Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 16:08

Տնտեսություն

Արարատյան դաշտավայրում ծիրանի բերքն առատ է

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Արարատյան դաշտավայրում ծիրանի բերքն առատ է

Տեքստի չափը - +
Այս տարի ծիրանի միջին գինը 150-200 դրամ է․ բերքը շատ առատ է, այգիներում անգամ ծառերի ճյուղերը չեն դիմանում բերքի ծանրությանն ու կոտրվում են։

«Չորս տարին մեկ ենք բերք ստանում՝ իհարկե այդ կարկուտի պատճառով։ Այս տարի, ոչինչ, բարենպաստ տարի էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի ֆերմերներից մեկը, ով լավ բերք է ստացել եւ համոզված է, որ շահույթ կունենա։

«Այսօր 300 դրամով տալիս եմ Մոսկվայի ծիրանը։ Էս որ շարում են՝ տանում են Ռուսաստան։ Արտահանում են դուրս», - ասում է մեր զրուցակիցը՝ ու պարզաբանում․ - «Հասածները, մանրները հանում ենք, իսկ լավերը շարում ենք արկղ։ Սնացածներն էլ շուկա ենք տանում՝ 80 դրամ, 50 դրամ․․․»։

Բերքահավաքի շրջանում ծիրանի մշակմամբ զբաղվողները ժամանակավոր աշխատանք են ունենում․ տղամարդիկ միրգը հավաքում են, կանայք էլ շարում արկղներում։

x
Օրական 5 հազար դրամով արդեն երկու շաբաթ է՝ արկղների մեջ ծիրան է շարում Փշատավան գյուղի բնակչուհի, 35-ամյա Իդա Հովհաննիսյանը։

«Այս քանի տարի է՝ նորմալ ծիրան չի եղել։ Առաջներում շատ ունեինք, տանում էինք Քյավառի կողմերը վաճառում էինք։ Բայց հիմա այդքան չկա․ հիմա վրացիները գալիս են, բերքը թարմ ծախում են՝ ավելի ձեռնատու է, քան այդքան տանջանքի մեջ մտնեն», - ասում է նա։

Թարմ ծիրան Հայաստանում տարվա մեջ մոտ 1 ամիս է լինում, սակայն հատկապես Արարատյան դաշտավայրի բնակիչներից շատերը ողջ տարին ծիրանաչիր են ունենում։

«Հավաքում ես, դնում ես արկղների մեջ՝ չորանում է, արեւի տակ շուռումուռ ես տալիս։ Եթե տան համար վերցնում ես, գույնին ուշադրություն չպիտի դարձնես, որ մաքուր-անարատ չիր լինի», - ծիրանաչրի գաղտնիքներն է բացահայտում Իդա Հովհաննիսյանն ու մանրամասնում․ - «Թե չէ ծծումբով ծուխ են տալիս, ծխից հետո հանում չորացնում են, հետո աղաջրով լվացնում են։ Ծուխը տվածը շատ լավ դեղին է լինում, իսկ բնական չիրը դեղին գույն չունի»։

Գյուղի մեկ այլ բնակչուհի՝ 54-ամյա Զոյա Ավագյանն ասում է, որ թեեւ այս տարի բերքը առատ է, բայց մանր։ Այդ պատճառով ոչ բոլորին է հաջողվում բարձր գնով իրացնել այն։

Ծիրանի լավ բերք Հայաստանում եղել է 2009 թվականին եւ կազմել է մոտ 90 հազար տոննա: Ըստ գյուղնախարարության տվյալների՝ 2010-11 թվականին բերքը զգալիորեն կրճատվել է գարնանային ցրտահարությունների եւ կարկուտի պատճառով:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սեմ , : Բարձրաշեն
29.06.2012 23:29
+0 / -0
Հայաստանում դաշտավայրեր չկան, կան դաշտեր: Այս երկու հասկացությունները չի կարելի շփոթել: Հայերը դաշտ են անվանում քիչ թե շատ հարթ տարածքներին: Իսկ դաշտավայրը այն հարթավայրն է, որի բարձրությունը ծովի մակարդակից չի գերազանցում 200 մ-ը: Դրանից բարձր հարթավայրերին անվանում են բարձրավայրեր, իսկ 500 մ-ից բարձր հարթավայրերին՝ սարահարթեր: Արարատյան դաշտի բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում է 800 մ-ը: Հիմա հասկացա՞ք թե ինչու ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ, և ոչ թե դաշտավայր...: Այս մասին դուք պետք է իմանայիք դեռ դպրոցական աշխարհագրությունից: Ուղղակի խնդրում եմ հոդվածի վերնագիրը արագ շտկեք:

Ամենակարդացվողը