Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ. «Երեւակայություններին չեն պատասխանում»


Ոստիկանապետը քվեարկելու է իշխանության օգտին
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգ է անցկացնում, եւ ինչ ուզի՝ կարող է ասել, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով անցած շաբաթ Ազատության հրապարակում ՀԱԿ ղեկավարի հնչեցրած գնահատականներին։

Հիշեցնենք՝ Տեր-Պետրոսյանը նշել էր, որ առաջիկա ընտրությունների կեղծման գլխավոր ռեսուրս է համարում ընտրացուցակները եւ դրանցում Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիների անունների ընդգրկումը։ Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանից բացակայող քաղաքացիների թիվը այսօր ոչ թե 500 հազար է, այլ 700 հազար։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգ է անցկացնում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է ինչ ուզես ասել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածները մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ երեւակայություններին չեն պատասխանում», - այս առնչությամբ ասաց ոստիկանապետը։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է բացառել, որ Հայաստանից բացակայող մարդկանց փոխարեն քվեարկություններ չեն լինի, Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց՝ «իհարկե կարող եմ»։

«Դրա համար կաք դուք [լրագրողները], տեղամասեր, հանձնաժողովներ, դրա համար կան դիտորդներ եւ բազում մարդիկ, որոնք մտահոգ են», - մանրամասնեց ոստիկանապետը։

Մեկնաբանելով Գյումրիում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե պետք չէ այդ միջադեպը քաղաքականացնել։

«Ընդամենը գումար ստանալու, տալու խնդիրներ են եղել։ Այնտեղ մարդիկ կան, որ ՀՀԿ-ից են, թե ԲՀԿ-ից են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Քաղաքական չի եղել։ Մենք գնում ենք երեւույթների հետեւից, անձերի հետեւից՝ իգական սեռի են, թե արական, այս կուսակցությունից են, թե այն կուսակցությունից, չորեքշաբթի են ծնվել, թե հինգշաբթի օրն են ծնվել․․․ դա դուրս է մեր ֆանտազիայից», - ասաց ոստիկանապետը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդեն կողմնորոշվե՞լ է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ում օգտին է քվեարկելու, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ - «Ես իշխանություն եմ»։ Հարց․ - «Այսինքն իշխանության օգտի՞ն եք քվեարկելու»։ Պատասխան․ - «Դե, իհարկե՛»։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի հետ մեզ հաջողվեց զրուցել Ոստիկանությունում, որտեղ այսօր կայացավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը։

Անդրադառնալով շտաբի գործունեությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ իրենց ֆունկցիաների մեջ են մտնելու ընտրացուցակների ճշտումները, թեկնածուների, տեղամասերի, շտաբերի անվտանգությունը եւ այն բոլոր երեւույթները, որոնք կստվերեն, կխանգարեն արդար եւ ազնիվ ընտրություններին։

«Անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ եւ արդարացի անցկացման հետ կապված՝ ինչ վերաբերում է մեր ոստիկանական գործունեությանը։ Որպես տանտեր, որպես ոստիկանապետ, եւս մեկ անգամ փաստեմ, որ մենք անաչառ ենք լինելու, մեր մոտեցումները լինելու են վերկուսակցական, վերքաղաքական։ Ոստիկանության համար այս ընթացքում գոյություն չունեն դիմություն, ընդդիմություն։ Գոյություն ունի երկիր, պետություն, գոյություն ունի արդարություն եւ գոյություն ունի մի շահ՝ արդար, ազնիվ ընտրությունները շահը»։

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ բազում պրոբլեմներ ունեն, որոնք հաճախ կապված չեն ոստիկանության գործունեության հետ։ Օրինակ՝ ցուցակներում ընդգրկված մահացած անձանց խնդիրը, երբ քաղաքացիները մահացած անձանց մասին չեն տեղեկացնում ռեգիստրին։ Այս խնդիրը լուծելու համար ոստիկանությունում ստեղծվել են խմբեր, որոնք բոլոր մարզերում ճշտումներ, ոստիկանապետի խոսքով՝ ինվենտարիզացիա են անցկացնում։

Նշենք, որ ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբը ղեկավարում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Շտաբում ընդգրկված են նաեւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ պաշտոնատար այլ անձինք։ Նրանցից յուրաքանչյուրն այսօր ներկայացրեց, թե կոնկրետ որ հարցերով է զբաղվելու։ Օգտվելով առիթից՝ շտաբի անդամներին հարցրեցինք, թե արդյոք ոստիկանությունը կարող է ասել՝ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիներից այսօր քանիսն է բացակայում երկրից։

Շտաբի անդամ, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը մեզ փոխանցեց, որ իրենք Հայաստանից բացակայող քաղաքացիների թվի մասին տվյալներ չունեն։ Այսինքն ստացվում է, որ ոստիկանությունը չի կարող հերքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիներից 700 հազարը բացակայում է երկրից։

«Եթե մենք չենք վարում այս շտեմարանը, ո՞նց կարող ենք հերքել, կամ հաստատել», - այս առնչությամբ մեկնաբանեց Արթուր Օսիկյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG