Հինգշաբթի, Մայիս 23, 2013 Ժամանակը Երեւանում 10:58

Հասարակություն

Դիմորդների համար հայոց լեզվի քննությունը հեշտ էր

x
Տեքստի չափը - +
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի 11 հազար 795 դիմորդներ երեքշաբթի օրը հանձնեցին հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունը:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր այցել է Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն, որտեղ քննություն էին հանձնում 357 դիմորդներ: Քննասենյակից դուրս եկող գրեթե բոլոր դիմորդներն ասում էին, որ թեստերը հեշտ էին եւ բարձր գնահատականների ակնկալիքներ ունեն:

Քննության ավարտից մի քանի ժամ հետո Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում տեղադրվեցին թեստերի տարբերակները եւ դրանցում ընդգրկված հարցերի պատասխանները: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն քննությունից հետո 5-րդ օրը, իսկ գնահատականը կարելի է բողոքարկել պաշտոնական արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 10.00-18.00-ը նույն քննակենտրոնում:

ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, բերելով անցյալ տարվա օրինակը, նշեց, որ եթե վերանայվեն վերջնական արդյունքները, կվերանայվեն բոլոր դիմորդների գնահատականները՝ անկախ այն  հանգամանքից բողոքարկել են իրենց գնահատականը, թե` ոչ:

Այսօր քննասենյակից դուրս եկող դիմորդները նաեւ նշում էին, որ  հսկողությունը բավականին խիստ էր:

Գայանե Մանուկյանը նշեց, որ հսկիչներից ավելի մեծ ջանք պահանջվում է դիմորդների ծնողներին կարգապահության կոչ անելիս, ովքեր իրենց լարվածությունը փոխանցում են երեխաներին:

«Այս տարվա դիմորդները աչքի են ընկնում կարգապահությամբ, լրջությամբ: Շատ ավելի անկարգապահ են ծնողները, որոնց բազմաթիվ անգամ հորդորում ենք չաղմկել մոնիտորների մոտ, հեռախոսով չպատմել իրենց ապրումների մասին բարեկամներին, միեւնույնն է», - ասաց Մանուկյանը:

Հավելենք նաեւ, որ հայտնի են արդեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների արդյունքները. կենսաբանության միջին գնահատականն է 11.4, ընդհանուր պատմությանը՝ 12.2, աշխարհագրությանը՝ 12.3:  Անցողիկ համարվում է 7.5 բալը:
Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը