ՈՒրբաթ, Մայիս 24, 2013 Ժամանակը Երեւանում 22:57

Քաղաքական

ՕԵԿ նախագահը «օրենքի ու արդարության սով» է տեսնում երկրում

ՕԵԿ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, 6 ապրիլի, 2012 թվական
ՕԵԿ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, 6 ապրիլի, 2012 թվական
Տեքստի չափը - +
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իշխող քաղաքական կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, այսօր Հայաստանի բազմաթիվ ոլորտներում «օրենքի ու արդարության սով է»:

«Այսօր մենք պիտի մեր երկիրը դարձնենք օրենքի եւ արդարության երկիր: Մեր հռչակած նպատակները ազնիվ են, մեր որդեգրած կուրսը հստակ է եւ մենք ուզում ենք կառուցել իրոք օրենքի եւ արդարության Հայաստան», - հայտարարեց ՕԵԿ առաջնորդը շաբաթ օրը Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի ժամանակ:

«Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ապրի օրենքի ուժով, որ մեր հասարակությունը ապրի օրենքի կանոններով, որ երկրում բոլոր ոլորտներում հաղթանակի ոչ թե փողը, ուժը, այլ օրենքը, խելքը, արդարությունը», - շարունակեց Բաղսարյանը:

Իր ելույթում ՕԵԿ ղեկավարը նաեւ հայտարարեց՝ ՕԵԿ-ը «լույսի պես մաքուր է»:

«Մենք Հայաստանում կապ չունենք ոչ արյան, ոչ թալանի, ոչ գողության, ոչ կողոպուտի հետ: Ես չեմ խոսում այլոց մասին, ես խոսում եմ մեր տեսակի մասին՝ ինչպիսին ենք մենք, ինչպիսի ծրագրերով, մոտեցումներով ենք գնում առաջ: Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, ահաբեկված լինելով «Օրինաց երկիր» կուսակցության օրեցօր աճող հեղինակությունից, փորձում են բանսարկությամբ, վայրահաչոցներով, փնովել ՕԵԿ-ին, բայց դա նրանց չի հաջողվի», - ասաց Արթուր Բաղդասարյանը՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

Բաղդասարյանը, խոսելով ՕԵԿ վարած քաղաքականության մասին, ասաց՝ կուսակցությունը քաղաքական դաշտում հանդես է գալիս քաղաքական հանդուրժողականության օգտին. - «Դրա համար «Օրինաց երկիր» կուսակցության հիմնական կարգախոսներից մեկը եղել եւ մնում է՝ «Քաղաքական խաղաղություն, եւ ոչ քաղակական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական թշնամություն»: Թող հաղթեն այն քաղաքական ուժերը, այն գործիչները, ովքեր իրոք կստանան ժողովրդի վստահության քվեն», - ասաց նա: 

Խոսելով ընտրակաշառքների, մասնավորապես, այն մասին, որ «այսօր այսօր շատ է խոսվում փողի ուժով քվե հավաքելու մասին», Բաղդասարյանը ասաց. - «Օրինաց երկիր» կուսակցությունը վճռականորեն դատապարտում է փողով քվե գնելու, ժողովրդի սոցիալական վիճակը էլ ավելի ծանրացնելու այդ մտայնությունը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ փողով գնված յուրաքանչյուր քվեն կորած քվե է: Մարդիկ պետք է քվեարկեն համոզմունքներով, գաղափարներով՝ զգալով պատասխանատվություն իրենց օջախների, իրենց հայրենիքի նկատմամբ»:

ՕԵԿ ղեկավարը նաեւ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ «պետություն պետք է տեր կանգնի մարդուն»:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այն մտայնությունը, որ այսօր փորձում են քարոզել՝ եթե մարդը փող չունի, ուրեմն մարդ չէ: Ո՛չ, եթե մարդը փող չունի, հնարավորություն չունի, նրա տերը պետք է լինի պետությունը», - ասաց Բաղդասարյանը:

Հանրահավաքից հետո թե Արթուր Բաղդասարյանը, թե կուսակցության մյուս ղեկավարները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սմբատ , : Վանաձոր
09.04.2012 11:25
+0 / -0
Իսկ բարոյականությա՞ն սովը: Թե՞ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ ու այն կարելի է ոտնատակ տալ ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և ընտրություններից հետո:
Հայաստանի քաղաքական դաշտում հենց բարոյականության սովն է իր սև գործն անում, հակառակ դեպքում չէր լին այս խայտառակ պատկերը - ծեծ ու «разборка», հրաժարականներ: Դեռ ինչե՞ր ենք
տեսնելու...

Arshak Sahakyan , : Reykjavík, Island
09.04.2012 00:50
+0 / -0
Es ajd ardarutyan ev orenqi sovi patcharov em heracel Hayastanic u hima otar erkrum em. Shatern el ihdz pes. Ajd sovi hexinakneric mekn el paron Bagdasaryann e. Na amen mi entrutyunic araj darnum e endimadir isk heto mtnum koaliciayi mej. U nra nman shatern en, voronc xoskn u gorcn iraric 180 astichan tarbervum u.

Գաբրիել , : Երևան
08.04.2012 10:43
+0 / -0
ՕԵԿ-ի նախագահը 1990-ից այս կամ այն կերպ իշխանության մեջ `, նույնիսկ եղել է ԱԺ նախագահլ: Հիմա էլ իշխանություն ունի: Ի՞նչ է արել այդ «օրենքի ու արդարության սովը» հաղթահարելու ուղղությամբ:

Karen , : Vanadzor
07.04.2012 20:52
+0 / -0
Vonc karoxenk orenki u ardarutyan sov zgank,ete Artur Baxdasaryani nman orenki mard unenk...

Ամենակարդացվողը