Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության օրը Հայաստանում նշում են նաեւ դեսպանները


«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես Նկարիչների միությունում
«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես Նկարիչների միությունում
Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանում նշում են ոչ միայն լրագրողներն ու խմբագիրները, այլեւ օտարերկրյա դեսպանները:

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ Հայաստանի մամուլին հետեւում է, այդուամենայնիվ, ծանրակշիռ գնահատականներ տալ չի շտապի։

Հայաստանում մամուլի ազատությունից զրուցեցինք նաեւ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ, ով առաջընթաց արձանագրեց նախընտրական շրջանում բազմակարծության հարցում, սակայն ավելի կարեւորեց հետընտրական շրջանում հայաստանյան մամուլի գործելաոճը:

«Ես տեսնում եմ օրաթերթերում եւ հեռուստաեթերում բազմակարծություն, դա շատ լավ է: Բայց դեռ շատ գործ կա անելու։ Այո, այս քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերն ավելի շատ հնարավորություն ունեցան կարծիքներ հայտնելու, քան նախկինում էր», - արձանագրեց դեսպանը՝ հավելելով․ - «Բայց ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ տեղի կունենա մայիսի 6-ից հետո, ինչպիսին կլինեն զարգացումները․ արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը դեռ կլուսաբանվեն հեռուստատեսությամբ, հանրային հեռուստաընկերությամբ հասանելի կլինեն»։

Նկարիչների միությունում «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդեսին ներկա էր նաեւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հնարավոր է իրագործել ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնելու խոստումը. - «Ինչպես ես ասում եմ նման դեպքերում` քանակը կարող է որակ դառնալ: Աջակիցների այսպիսի քանակություն, որ կա, հանձին Ամերիկայի դեսպանատան, Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ գրասենյակի, մի օր քանակը որակ կդարձնի»։

Հայաստանյան լրատվամիջոցների ազատության մասին զրուցեցինք նաեւ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի ղեկավար, Ինտերնյուս ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանի հետ, ով իր հերթին մատնանշեց բազմակարծության առկայությունը, սակայն դժգոհություն հայտնեց քարոզարշավի լուսաբանման բովանդակային մասի վերաբերյալ. - «Հայաստանում մարդկային, լրագրողական, մասնագիտական հնարավորություններ կան ազատ մեդիա ունենալու, սակայն քիչ են տնտեսական հնարավորությունները: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող համաձայնել Freedom House-ի գնահատականի հետ, որ Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկիր է: Ես հայկական մեդիան մասամբ ազատ եմ համարում»։

Մրցանակ՝ առցանց «Առավոտի» խմբագրին


Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը մրցանակ է ստանում «ավանդական եւ նոր մեդիայի հնարավորությունները լավագույնը համադրելու համար»
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը մրցանակ է ստանում «ավանդական եւ նոր մեդիայի հնարավորությունները լավագույնը համադրելու համար»
Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, արդեն 6-րդ տարին է հայաստանյան լրատվական դաշտի ներկայացուցիչներից մեկը Ինտերնյուս ՀԿ-ի, Երեւանի մամուլի ակումբի եւ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից արժանանում է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի: Այս տարի «ավանդական եւ նոր մեդիայի հնարավորությունները լավագույնը համադրելու համար» մրցանակ ստացավ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը:

Ի դեպ` հենց այսօր 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը հայտնեց, որ կայքն աննախադեպ հաքերային հարձակման է ենթարկվել եւ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես արգելափակվել է: Նրա խոսքով` սա լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես են ճնշվում Հայաստանում լրատվամիջոցները:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG