Մատչելիության հղումներ

ԼՂ-ում «երկակի տպավորություն» ունեն ԵՄ փաստաթղթից


Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը Բրյուսելում: 27-ը փետրվարի, 2012թ.
Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը Բրյուսելում: 27-ը փետրվարի, 2012թ.

Ստեփանակերտում երկակի տպավորություն ունեն երկուշաբթի օրը Բրյուսելում ընդունված Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթղթից։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ստեփանակերտում երկակի տպավորություն ունեն փաստաթղթից. - «Նախ եւ առաջ, նա ասում է` Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ: Այսինքն` ինչ-որ բաժանում է գնում, նրանք այլ ձեւով են նայում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, ոչ ամբողջական են նայում: Սա` մեկ, որը մեզ համար անընդունելի է: Որովհետեւ մեզ համար կա Լեռնային Ղարաբաղ` որպես պետություն, ոչ թե հարակից տարածքներ, նախկին ԼՂԻՄ եւ այլն, եւ այլն»:

Բաբայանը շարունակեց, թե այն, որ Ադրբեջանը չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ Եվրամիության մուտք գործելու առումով նշանակում է, որ «իրոք ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը նոր թափ է ստանում». - «Սա ցույց է տալիս մեզ մի կարեւոր բան` որ մեզ հաշվի են առնում, որ մենք կանք եւ պիտի մեր` գործոն լինելը է’լ ավելի ամրապնդենք»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Եվրամիության արտգործնախարարների խորհրդի ընդունած աննախադեպ եզրահանգումները նշանակում են, որ Բրյուսելում որոշել են մեծացնել եվրոպական ներկայությունը տարածաշրջանում եւ որ այդ ուղղությամբ առաջիկա տարիներին մեզ սպասվում են կոնկրետ քայլեր:

«Ընդհանրապես Արեւմուտքը բավականին էքսպանսիվ քաղաքականություն է վարում հիմա Եվրոպայի հարակից շրջաններում, ասենք Աֆրիկայում` արաբական երկրներում, որտեղ մեծ ամբիցիաներ ունեն: Դա արտացոլվում է նաեւ ուրիշ տարածքների վրա: Բայց ընդհանրապես ես տեսնում եմ, որ նրանք լայն են նայում տարածաշրջանին եւ իսկապես փորձում են ձեւեր գտնել ինտեգրելու այս տարածքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Սարգսյանը:

Ըստ Մանվել Սարգսյանի, պատահական չէ, որ վերջին շրջանում Եվրամիությունն ակտիվացրել է իր հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ, այդ թվում` Հարավային Կովկասում: Բանակցություններ են մեկնարկում ազատ առեւտրի գոտու եւ վիզային ռեժիմի թեթեւացման վերաբերյալ: Դա, Սարգսյանի խոսքով, պետք է դիտել որպես պատասխան` Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի ջանքերին:

Փորձագետը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նշված եզրահանգումներում, երբ խոսքը գնում է աբխազական ու հարավօսական հակամարտությունների մասին, ասված է, որ Բրյուսելը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ ղարաբաղյան հարցի կապակցությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չկա:

Բաքուն չի հիշատակվում նաեւ այն կետում, ուր գրված է, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ մուտք գործելու հնարավորություն. - «Բոլոր ձեւակերպումները շատ էական նշանակություն ունեն… Ի վերջո Ադրբեջանը ի՞նչ կարող է անել, եթե իսկապես եվրոպացիները փորձեն գալ, ներկայացուցչություններ դնել, եւ այդ տարածքներում աշխատել: Ոչ մի բան»:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հիշեցնելով, որ Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Սեմնեբին հրաժարվում էր այցելել Ստեփանակերտ, կարծիք հայտնեց, որ եզրահանգումները փաստացի վկայում են տարածաշրջանում Բրյուսելի մոտեցումների փոփոխության մասին. - «Նոր ներկայացուցչի նշանակումով Եվրոպական միությունը նրա մանդատի լայնացում կատարեց` կոնֆլիկտների հաղթահարման, տրանսֆորմացիայի եւ այլ ուղղություններով: Երկրորդ էական հանգամանքը. Եվրամիության ներսում… վերջին երկու տարվա ընթացքում բավականին մեծ թափ ստացավ այն բանաձեւի շրջանառությունը, որը, եթե փորձենք անգլերենից վերարտադրել, ստացվում է մոտավորապես այսպես` ներգրավում առանց ճանաչման: Եվ երրորդ էական հանգամանքը, վերջին երկու տարիների կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ջանքերը` կապված Ղարաբաղի նկատմամբ մոտեցման եւ ուղղակի նրա հետ աշխատելու հետ»:

Բեքարյանը նաեւ նշեց. - «Շատ հետաքրքրիր է շեշտադրումը: Շեշտադրումը հնչում է կարծես որպես որոշում: Ոչ թե մոտեցում, որը պիտի քննարկվի, օրինակ, Ադրբեջանի հետ, այլ որպես որոշում: Հետեւաբար, կարելի է ակնկալել, որ նոր ներկայացուցիչը մոտ ապագայում արդեն առիթ կունենա այցելելու Լեռնային Ղարաբաղ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG