Սիրիայի հայկական համայնքին աջակցելու համար տասն օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով առանձնացված բանկային հաշվին երկու փոխանցում է արվել` 35.000 եվրո եւ 5.000 դոլար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը:
Սիրիայում տիրող իրավիճակի հետեւանքով սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հայերին օգնելու նպատակով 35.000 եվրոն փոխանցել է հայտնի գործարար, սփյուռքահայ բարերար Հրայր Հովնանյանը:
5.000 դոլարը փոխանցել է Լիբանանի հայկական համայնքը:
Հովնանյանի փոխանցած գումարով հնարավոր դարձավ սիրիհայ երեխաներին անվճար բերել Հայաստան` ապահովելով նրանց երկշաբաթյա հանգիստը հայրենիքում: 5.000 դոլարն ուղղվելու է Սիրիայի հայ համայնքի առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը:
Սիրիահայերին օգնելու համար մեկնարկած դրամահավաքը շարունակվում է:
Օգոստոսի սկզբին Սիրիայում բնակվող հայերին աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` այդ նպատակի համար հատկացնելով 1 միլիոն դոլար: Միության Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Յորդիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գումարներն արդեն ծախսվում են «տեղի կարիքների լուծման ուղղությամբ»:
Լարվածությունն աճում է
Արտաքին գործերի նախարարության վերջին տվյալներով, Սիրիայի Հալեպ քաղաքի հայերով բնակեցված թաղամասերում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ լարվածությունը հայկական ու շրջակա թաղամասերում շարունակվում է:
Բալայանը, սակայն, հերքում է Առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի շենքի գրավվման լուրերը: Մամուլում նման լուրերի էին տարածվել, թե ապստամբները գրավել են առաջնորդարանի շենքը:
Շատ սիրիահայեր «Ազատություն» ռադիոկայանին պատմում են, որ Հալեպում իրավիճակը գնալով վատանում է:
Երեւանում բնակվող հալեպահայ Տիգրան Մկուչյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ անցած շաբաթավերջից կառավարության ու ապստամբների զորքերն հասել են արդեն հայերով բնակեցված թաղամասեր:
Տիգրանը, դժվարությամբ, բայց պարբերաբար կապ է հաստատում Հալեպում գտնվող հարազատների հետ, ովքեր պատմում են, որ կառավարության զորքերը պաշտպանում են հայերով բնակեցված թաղամասերն ապստամբներից:
Տիգրանն ասում է, որ Հալեպում այժմ կապի միջոցները չեն գործում, դժվար է զանգահարել Հալեպ, էլեկտրականությունը պարբերաբար խափանվում է, միաժամանակ օդանավակայանի ճանապարհն է վտանգավոր: Նրա մայրն ու քույրը չեն կարողանում տոմս գնել ու տեղափոխվել Հայաստան։
«Չեն կարողանում գալ։ Օդակայանի ճանապարհը զորք է լցված, տոմս չկա։ Կապ էլ չկա, որ տոմսի համար խոսեն», - պատմում է նա։
Ինչպես շատ սիրիահայեր, այնպես էլ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նշում են, որ Սիրիայում տիրող իրավիճակն ուղղված չէ հայկական համայնքին, ուստի կարիք չկա հայկական համայնքը, թեկուզ ժամանակավոր, դուրս բերել այդ երկրից։