Կիրակի, Մայիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 01:18

Իրավունք

ԱԱԾ-ի տնօրենը «անընդունելի» է համարում Օսկանյանի` լռելու մասին որոշումը

Loading
12:00:00 / -:--:--
Տեքստի չափը - +
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամին գործին եւ այդ գործի շրջանակներում որպես վկա անցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ցուցմունք չտալու որոշմանը, հայտարարեց, թե «պարտիզանի պես լռելն անընդունելի է»:

Հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հատկանիշներով, ինչը կապվում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Օսկանյանը որպես վկա է անցնում հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան արդեն երկու անգամ հրավիրել են ԱԱԾ, սակայն վերջին անգամ` հունիսի 13-ի հարցաքննության ժամանակ, նախկին արտգործնախարարը հրաժարվեց ցուցմունք տալ` ասելով, թե իր համար ակնհայատ է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ` կասկածյալ: Անցած ուրբաթ օրը նույն գործով ԱԱԾ հրավիրված «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւս հրաժարվեց ցուցմունք տալ:

«Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, այս կամ այն հարցը ճիշտ չէ: Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», - այսօր այսպես մեկնաբանեց Օսկանյանի` ցուցմունք չտալու մասին որոշումը ԱԱԾ-ի տնօրենը` հավելելով, թե «ինչ-որ բան ավելացնելու իմաստ չկա»:

Վարդան Օսկանյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե նախկին արտգործնախարարը չի ցանկանում մեկնաբանել ԱԱԾ-ի տնօրենի այս խոսքերը:

Օսկանյանը այսօր արդեն երրորդ անգամ պետք է գնար ԱԱԾ, սակայն ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, տեխնիական պատճառներով հերթական հարցաքննության օրը տեղափոխվել է գալիք երկուշաբթի:

Ինքը` Օսկանյանը համոզված է, որ «Սիվիլիթասի» գործի ետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա», եւ ցանկություն է հայտնել անգամ հրապարակել «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով փաստաթղթերը, եթե ԱԱԾ-ի քննչական վարչությունը տա համապատասխան թույլտվություն: Քննչական վարչության թույլտվությունը հարկավոր է, քանի որ նախաքննությունը իրակնացանում է հենց այդ մարմինը, իսկ այդ փաստաթղթերում առկա տվյալները կարող են համարվել նախաքննության գաղտնիք, որոնց հրապարակումը օրենքով արգելվում է:

Ի դեպ, օրվա վերջում «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սամվել
25.06.2012 20:56
+0 / -0
Հատուկ ծառայություններին բնորոշ է անհրաժեշտ պահերին երկրի ղեկավարության համար անհաճո գործչին բռնել, խիստ պայմանական ասած, իջեցված շալվարով և նման դիրքում վերջինիս ներկայացնել հասարակությանը:
Քանի որ հանրությանը հետաքրքրող թեմաներից մեկը պաշտամունքի առարկա փողն է և հրապարակային գործիչների կողմից դրա տնօրինումը, իսկ սրբեր չկան, ապա տարածված մեղադրանքներից մեկը փողերի լվացումն է:
Ունենալով իրազեկիչներ` ԱԱԾ-ն հարկեր չվճարելու և այլ մեղադրանքներ կարող էր ներկայացնել շատ այլ հայտնի գործիչների, որոնք, հավանաբար, ոչ միայն փողերի լվացում ու քիմիական մաքրում են կատարում, այլև հանրության շատ մեծ հատվածի ընկալմամբ, ոչ առանց հիմքի, ավելի ծանր մեղքեր ունեն:

Արման , : Երևան
24.06.2012 13:51
+0 / -0
Յուրաքանչյուր խելամիտ իշխանություն ձգտում է չընդունել այնպիսի որոշումներ կամ իրականացնել գործողություններ, որոնք ընդդիմությանը հնարավորություն կամ մոտիվացիա կտան կիրառելու <բումերանգի էֆեկտը> կամ որը կարող է հասարակության ուշադրությունը սևեռել իշխանության ներսում առկա արատավոր երևույթների վրա: Փողերի լվացումից խոսում է մի իշխանություն, որն ինքն ունի նման լուրջ ու խորքային խնդիրներ, իսկ եթե դրան գումարենք նաև, որ կառավարությունը նոր է ձևավորվել, ապա նման քայլը խոսում է քաղաքական երևույթների ու պրոցեսների նկատմամբ ցածր պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության մասին, քանի որ նոր ձևավորված կառավարությունը պետք է խուսափի քննադատությունից. կարող է առաջանալ (Հայաստանի պարագայում՝ խորանալ) վաղաժամ լեգիտիմության ճգնաժամ: Մյուս կարևոր գործոնը քաղքական կոնյուկտուրան է. եթե քաղաքական ուժը որոշումներ ընդունելիս հաշվի չի առնում, թե ինչ պրոցեսներ են եղել և ինչ իրադրություն է ձևավորված, ապա այդ որոշումները կարող են հակառակ էֆեկտն ունենալ: Դիցուք Օսկանյանի դեմ այս պրոցեսները ծավալվեցին, ընտրություններից հետո, և երբ վերջինս սկսեց բացահայտ քննադատել իշխանությանը, արդյունքում իշխանությունն իր վրա սևեռեց վերլուծաբանների, Զլմ-ների, քաղաքական ուժերի քննադատությունն ու կասկածամտությունը: Այս ամենը կարող են լրացուցիչ մոբիլիզացիա հաղորդել ընդդիմադիր ուժերին ու քաղաքացիական հասարակության ինստիտուտներին իշխանության հետ հարաբերություններում: Մի հանգամանք ևս. որքան ել ԲՀԿ-ն սերտաճած լինի ՀՀԿ-ի հետ, այնուամենայնիվ, այն առանձին քաղաքական ուժ է՝ սեփական նպատակներով ու ամբիցիաներով, ուստի, խաղալով ընդդիմադիր դաշտում, ԲԿՀ-ն, կամա թե ակամա, կարող է մեծացնել սեփական էլեկտորատը, իսկ լեգիտիմության բազան կարող է խթանել վերջինիս ամբիցիաների մեծացումն ու դարձնել ՀՀԿ-ի համար անվերահսկելի:

Vahagn
22.06.2012 16:36
+0 / -0
Nikoln el er gorum gochum ir aznvutyan masin...