսարաններում, տիրապետում է գիտելիքներին։ Դրա համար մենք` հայերս, պետք է կարողանանք մեխանիզմներ եւ միջոցներ ստեղծել, որ մեր երիտասարդները նույնպես գնան եւ վերադառնան եւ իրենց գիտելիքները ներդնեն ու հզորացնեն մեր երկիրը», - ասաց Թեւան Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG