Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 05:40

Հասարակություն

Փոխոստիկանապետը կողմերին կոչ է անում լինել հանդուրժող

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում
Տեքստի չափը - +
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, ասաց, թե ափսոսում է որ ներկա չի եղել Կարապի լճի մոտ տեղի ունեցած այն միջադեպին, որի հետեւանքով ձերբակալվեց ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Ըստ Ռոբերտ Մելքոնյանի` եթե ինքն այնտեղ լիներ գուցե բանը չհասներ ձերբակալություններին:

«Եվ այն դեպքերում, որտեղ ես ներկա եմ եղել, աշխատել եմ չստեղծել այն սրված, լարված իրավիճակը, որը կհանգեցնի նրան, ինչին հանգեցրեց: Կցանկանայի, որ նման իրավիճակներում թե մյուս կողմը, թե ոստիկանները մի քիչ հանդուրժող գտնվեն, չհասցնեն մարդուն պատժելուն», - ասաց Մելքոնյանը:

Տիգրան Առաքելյանին, ինչպես փոխոստիկանապետը ձեւակերպեց, հայրաբար է խորհուրդ տալիս, այսուհետեւ լինել կոռեկտ եւ թույլ չտալ օրինախախտումներ: Առհասարակ ընդդիմադիր դաշտի մասին Ռոբերտ Մելքոնյանի գնահատականը միանշանակ չէ. նա այստեղ տարբեր շերտեր է տեսնում:

«Կան զարգացած, կիրթ, գրագետ քաղաքական գործիչներ, կա միջին խավը, որը հենց միջին մակարդակում էլ մնում է տարբեր իրավիճակներում, եւ կա շատ ակտիվ, ագրեսիվ, այսպես կոչված, ընդդիմադիրների մի խումբ, մենք նման արտահայտություն ունենք` բետեէռ-ներ, եւ երիտասարդ թեւը` հատկապես ՀԱԿ-ի, որը շատ ագրեսիվ է, պատրաստ են ամենածայրահեղ իրավիճակներ ստեղծել: Մեր անցած ճանապարհը ցույց տվեց, որ նման դեպքեր մենք ունեցել ենք, ցավոք սրտի, հենց իրենցից էլ տուժողներ եղել են», - ասաց փոխոստիկանապետը:

Մաշտոցի պուրակի երիտասարդ ակտիվիստներով Ռոբերտ Մելքոնյանը հպարտանում է, ասաց` մեր ապագան են: Պուրակի խնդրի լուծման արդյունքում էլ, ըստ Մելքոնյանի, հաղթեցին բոլոր կողմերը եւ հանդուրժողականությունը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասով Ռոբերտ Մելքոնյանը վստահեցրեց, որ պատասխանատուները կպատժվեն, բայց պատասխանատու ասելով, փոխոստիականպետը նկատի չունի փուչիկները պատվիրողներին:

«Պատվիրատուները կարող են եւ չիմանալ, թե ինչ գազով են լիցքավորվում: Պատկերացրեք` կոշիկ եք գնում, ու չգիտենք` ինչ սոսնձով է սոսնձված ներբանը: Երկու օր հագնելուց հետո պոկվում է: Դուք մասնագետ չեք, չգիտեք, դուք պատվիրում եք կամ գնում եք: Այստեղ գործատուի կամ տվյալ ձեռներեցի արժանապատվության հարցն է, որն իմանալով, թե ինչ գազ է լիցքավորում, նման պատասխանատվություն է վերցրել իր վրա», - ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանն ասաց` չի ցանկանում խոսել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին, քանի որ, ինչպես մեկնաբանեց, պաշտոնաթող պաշտոնյայի ետեւից չեն խոսում: Իսկ ահա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Մելքոնյանի փոխանցմամբ, պաշտոնավարման հենց առաջին օրը խնդիր է դրել բարձրացնել վստահությունը ոստիկանության նկատմամբ: Որպես այդ ուղղությամբ կատարված քայլ` Մելքոնյանը վկայակոչեց, օրինակ, այն, որ ինքը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում, պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Իր դաժանության մասին տպավորությունը սխալ է, զգացմունքային, շուտ բռնկվող, բայց բարի եւ հանդուրժող մարդ եմ, վստահեցրեց Երեւանի փոխոստիկանապետը: Կյանքի գլխավոր ձեռքբերումը Մելքոնյանը համարում է ընտանիքը` կինը, չորս դուստրերն ու երկու թոռները: Տղա չունենալը պատիժ չի համարում, գոհ է: Աղջիկներից ոչ մեկը հոր մասնագիտությունը չեն ընտրել, ասաց` ոստիկանի աշխատանքը բարդ է, ծանր, իսկ փեսաները, Մելքոնյանի պնդմամբ, հպարտանում են իրենով:

«Թոռնիկները հեռուստացույցով եւ կայքերով տեսնո՞ւմ են Ձեր ագրեսիվ պահվածքը», Երեւանի փոխոստիկանապետին հարցրել էր «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկը:

«Մեկը ընդամենը յոթ ամսական է, մյուսը` երկու տարեկան, բայց որպեսզի հարց տվողը վատ չզգա, ես տեսանյութերը կպահեմ, երբ արդեն հասուն տարիքում կլինեն, անպայման կցուցադրեմ, որպեսզի իրենց պապիկի դեմքը տեսնեն: Բայց ուզում եմ հարց տվողին ասել, որ նման լարված իրավիճակներում նման դեմք ունեն բոլորը, որոնք այդ իրավիճակին մասնակցում են: Բարեհամբյուր [լինելը] դժվար է շատ», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապվում մամուլում շրջանառվող իր մականունը` «Բազազ», Մելքոնյանը պատմեց, որ ողջ կյանքում որեւէ մականուն չի ունեցել, իսկ բազազ բառը իր անվան կողքին առաջին անգամ տեսել է մամուլում` 2007 թվականին:

«Ինչ-որ հոդված հրապարակվեց եւ այդտեղ ծանոթացա Մելքոնյան Ռոբերտ` ՊՊԾ գնդի պետ եւ «Բազազ» մականունով: Իհարկե, զարմացա, որովհետեւ բազազ Թիֆլիսի բարբառով նշանակում է վաճառական, առեւտրական, եւ Մելքոնյան Ռոբերտը ընդհանրապես վաճառականության հետ կապ չունի: Երեւի նկատի են ունեցել իմ խստապահանջությունը կամ պահանջկոտությունը, որը ինչ-որ տեղ նմանեցնում են հանրահայտ «Գիքոր» պատմվածքի հերոսին: Ինչեւէ, այդ օրվանից ես դարձա «Բազազ», - ասաց փոխոստիկանապետը:

Մելքոնյանը չի հպարտանում իր մականունով, բայց ասաց` արդեն համակերպվել է: Այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ենթակաների մասին խոսելիս անգամ կատակեց, թե նրանք էլ «բազազիկներ» են:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Naira Margaryan , : Yerevan
25.05.2012 01:45
+0 / -0
Տեղյակ լինելով, որ ես անտարբեր չէի Մաշտոցի պուրակի իրադարձություններին, ամուսինս այսօր այս հաղորդումը լսելիս անմիջապես զանգահարեց ինձ: Նշեց, որ խոսում է Մելքոնյանը և նույնիսկ իր զարմանքը արտահայտեց, թե որքան կիրթ և որակով է խոսում: Որոշեցի անպայման կարդալ... գտա և կարդացի: Այո, շատ կիրթ և հաճելի, և ահա գտա այն մասը, որ ուզում էի կադրալ...հանդուրժողության պակասի մասին, և երիտասարդներով հպարտանալու մասին... Կասվեր արդյոք այս ամենը եթե նախագահի որոշումը այլ լիներ, և արդյոք անկեղծ է այդ հպարտությունն ու զղչանքը: Հավատացեք, ցինիզմ չկա հարցերիս մեջ. դրանք անկեղծ են, թեպետ այս պահին, երևի, հռետորական:

Մարթա
24.05.2012 22:01
+0 / -0
Պ-Ն Մելքոնյանը այն բարձրաստիճան սպաներից, ով տարբերվում է համբերատարությամբ, հանդուրժողականությամբ, մշտապես առաջնորդվում է արդարության սկզբունքից ելնելով....

Ամենակարդացվողը