Մատչելիության հղումներ

Ադրբեջանին «պատասխան անպայման պետք է տրվի»


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:

«Ազատություն» ռ/կ. - Հայաստանի սահմանից ստացվող տեղեկությունները ուղղակի պատերազմական խրոնիկա է հիշեցնում՝ ետ է մղվել հարձակումը, կորուստներ չկան եւ այլն: Ձեր կանխատեսմամբ՝ արդյո՞ք այս էսկալացիան կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը:

Հովիկ Աբրահամյան. - Նախ ուզում եմ ցավակցել կորուստների համար: Իրոք, մտահոգիչ է մնան նախաձեռնողական քաղաքակությունը Ադրբեջանի կողմից, բայց ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղը, նաեւ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին՝ անընդունելի է պատերազմով կամ զենքով ինչ-որ խնդիրներ լուծել, դրանք պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով Մինսկի խմբի ձեւաչափում: Ես կարծում եմ, որ դատապարտվեցին [Ադրբեջանի գործողությունները], եւ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ: Մենք այսօր նաեւ քննարկել ենք ԱԺ-ում, առաջիկայում խմբակցություններով հայտարարությամբ հանդես կգանք: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղ բանակցությունների արդյունքում այդ հարցը լուծվի, բայց եթե մեզ պատերազմ պարտադրվի, մենք պատրաստ ենք մեր հայրենիքը, մեր զինվորներին, մեր հողը պաշտպանել: Իհարկե, մեզ համար շատ ճիշտ է, նաեւ Ադրբեջանի համար է ճիշտ, որ խաղաղ բանակցությունների միջոցով այդ հարցը լուծվի: Պատերազմը ոչ մի ժողովրդի, ոչ մի պետության լավ բանի չի բերել, բացի մարդկային եւ նյութական կորուստներից:

«Ազատություն» ռ/կ. - Դուք հիշատակեցիք նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը: Նախագահի հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական սադրանքները կոշտ պատասխան են ստանալու: Մտավախություն չունե՞ք, որ մեր ձեռնարկած պատասխան գործողությունները առիթ կտան միջազգային հանրությանը նույն հարթության վրա դնել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչը արդեն իսկ եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ, երբ երկու կողմերին էլ կոչ են անում ձեռնպահ մնալ էսկալացիայից:

Հովիկ Աբրահամյան. - Ես կարծում եմ, որ պատասխան անպայման պետք է տրվի. ի՞նչ է նշանակում, իրենք սադրանքներ իրականացնեն, մենք ձեռնպահ մնանք: Դա ճիշտ չէ, յուրաքանչյուր սադրանք պետք է պատասխան ստանա: Եթե կպատասխանվի, ապա դրանից հետո մենք պատրաստ ենք նորից քննարկելու խնդիրները, եւ ոչ մի անգամ նախաձեռնողը չի եղել հայկական կողմը, միշտ Ադրբեջանն է եղել: Դա պետք է դատապարտվի, իրոք կոշտ պատասխան ստանա: Ես համաձայն եմ նախագահի հետ:

«Ազատություն» ռ/կ. - Երեկ անդրադառնալով սրված իրավիճակին՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, թե այն, որ այդ երեխաները մահանում են եւ բերվում հանձնվում են իրենց ծնողներին, հերոսին վայել թաղում չի կազմակերպվում նրանց համար՝ դա ճիշտ չէ։ Դուք կարծո՞ւմ եք, որ պրոպագանդայի դաշտում Հայաստանը զիջում է դիրքերը Ադրբեջանին։

Հովիկ Աբրահամյան.- Ես նախ զարմանում եմ, որ Վարդան Օսկանյանը, լինելով այսքան տարվա արտգործնախարար, քաղաքական գործիչ՝ նման հայտարարություններ է անում։ Ի՞նչ պրոպագանդայի մասին է խոսքը։ Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար իրոք կորուստ է, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, եթե ես ճիշտ հասկացա, չեմ գտնում, որ կա մի երկիր, մի բանակ, մի հրամանատար, որ կուզենա զինվոր կորցնել, կորուստ ունենալ, որ պրոպագանդա արվի։ Դա անընդունելի գաղափար է, եւ ես կոռեկտ չեմ համարում Վարդան Օսկանյանի մոտեցումը։

«Ազատություն» ռ/կ. - Անցնենք ավելին ներքաղաքական հնչեղություն ունեցող հարցերին։ Առաջիկա շրջանում կձեւավորվի կառավարությունը եւ իր ծրագիրը կներկայացնի խորհրդարանին, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ խորհրդարանական երեք խմբակցություն պատրաստ է դեմ քվեարկել կառավարության ծրագրին եւ բացառված չէ, որ նրանց միանա նաեւ ԲՀԿ-ն։ Դժվար չէ՞ արդյոք իշխող մեծամասնության համար այս պայմաններում իրականացնել իր գործունեությունը։

Հովիկ Աբրահամյան. - Ծրագիրը մենք դեռ չենք ստացել Ազգային ժողովում, ուղղակի քննարկումներ են եղել․ վարչապետը հանդիպել է այդ քաղաքական ուժերի հետ։ Եվ ես համոզված եմ՝ մենք կունենանք այնպիսի ծրագիր, որը կբավարարի նաեւ ընդդիմությանը, ովքեր տրամադրված են դեմ քվեարկելու։ Միգուցե քննարկման արդյունքում փոփոխություններ լինեն իրենց մոտեցումներում։

«Ազատություն» ռ/կ. - Դուք չեք բացառում, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը կարող է եւ կո՞ղմ քվեարկեն կառավարության ծրագրին։

Հովիկ Աբրահամյան. - Եթե իրենք, ծրագրի բնույթի ծանոթ չլինելով, ի սկզբանե որոշել են, որ դեմ են քվեարկելու՝ քվեարկում են, թող քվեարկեն։ Բայց իմ կարծիքով ճիշտ կլիներ, որ իրենք ծրագիրը ստանային, ծանոթանային, հետո որոշեին, հիմնավորեին, թե ինչու են դեմ քվեարկում։ Ես գտնում եմ, որ մենք կքննարկենք անկախ նրանից, որ մենք ունենք մեծամասնություն Ազգային ժողովում։ Ես, որպես խորհրդարանի նախագահ, որպես Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, ասում եմ, որ մենք պատրաստ ենք լսել բոլորի կարծիքը։ Ազգային ժողովի ամբիոնը հենց դրա համար է, եւ ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, իրենց տեսակետները հայտնելով, հիմնավորեն, թե ինչու են դեմ։

«Ազատություն» ռ/կ. - Շատերը կարծում են, որ նախորդ 5 տարիների ընթացքում տնտեսական իրավիճակը չփոխած, ավելին՝ վատթարացրած կառավարությունը գրեթե նույն կազմով չպետք է վերանշանակվեր, փոփոխություններ էին պետք։ Ինչո՞ւ Հանրապետական նման որոշում կայացրեց։

Հովիկ Աբրահամյան. - Կարելի էր փոփոխություններ անել, բայց դուք մոռանում եք, որ մենք 7 ամիս հետո ունենք նախագահական ընտրություններ, եւ Սահմանադրության համաձայն կառավարությունը նորից պետք է հրաժարական տա։ Եվ քննարկումների արդյունքում դա շատ կարեւոր դերակատարություն է ունեցել։ Մենք ստացել ենք ավանս, եթե դա չվերածենք քաղաքական կապիտալի, իրոք մենք պրոբլեմ պետք է ունենանք։ Հանրապետության նախագահը շատ հստակ գործադիրում ձեւակերպել է իր մոտեցումները․ անպայման մենք պետք է տնտեսական աճը ապահովենք, եւ շատ ակտիվ պետք է ապագա կառավարությունը աշխատի։ Կառավարությունը հասկանում է, որ իրենց աշխատանքից է կախված նաեւ հանրապետության նախագահի ընտրությունները։ Եթե իրենք լավ արդյունք չտան, նաեւ խնդիրներ կունենանք նախագահի ընտրություններում։ Եվ ես համոզված եմ, որ մենք, բոլորս միասին, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ունենանք հաջողություններ։

«Ազատություն» ռ/կ. - Բացի այն, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերը ավելի մեծաքանակ են, կարծես թե ձեր միակ դաշնակցի հետ եւս այնքան հարթ չեն փոխհարաբերությունները՝ դատելով, ՕԵԿ խմբակցության երկու պատգամավորների հայտարարություններից, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ են բաժանվել եւ դա արել են այն ուժերը, ովքեր ստացել են մեծամասնություն։ Իրո՞ք սրանք նշաններ են, որ ձեր եւ ՕԵԿ-ի հարաբերություններում էլ ամեն ինչ այնքան հարթ չէ։

Հովիկ Աբրահամյան. - Պատգամավորները իրենց հայտարարությունների եւ մոտեցումների մեջ ազատ են, բայց դա ես չեմ համարում «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարություն։ Եվ ես գտնում եմ, որ եթե իրենք նկատի ունեն Հանրապետական կուսակցությանը, իրենք, մեղմ ասած, արդար չեն։ Եթե իրենք նման տեղեկություն ունեն, թող ներկայացնեն իրավապահ մարմիններին՝ այն մարդիկ, ովքեր որ կաշառք են բաժանել՝ պատժվեն։

«Ազատություն» ռ/կ. - Դուք չբացառեցիք, որ «Բարգավաճ Հայաստանը» 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո կարող է հայտնվել նոր կառավարությունում։ Ի՞նչ հիմք ուներ այդ հայտարարությունը։

Հովիկ Աբրահամյան. - Իմ հայտարարությունների հիմքում դրված է քաղաքականության մեջ որեւէ բան չբացառելու մոտեցումը։ Դուք հարց եք տալիս՝ ես ասում եմ, որ հնարավոր է։ Բայց ես որեւէ տեղեկություն, պայմանավորվածություն չունեմ, չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերում է՝ նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» կպաշտպանի՞ նախագահին, դա կյանքը ցույց կտա։ Նորից եմ ասում՝ քաղաքականության մեջ ոչ մի բան չբացառենք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լինելով երկրորդ քաղաքական ուժը, ունենալով մոտ 500 հազար ընտրողների վստահություն, լավ կլինի, որ նախագահական ընտրություններում պաշտպանիր մեր թեկնածուին։ Իսկ որոշելիքը իրենցն է՝ դա իրենց գործն է, այդ հարցը կորոշվի քննարկումների արդյունքում։

«Ազատություն» ռ/կ. - Այս շաբաթ Panorama.am-ին տված հարցազրույցում Դուք ասել էիք․ - «Ուղղակի մարդիկ ուզում էին փչացնել իմ ու նախագահի հարաբերությունները՝ մեջտեղ բերելով ԲՀԿ-ի, Ծառուկյան Գագիկի հետ խնամի լինելու հանգամանքները եւ էդ խնամիական հարաբերություններով ստեղծել էին մի միֆ, որ մենք Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր ունենք եւ այլն։ Բայց ի՞նչ կապ ունի իմ խնամիությունը քաղաքականության հետ»։ Կարելի՞ է սա ընդունել իբրեւ հավաստիք, որ ինչ-որ մրցակցություն կա երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ։

Հովիկ Աբրահամյան. - Այդ հարցին, իմ կարծիքով, կոռեկտ չէ, որ պատասխանեմ՝ մրցակցություն կա, թե չկա։ Ես ասել եմ որոշ մարդկանց ենթադրությունները, որ փորձում էին իմ եւ գործող նախագահի հարաբերությունները վատթարացնել։

«Ազատություն» ռ/կ. - Վեց ամիս առաջ հրաժարական տալով՝ դուք պարզաբանեցիք, որ դա տեխնիկական խնդիր է, որ դուք չեք կարող համատեղել Ազգային ժողովի նախագահի եւ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնները։ Բայց, պարոն Աբրահամյան, դուք չունեի՞ք այդ ժամանակ ձեր վստահելիությունը Հանրապետական կուսակցությանն ապացուցելու խնդիր։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ հենց ընտրվելուց հետո Դուք նստեցիք Ազգային ժողովի նախագահի աթոռին եւ այսպիսի հայտարարություն արեցիք․ «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»։ Դուք ունեի՞ք Հանրապետական կուսակցությանը Ձեր հավատարմությունը ապացուցելու խնդիր։

Հովիկ Աբրահամյան. - Կարող է՝ ես իմ մեջ ունեցել եմ, ես իմ առջեւ խնդիր եմ դրել, որ ես հավատարիմ եմ, անելու եմ, բայց ես չեմ նկատել ոչ իմ կուսակցության անդամների կողմից, ոչ էլ հանրապետության նախագահի կողմից՝ անվստահություն իմ նկատմամբ։ Որովհետեւ ես 2007-ին էլ եմ եղել շտաբի պետ պառլամենտական ընտրություններին, 2008-ին եղել եմ նախագահական շտաբի պետ, այն ժամանակ էլ է եղել Քոչարյանը գործող նախագահ։ Այնպես որ, դա չէր կարող լինել անվստահության կամ վստահության խնդիր։ Բայց ինձ համար շատ կարեւոր է մեր կուսակցության ապագան, կուսակցության շահը։ Դրա համար դե թող ասեն՝ Աբրահամյան Հովիկը այսքան տարի պատասխանատու պաշտոններ է գրավել, ինքը որեւէ ծրագիր ձախողել է։ Կուսակցության հույսը, նախգահի, թիմի վստահությունը միշտ արդարացրել եմ եւ երբեք չեմ կառչել իմ աթոռից՝ դա էլ ասեմ ձեզ։

«Ազատություն» ռ/կ. - «Ժառանգություն» կուսակցության համագումարի ամբիոնից Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա Ձեզ ուղղեց մի հարցադրում․ - «Նրանք, ովքեր խոսում են չմեռնող ճշմարտության մասին, թող իրենք ունենան այդ տղամարդկությունը, պետական ծառայող լինելու բարձր պատիվը, եւ բացեն ողջ ճշմարտությունը, թե պաշտոնյաները, կուսակցապետերը, շտաբի պետերը փորձեցին մեղսակիցներ գտնել իշխանական դաշտում, ընդդիմադիր դաշտում, եւ որ ամենաահավորն է՝ ժողովրդական դաշտում։ Այո՛, ճշմարտությունը չի մեռնում, բայց եթե ասում ես՝ ուրեմն բացիր նաեւ այդ ճշմարտությունը եւ ժողովրդին հիմարի տեղ մի դիր»։

Հովիկ Աբրահամյան. - Չգիտեմ՝ ինքը ինչ է ուզում, որ ասի։ Ինքը ճիշտ կլինի ավելի պարզ ասի, ոչ թե ակնարկներ անի՝ ես էլ պատասխանեմ։ Իմ կարծիքով ինքը արդյունքներից է դժգոհ ընտրության։ Դա իր խնդիրն է, իր կուսակցության եւ հանրության խնդիրն է։ Ի՞նչ կապ ունի սրան-նրան անուղղակի մեղադրել։ Ես իր հետ ապագայում հնարավորություն կունենամ խոսելու Ազգային ժողովում։ Որ քննարկվի՝ ես անպայման ձեզ կտեղեկացնեմ։

«Ազատություն» ռ/կ. - Դուք ասել եք, որ կամուրջ եք եղել երկու կուսակցությունների՝ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ։ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, այնուամենայնիվ, ընդդիմություն էլ չդարձավ, հավելել եք նաեւ այդ հարցազրույցում։ Այսինքն՝ Դո՞ւք եք եղել պատճառը, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չդարձավ։

Հովիկ Աբրահամյան. - Ոչ։ Հանրապետության նախագահի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը շատ լավ հարաբերությունների մեջ են, եւ, իմ կարծիքով, պարբերաբար քննարկում են բոլոր նման հարցերը։ Ես նորից եմ ասում՝ իմ դերակատարությունը եղել է՝ նպաստել, քննարկել։ Նաեւ այստեղ կուսակցական շահեր կան։ Այնպես որ մեր մեր բարեկամությունը քաղաքականության հետ չխառնենք։ Բայց, նորից եմ ասում, այդ հարաբերությունները եղել են եւ նպաստել են՝ խնդիրները լուծելու դրական առումով։ Իմ կարծիքով այսօր նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պառլամենտում շատ հանդուրժողական, համերաշխ մեր պայմանավորվածությունները պահպանելու է։

please wait

No media source currently available

0:00 0:21:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG