Մատչելիության հղումներ

«Արմավիան» կարող է սնանկ հայտարարվել


Հայաստանի ազգային փոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դրանում մեղադրում է «Զվարթնոց» օդանավակայանին:

Հայաստանի ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերությունը կարող է առաջիկայում սնանկ հայտարարվել:

«Միկա» ընկերության կենտրոնակայանում լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Արմավիա» ու «Միկա» ընկերությունների սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը:

Ըստ Բաղդասարովի կա՛մ առաջիկայում «Զվարթնոց» օդանավակայանը կիջեցի իր սպասարկման գները 25 տոկոսով, կա՛մ «Արմավիան» կհայտարարվի սնանկ ու այլեւս թռիչքներ չի իրականացնի:

«Մենք սպասում էինք, տանջվում էինք, համբերում: Այն ժամանակ [Հայաստանի] տնտեսությունը վերելք էր ապրում, եւ մենք դեռ կարող էինք համբերել: Այժմ տնտեսությունը անկում է ապրում, եւ մենք չենք կարող համբերել: Ուստի, մենք ասում ենք` կա՛մ հայտարարում ենք սնանկության մասին, կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը 25 տոկոս իջեցնում է իր սպասարկման գները»,- ասաց Բաղդասարովը: - «Մենք ցանկանում էինք արդեն կանգնեցնել «Արմավիայի» աշխատանքը: Նրանք մեզ խնդրեցին, թե մինչեւ երեքշաբթի պատասխան կտան, ասացին` խնդրում ենք ձեզ մինչեւ երեքշաբթի թռիչքներ իրականացրեք: Մենք ասացինք` լավ, կթռչենք, բայց չենք վճարի սպասարկման համար: Հիմա ոչինչ չենք վճարում, վճարում ենք միայն ավիակերոսինի համար, որի համար օրական վճարում ենք 40 միլիոն դրամ»:

Միխայիլ Բաղդասարովի խոսքերով, «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման գները երեք անգամ բարձր են, քան, օրինակ, Փարիզի ու Մոսկվայի օդանավակայաններում, ինչը «Արմավիայի» համար ստեղծում է տնտեսական լուրջ խնդիրներ. - «Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, եւ երբ այն թռչում է, ինքնաթիռի քաշը բազմապատկում են մի թվով: Համեմատության համար` Երեւանում այդ գինը երեք անգամ բարձր է, քան Մոսկվայում, կամ Փարզիում, կամ այլ երկրների [օդանավակայաններում]: Ինքնաթիռը կշռում է 75-76 տոննա, բազմապատկվում է ասենք 12 դոլարով, երբ այն վայրէջք կատարեց կամ թռավ, եւ մենք իրականացնում ենք 500, 700, 1000 վայրէջքներ… եւ դա շատ մեծ թիվ է ստացվում»:

Ըստ Բաղդասարովի, «Արմավիայի» համար որպես հիմնական օդանավակայան է ծառայում «Զվարթնոցը», որտեղ սպասարկումը մի քանի անգամ թանկ է, եւ այդ հանգամանքը մրցակցային առավելություն է տալիս այլ ավիաընկերություններին, որոնց «մայր» օդանավակայաններում գները շատ ավելի էժան են: Հետեւաբար «Արմավիան» չի կարողանում մրցակցել միջազգային շուկայում:

Հիշեցնենք` երեկ «Արմավիայի» թռիչքները մի քանի ժամով դադարեցվել էին: «Արմավիան» դրանում մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանին, հայտարարելով, որ օդանավակայանը բարցրացրել է սպասարկման գները:

Մինչդեռ թե՛ օդանավակայանի ղեկավարությունը, եւ թե՛ ռուսաստանյան «Ռոսավիացիա» ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ավիափոխադրողի ռուսաստանյան չվերթները արգելվել են «Ռոսավիացիա» ընկերության մոտ կուտակված պարտքերի պատճառով, եւ վերականգնվել են միայն այն բանից հետո, երբ «Արմավիան» խոստացել էր մարել պարտքը: Բացի այդ, օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել էր, թե վերջին մի քանի շաբաթներին օդանավակայանը սպասարկման գները չի բարձրացրել «Արմավիայի» համար, դեռ ավելին` քանի որ «Արմավիան» համարվում է ազգային փոխադրող, նրա ինքնաթիռները, ի տարբերություն այլ ավիաընկերությունների ինքնաթիռների, սպասարկվում են զեղչով:

Ի պատասխան` Բաղդասարովը այսօր տեղեկացրեց, որ «Զվարթնոցի» կողմից «Արմավիային» տրամադրվող զեղչը կազմում է 10 տոկոս եւ այն էլ տրամադրվում է միայն ամռանը:

Ինչ վերաբերում է պարտքերին` Բաղդասարովը նշեց, որ «Արմավիան» «Ռոսավիացիայի» պարտքը կմարի մինչեւ ամսվա վերջ:

Բացի այդ «Արմավիան» 4.7 միլիոն եվրո պարտք է «Զվարթնոցին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG