Մատչելիության հղումներ

Սիրիահայերը սկսել են Հայաստան գալ


Սիրիա – Ռմբակոծությունից հետո վնասված շինություններ եւ ոչնչացված մեքենաներ Ինշաատ թաղամասում, Հոմս, 5-ը մարտի, 2012
Սիրիա – Ռմբակոծությունից հետո վնասված շինություններ եւ ոչնչացված մեքենաներ Ինշաատ թաղամասում, Հոմս, 5-ը մարտի, 2012
Սիրիահայերը ցանկանում են Հայաստան գալ: Այնտեղ իրավիճակը խառն է, կրակոցներ են հնչում, պայթյուններ տեղի ունենում... մարդիկ չգիտեն ինչքան կտեւի այդ ամենը, կյանքը վտանգավոր է դարձել...

Վազգեն Մեսրոպյանը մոտ 10 տարի է` Հայաստանում է բնակվում: Հալեպցի է, Սիրիայի քաղաքացի, բայց հիմա մտածում է այնտեղի տունը վաճառելու, քրոջն ու եղբորը Հայաստան տեղափոխելու մասին:

«Ուզում ենք, ուզում ենք, ուզում ենք...», – ասում է Վազգենը՝ Սիրիայում այժմ տիրող իրավիճակը նմանեցնելով 90-ականների Հայաստանին։ – «Չգիտենք` քանի՞ տարի պետք է այսպես լինի: Ահաբեկիչները հա՛ տրաքացնում են, գողանում են սալյարկան, գողանում են բենզինը... ահավոր վիճակ է»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սիրիահայերը ձեռնպահ էին մնում ասել, թե ով է կրակում: Ասում էին` կառավարական ուժերը զինյալ ահաբեկիչների են փնտրում:

Վազգեն Մեսրոպյանն ասում է՝ Սիրիան թողնելու համար հայերը էլի պատճառներ ունեն՝ մարդկանց առեւանգում են, գլխագին պահանջում։ Նա հիշատակեց մի դեպք՝ Հալեպում մի հայ երիտասարդի առեւանգել էին, եւ վերադարձրել միայն այն բանից հետո, երբ տեղի հայ համայնքը հայթայթել էր պահանջվող գլխագինը։

Ջորջը մեկ շաբաթ առաջ է եկել: Ասում է` եթե նախկինում Հալեպում կրակոցներ չէին հնչում, հիմա արդեն այնտեղ էլ կյանքն անվտանգ չէ:

«Մեկ շաբաթ առաջ երկու մեծ ռմբակոծություններ եղավ Հալեպի մեջ: Ապահովություն դժբախտաբար չմնաց: Այդ պատճառով այստեղ եկանք», - պատմում է նա:

Հայաստան – Երեւան եկած սիրիահայերը հարցազրույց են տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 8-ը մարտի, 2012թ.
Հայաստան – Երեւան եկած սիրիահայերը հարցազրույց են տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 8-ը մարտի, 2012թ.
Ջորջն ու իր ընկերները եւս մեկ պատճառ ունեն Սիրիան լքելու համար. ավարտել են ուսումը, բանակ զորակոչվելու խնդիր ունեն, ընտանիքը գերադասել է, որ իրենց որդիները Հայաստան գան` սիրիական բանակում չծառայեն:

Շատ հայեր են ուզում լքել Սիրիան, բայց տունը, ունեցվածքը, բիզնեսը չեն կարողանում վաճառել, ցանկացողներն էլ չափազանց ցածր գին են առաջարկում:
Հայաստան գալուց հատկապես ունեւորներն են ձեռնպահ մնում, մեզ հետ զրույցում ասում էր Վազգեն Մեսրոպյանը:

«Ցավոք սրտի, շատ վատ պրոպագանդա է գնացել Հայաստանի մասին` այնտեղ մաֆիա կա, չես կարող գործ անել... այս վատ պրոպագանդայից մենք պետք է դուրս գանք: Այդ էլ արդեն Հայաստանի պետության վրա է: Մեր ցանկությունն է, որ այստեղ գալուց հետո գոնե Հայաստանի պետությունը մի քիչ տեր կանգնի», - հավելում է նա:

Սիրիայում այսօր 35-40 հազար հայ է ապրում` հիմնականում Հալեպում, Դամասկոսում: Հոմսում, որտեղ այս օրերին ծավալվում են ռազմական գործողություններ, ընդամենը 5-6 հայ ընտանիք է ապրում:

Հայերը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության պահպանման կողմնակիցն են, ասում են` սուննիների իշխանությունից են վախենում:

«Հայ համայնքը պետության կողմից է: Մենք մեր նախագահի կողմնակիցն ենք: Սրան մենք գիտենք արդեն, որ լավ նախագահ է ինքը, ժողովրդի լավն է ուզում: Բռնապետ չէ` ոչ», - ասում է Վազգեն Մեսրոպյանը:

Սաքո Բասմաջյանը հավելում է. - «Սիրիայի հայերի վիճակը շատ լավ է: Մենք ունենք մեր ակումբները, մեր դպրոցները: Մեր կյանքը շատ լավ էր: Դրա համար ուզում են, որ իշխանությունը նույն ձեւի մնա»:

Ջորջը Երեւանում իր երկու ընկերների` Քրիստի եւ Սաքոյի հետ աշխատանք է փնտրում: Եթե աշխատանք չգտնեն՝ ասում են, կգնան Լիբանան: Տղաների խոսքով հիմնական խնդիրը լեզվական է` արեւելահայերեն խոսվածքին չեն տիրապետում, դրա պատճառով Հայաստանում գործ չեն կարողանում գտնել:

Սիրիահայերը հիմնականում աշխատանքի են անցնում ավելի վաղ Հայաստան եկած եւ այստեղ փոքր բիզնեսներ հիմնած սիրիահայերի մոտ:

«Լավ չեն վճարում, քիչ են վճարում, չենք կարողանում ապագա կազմել», - ասում է Սաքոն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պնդմամբ, իրենց ընդամենը մի քանի սիրիահայեր են դիմել: Նրանք ունեն աշխատանքի, չունեն` բնակարանի խնդիր:

«Ես դիմում եմ մեր Զբաղվածության ծառայությանը, Սոցապ նախարարությանը, տարբեր իմ գործընկերներին, որովհետեւ Սփյուռքի նախարարությունը չէ, որ աշխատանքով պետք է ապահովի: Իհարկե, մեր խնդիրը նախեւառաջ առաջնություն տալ, օգնել, որովհետեւ նոր եկածները պետք է կարողանան տնավորվել», - պարզաբանեց Հակոբյանը:

Հայաստանի կառավարությունը Սիրիայի հայերին վերաբերող պետական ծրագիր չունի, չնայած նախարարը պնդում էր, որ Հայաստանը պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր կգերադասեն հայրենիք գալ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սիրիահայերի համար, դեռեւս ծրագիր չկա, քանի որ Հայաստան եկողները առայժմ մեծ թիվ չեն կազմում: Եթե սիրիահայերի հոսքն ավելանա, կարելի կլինի իրաքահայերի համար մշակված ծրագրի նմանությամբ մի ծրագիր էլ կիրառել նրանց համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG