Հինգշաբթի, Մայիս 23, 2013 Ժամանակը Երեւանում 03:15

Քաղաքական

ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքային պայքարը

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 մայիս, 2012
ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 մայիս, 2012
Տեքստի չափը - +
Խորհրդարան անցած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) շարունակելու է հանրահավաքային պայքարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ համակարգող, Ազգային ժողովում քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է, որ հերթական հանրահավաքը կանցկացվի հունիսի 26-ին, Ազատության հրապարակում: Դա հետընտրական իրադարձություններից հետո ՀԱԿ-ի առաջին հանրահավաքը կլինի:

«[Հանրահավաքը] նվիրված է լինելու այն զարգացումներին, որ տեղի են ունեցել վերջին շրջանում, իսկ զարգացումները շատ կարեւոր են. մի զարգացում էլ տեղի կունենա մոտ օրերս, դա կառավարության ձեւավորումն է, միջազգային շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Այս ամենի մասին մենք լուրջ ասելիք ունենք ժողովրդին», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը դժվարացավ ասել` ՀԱԿ-ի հանրահավաքները պարբերական բնույթ կունենան, թե` ոչ: Ասաց, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ համախոհներին ասելիք ունենան, կնախաձեռնեն հանրահավաք:

Հարցին, թե ինչո՞ւ խորհրդարան անցած քաղաքական ուժը որոշեց չդադարեցնել հանրահավաքային պայքարը, երբ տեսակետները ներկայացնելու համար նաեւ ԱԺ-ի ամբիոնը կա, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Ընդհանրապես հանրահավաքները անցկացվում են ընտրական շրջաններում դեմոկրատական պետություններում: Ընտրություններից հետո պայքարը տեղափոխվում է խորհրդարան, բայց դա այն դեպքում, երբ գործ ունենք ազատ եւ արդար ընտրությունների հետ: Իսկ մի պարագայում, երբ ստեղծված խորհրդարանը չի համապատասխանում ժողովրդի իրական տրամադրություններին, որովհետեւ ընտրություններ ամբողջովին կեղծված են, հասարակության մեջ մնում է լարվածություն: Երբ իշխանությունները ամեն ինչ անում են, որ երկրի հիմնական քաղաքական ուժը, չկարողանա ստանալ այն մանդատների քանակը, որ նա իսկապես վաստակել է, եւ տալիս են ընդամենը յոթ մանդատ, այդ դեպքում, բնականաբար, դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք պայքարը նաեւ հրապարակներում»:

Առաջին հարցերից մեկը, որի քննարկմանն ԱԺ-ում կմասնակցի ՀԱԿ-ը, կառավարության ծրագիրը կլինի: Զուրաբյանն ասում է` այս կառավարության չեն վստահում եւ ծրագրին դեմ են քվեարկելու, բայց միեւնույն ժամանակ ՀԱԿ-ը պատրաստվում է մանրամասնորեն ուսումնասիրել այն: «Եթե այլ քաղաքական ուժեր եւս կիսեն մեր մոտեցումները, դա ողջունելի կլինի», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կփորձի ներգրավել խորհրդարանում ներկայացված այլ ուժերի եւս կառավարության ծրագրին դեմ քվեարկելու համար: Այս պահին, սակայն, ՀԱԿ-ը այլ քաղաքական ուժերի հետ այդ հարցով քննարկումներ չի անցկացնում:

Զուրաբյանի խոսքով, խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելիս ՀԱԿ-ը հիմնվելու է նախընտրական շրջանում տված խոստումների վրա: Առաջնահերթությունները կորոշվեն խմբակցության առաջիկա նիստում:

«Կան առաջնահերթությունները, որոնց մասին մենք խոսել ենք ընտրական արշավի ժամանակ. դա Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացն է, հակամենաշնորհային օրենսդրությունը, ավանդների վերադարձը, գյուղատնտեսական վարկերի ամնիստիային վերաբերող հարցերը... մենք, ինչ խոստացել ենք ժողովրդին, դրանով զբաղվելու ենք, բայց առաջնահերթությունների հստակ ցուցակը դեռ պետք է մշակենք», - ասաց Զուրաբյանը:

2008 թվականին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը օրերս կարծիք էր հայտնել, որ 2013-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Արձագանքելով այս հայտարարությանը` ՀԱԿ համակարգողը Արզումանյանին խորհուրդ տվեց խոսել այն քաղաքական ուժի ծրագրերի մասին, որը նա է ներկայացնում: Զուրաբյանն ասաց` նախագահական ընտրություններում ում թեկնածությունը կառաջադրի, ՀԱԿ-ը հաստատապես կհայտարարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց ՀԱԿ-ի «անվիճելի լիդերը Տեր-Պետրոսյանն է»:

«Իր ֆիգուրը անվիճելի է բոլորի համար: Ես ամենահավանականը համարում եմ, որ ինքը որոշում կընդունի առաջադրվելու մասին: Ի վերջո պետք է մի բան հասկանալ, հաջողության շանս ունի այն թեկնածուն, որը ունի առավելագույն մեծ կոնսոլիդացնող, համախմբող պոտենցիալը, եւ այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆիգուրը անգերազանցելի է», - ասաց Զուրաբյանը:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Գրանիտ , : Ռուսաստան
13.06.2012 22:23
+0 / -0
Հանրահավաքային"պայքարը "քրիստոնեական անատամ լոզունգներով(օրինական ճանապարհով իշխանափոխություն) անարդյունավետ է.
Դուք բոլորից լավ գիտեք,որ Հայաստանի օրենքները և օրինապահ մարմինները թույլ չեն տա օրինական իշխանափոխություն.
Պետք է նոր միջոցներ գտնել.
7%-ը դա չի կարող անել.Պետք է օրինակ վերցնել իշխանություններից ու օգտագործել էժանանոց անգրագետ մեծամասնությանը 100-7%-ին.
Պետք են նոր կոչեր,երբեմն նույնիսկ նախկինների տրամագծորեն հակառակը. Օրինակ` ընտրություններին գնալու կոչի փոխարեն հետևյալ կոչը "Փող տվեք,որ չգնամ Ընտրության,թե չե կգնամ կընտրեմ ընդիմությանը"
Իհարկե եթե նույնիսկ 100% ել հավաքեք,մի,ևնույնն է իշխանությունը չեն տա,բայց գոնե ոչխարի հոտը ընտրության չի գնա.
Ժամանակը քիչ է.Նոր միջոցներ ու նոր ուժեր են պետք.
Ժողովրդի օգնության վրա հույս մի դրեք,նա ինքը օգնության կարիք ունի` հիվանդ է մի հիվանդությամբ, որ
հարկադիր բուժման կարաք ունի

Թլկատինցի , : Երեւան
12.06.2012 11:46
+0 / -0
ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է, որ հերթական հանրահավաքը կանցկացվի հունիսի 26-ին, Ազատության հրապարակում: - - Արդյոք ավելի ճիշտ չի հնչվու՞մ - ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է հերթական հանրահավաքը անցկացնել հունիսի.........

Սեմ , : Երևան
11.06.2012 16:51
+0 / -0
Այստեղ էս հասկանում, որ այս ժողովրդի ճակատագրի ողբերգականությունը ինչ որ չափով հենց իրենով է պայմանավորված: Նա ծնում է հպարտ ու վեհ մարդիկ և տականքնե՜ր, տականքնե՜ր, տականքներ...: Այնուհետև այդ տականքները ներծծվում են հասարակական կյանքի բոլոր անկյունները և զավթում բոլոր պաշտոնները, կարևոր դիրքերը, որտեղ կարելի է շորթել, լափել, գռփել, թալանել: Հիշու՞մ եք ,,խոզն ու ագռավը,, առակը, ահա այդ խոզը կերել է ազգային ծառի արմատները, չորացնում է այն, իսկ ծառն ասես չի էլ դիմադրում..., նա կարծես հույսը ագռավի վրա է դրել: Իսկ ագռավին ի՞նչ, ինքը չի չորանում, նրան կողքից մի ասել էր հասնում, ասեց ու թռավ-գնաց: Ծառը պետք է հասկանա, որ իր միակ հույսը միայն ինքն է, ուրիշ ոչ ոք իր դարդին դարման չի անելու: