Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ ԲՀԿ-ն պետք է կարողանա դիմանալ ճնշումներին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր ղեկավարած ուժի հրավիրած հանրահավաքում հնչեցրած ելույթում կարծիք հայտնեց, որ իրական ընդդիմություն դառնալու՝ ԲՀԿ-ի վճռականությունը նրա գոյության եւ քաղաքական ապագայի միակ երաշխիքն է։

«Իշխանությունը, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, եւ կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել հարկային, ուժային եւ վարչական ճնշումների մեխանիզմները», - վերլուծելով ընթացիկ քաղաքական զարգացումները՝ ասաց ՀԱԿ առաջնորդը՝ եզրակացնելով, - «Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին եւ չվախենա դրանցից։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը»։

Անդրադառնալով այն գնահատականներին, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ որ ԲՀԿ-ն իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին համապատասխան հայտարարություն չի արել, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Քոչարյանի վերադարձի սպառնալիք» իրականում գոյություն չունի եւ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։

«Մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ականջների սպառնալիք իրականում գոյություն չունի», - ասաց ՀԱԿ առաջնորդը: Նա համոզմունք հայտնեց նաեւ, որ ընդդիմություն լինելու մասին հայտարարելու անհրաժեշտությունը սահմանող ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթը «առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի»։

«Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը, - «Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որեւէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենեւին պետք չէ խրտնել այդ բառից»:

«Իշխանական մոնոլիտի քայքայումը» համարելով ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության եւ մասամբ՝ «Ժառանգության» միջեւ նախընտրական փուլում ծավալված համագործակցության արդյունք, ՀԱԿ առաջնորդը արձանագրում է. - «1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք բոլորովին նոր խորհրդարան, որը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի եւ իշխանության իրական հակակշռի»:

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավորները եւս հանրահավաքում իրենց ելույթներում համոզված էին, որ «խորհրդարանում ոչ կոալիցիոն ուժերին միավորելու ռեալ հնարավորություն է ստեղծվել»: Բայց խորհրդարանական գործունեությանը զուգահեռ Կոնգրեսը պետք է շարունակի հանրահավաքային պայքարը:

Հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերին, եթե մինչ այդ, ինչպես Lեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն»:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG