Մատչելիության հղումներ

Իրանը հայտնել է, թե պատրաստ է բանակցել միջուկային հարցի շուրջ


Ամերիկացի փորձագետների համոզմամբ, Իրանը դժվար թե նախահարձակ լինի, սակայն կպատասխանի` եթե իր միջուկային կենտրոնները հարձակման ենթարկվեն։

«Մահմեդական աշխարհի երկրների միջեւ արմատական տարաձայնություններ չկան, բոլոր խնդիրները ներմուծվում են դրսի ուժերի միջոցով։ Իր նպատակներին հասնելու համար Արեւմուտքը մշտապես փորձում է պառակտում հրահրել մեր երկրների հարաբերություններում», - Իսլամաբադում` իր աֆղանստացի եւ պակիստանցի պաշտոնակիցներ Համիդ Քարզայի եւ Ասիֆ Ալի Զարդարիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

Ահմադինեժադն ասել է, թե օտար ուժերը «չեն ցանկանում, որ մահմեդական երկրները զարգանան»։

Մինչդեռ Արեւմուտքը շարունակում է խստացնել տարատեսակ պատժամիջոցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն, պաշտոնաթող գեներալ-լեյտենատ Ջեյմս Քլափերը երեկ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում ասել է, թե «Իրանը տեխնիկապես կարող է մեկ-երկու տարում միջուկային ռումբ ստեղծել, սակայն գործնականում դրա հավանականությունը մեծ չէ»։

Քլափերը նաեւ ասել է, թե ինքը չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մտադիր է ցանկացած գնով ռումբ ստանալ եւ այդ զենքի ստեղծման որոշումը կընդունի` հաշվի առնելով դրա հետ կապված բոլոր դրական եւ բացասական գործոնները։

Լսումներին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Ռոնալդ Բարգեսն, ով ասել է, թե Իրանը դժվար թե նախահարձակ լինի կամ միտումնավոր հրահրի միջազգային բախում, սակայն կարող է պատասխան հարված հասցնել այն դեպքում, եթե իր միջուկային կենտրոնները ռմբահարվեն։

Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը եւ հրթիռակոծության ենթարկել Ամերիկայի եւ ԱՄՆ-ի դաշնակիցների մարտանավերն ու տարածաշրջանում տեղակայված այլ ստորաբաժանումները։

Ե'վ Քլափերը, ե'ւ Բարգեսն ասել են, թե չեն կարծում, որ Իսրայելն արդեն հստակ վճռել է հարվածներ հասցնել Իրանին։

Իրանցի մասնագետները փետրվարի 15-ին տեղական արտադրության միջուկային ձողեր են տեղադրել ռեակտորի մեջ` միջազգային հանրությանը ցույց տալով, թե գիտական ինչ նվաճումներ ունեն: Այդ արարողությանը մասնակցած նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ի լուր աշխարհի հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։

Սակայն հաջորդ իսկ օրը Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկիրը պատրաստ է վերսկսել միջուկային հարցով բանակցությունները։

Ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնին հասցեագրած նամակում հայտնել է, որ Իրանը կներկայացնի նոր նախաձեռնություններ։

Աշթոնը միջուկային հարցի շուրջ Իրանի հետ բանակցություններում ներկայացնում է նաեւ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ասել է, թե դատելով այդ նամակից, Իրանը պատրաստվում է սկսել բանակցությունները։

«Փետրվարի 20-21-ը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակներն Իրան են մեկնելու: Դա ցույց կտա, թե որքանով է Իրանը գործնականում հաշվի առնում միջազգային համայնքի մտահոգությունները», - ասել է Ժյուպեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG