Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 14:52

Իրավունք

Ապամոնտաժող բրիգադի անդամները համաձայն չեն դատարանի որոշման հետ

Ապամոնտաժող բրիգադի անդամները Մաշտոցի այգում, 4 ապրիլի, 2012
Ապամոնտաժող բրիգադի անդամները Մաշտոցի այգում, 4 ապրիլի, 2012
Տեքստի չափը - +
Մաշտոցի այգու պահպանման համար պայքարող ապամոնտաժող բրիգադի չորս անդամները համաձայն չեն Վարչական դատարանի որոշման հետ ու չեն պատրաստվում կատարել դատարանի պահանջը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ այգու ճակատագրով մտահոգ քաղաքացիներ Կարեն Շիկոյանն ու Կարո Եղնուկյանը պարտավոր են որպես տուգանք վճարել ավելի քան 50 հազար դրամ` ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելու համար:  

Ոստիկանությունը նշել է, որ երկու ամիս առաջ` ապրիլի 15-ին, ապամոնտաժող բրիգադի անդամներն անցել են տեղադրված մետաղյա արգելապատնեշներից եւ մուտք գործել ոստիկանության կողմից պահպանվող տարածք: Տուգանքի ենթարկվածները կուսումնասիրեն դատարանի որոշումներն ու կմտածեն բողոքարկելու մասին: Վարչական դատարանը իր հերթական որոշումը, որը վերաբերում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, կայացրել է երեքշաբթի երեկոյան:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ցույց է տալիս կրպակներից ազատված, արդեն բարեկարգված այգին, ու այն համեմատում մի քանի ամիս առաջվա այգու հետ: Սարգսյանն ասում է, որ հանուն այգու պահպանության իրենց պայքարն ավարտված է, բայց իրենց դեմ հարուցված գործերը չեն ավարտվում:

Ապամոնտաժող բրիգադի անդամները, իրենց հետ այգի բերելով գործիքներ, այդ օրը որոշել էին ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները: Մինչդեռ այգում գտնվող ոստիկանները արգելել էին, ինչից հետո էլ քաշքշուկ էր սկսվել: Բրիգադի անդամները, սակայն, կարծում են, որ իրենք անօրինականություն թույլ չեն տվել, իսկ Վարչական դատարանի որոշումը համարում են անհեթեթություն: Մանվել Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ իրենք օրենք չեն խախտել:

«Ի՞նչ է նշանակում մեղադրել մարդկանց, որ նրանք արհամարհում են ոստիկանության հրամանը, երբ առաջին իսկ պահից, երբ ապամոնտաժող բրիգադը մտել է այս տարածք, հայտարարվել է պաշտոնապես, որ նրանք հեռանան այստեղից, որովհետեւ սա հանրային տարածք է, եւ նրանք իրավունք չունեն այս տարածքում պաշտպանել անօրինական շինարարությունը», - ասում է Սարգսյանը: 

Քաղաքագետը ընդգծում է` Մաշտոցի այգու պայքարը ցույց տվեց, որ այդ տարածքում տեղադրված կրպակներն իսկապես անօրինական էին: Սարգսյանի խոսքով` դատարանն իրենց բերած փաստարկները հաշվի չի առել եւ անաչառ չի եղել, ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ում շահերն էր պաշտպանում այգում:

Մաշտոցի այգու հետ կապված նաեւ քրեական գործ է հարուցվել: Ապամոնտաժող բրիգադի գործողություններից տասն օր անց այգում կրկին քաշքշուկ առաջացավ` այս անգամ երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանների միջեւ: Քրեական գործը հարուցվել է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով, սակայն դեռեւս ակտիվիստների դեմ մեղադրանք չի ներկայացվել, կատարվում է նախաքննություն: Այդ օրը ոստիկանություն բերման ենթարկվեց 7 ակտիվիստ: Նրանցից մեկը Գոռ Հակոբյանն էր, ով ասում է, որ իրենք ոստիկանների նկատմամբ բռնություն չեն գործադրել, ընդհակառակը` նրանք են բռնություն գործադրել իրենց նկատմամբ, ինչի մասին իրենք հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն ու Հատուկ քննչական ծառայություն:

Հակոբյանն ասում է, որ նման ինքնաբուխ շարժումները ձեռնտու չեն Հայաստանի վերնախավին, ու այս քրեական գործի հետագա ընթացքը առավել կհստակեցնի իշխանությունների վերաբերմունքը դրանց նկատմամբ:

«Այսօրվա վերնախավը վախենում է Հայաստանում լիարժեք, իրական, սահմանադրական կարգի հաստատումից այս երկրում, որովհետեւ սահմանադրական կարգի հաստատումը նշանակում է նոր գիտակցության, նոր մտածողության ի հայտ գալը այս երկրում, որը կարող է փոփոխել ամբողջ հանրության ձեւը, կարգը», - ասում է ակտիվիստը:

Հիշեցնենք, Մաշտոցի այգու շուրջ ծավալված պայքարը հանգուցալուծվեց այն բանից հետո, երբ մայիսի 1-ին այգի այցելեց Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը դիտել էր այգին, այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ներկայացրել է իր դիտարկումները այգու վերաբերյալ` հորդորելով քաղաքապետին ապամոնտաժել կրպակները:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Թլկատինցի , : Երեւան
14.06.2012 11:06
+0 / -0
Մաշտոցի այգու պահպանման համար պայքարող ապամոնտաժող բրիգադի չորս անդամները համաձայն չեն Վարչական դատարանի "որոշման հետ"....Սիրելիներ...սա իսկապես աններելի սխալ է...համաձայն չեն Վարչական դատարամի որոշմանը:::

Tlkatintsi , : Yerevan
14.06.2012 10:52
+0 / -0
Հիշեցնենք, Մաշտոցի այգու շուրջ ծավալված պայքարը հանգուցալուծվեց "այն բանից հետո, երբ" մայիսի 1-ին այգի այցելեց Հայաստանի նախագահը: Այս ձեւակերպումը անհեթեթություն է; քեռականական գլուխկոնծի: ------Հիշեցնենք, Մաշտոցի այգու շուրջ ծավալված պայքարը հանգուցալուծվեց Հայաստանի նախագահի մայիսի 1-ի այգին այցելուց հետո: You would never say in English---only after that, when.....

Ամենակարդացվողը