Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում


Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության տարեկան վարկանիշային աղյուսակի, 2010-ի համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդին:

Մամուլի ազատությանը վերաբերող զեկույցը, այդուհանդերձ, արձանագրում է նաեւ հետեւյալը. - «Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008 թվականի վիճելի ընտրություններից առաջ: ԶԼՄ-երը շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-երում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:

Այնպիսի ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հայկական ժամանակ»-ը եւ «Հրապարակ»-ը, «Ա1+» հեռուստատեսությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը, որոնք հաճախ հարձակումների թիրախ էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա մի քիչ ավելի շատ ազատություն են վայելում, գտնում են ուսումնասիրության հեղինակները: Անկախ եւ ընդդիմադիր մամուլը գրախոսության ենթարկելու փորձերը շարունակվում են, սակայն ավելի քաղաքակիրթ ձեւով` դատական ճնշումների տեսքով:

Պահանջվող փոխհատուցումները հաճախ չեն համապատասխանում ներկայացված վնասի չափերին եւ հաճախ սպառնում են թիրախ դարձած թերթի ֆինանսական գոյությանը: Դատական գործերի մեծ մասը նախաձեռնում են քաղաքական գործիչները, որոնք ձգտում են պահպանել իրենց իմիջը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքը հաճախակի են հանդես գալիս որպես հայցվոր` նկատում է միջազգային կազմակերպությունը:

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ Հայաստանում մամուլն ավելի ազատ չի դարձել. - «Այլ ընդամենը համեմատության մեջ [արձանագրվել է] որոշակի փոփոխություն: Քանի որ անկումը նախորդ տարիներին շատ լուրջ կապված է եղել 2008 թվականի Մարտի 1-ի հետ, որը եւ ապահովել է այդ անկումը տարիներ առաջ: Իհարկե, մենք վերջին երկու տարիների ընթացքում չենք ունեցել այդպիսի դեպքեր, երբ շատ ակնհայտ են եղել բոլոր ճնշումները մամուլի վրա: Ես, իհարկե, չէի ասի, որ Հայաստանում իրավիճակը լավացել է: Մենք սպասողական վիճակում ենք այսօր գտնվում: Եվ եթե համարենք, որ սա 2011-ի նկարագիրն է, մենք պետք է երեւի հիշենք այդ բոլոր դատական պրոցեսները, որոնք կապված էին լրատվամիջոցների հետ, որոնք իհարկե ֆիզիկական ուժի գործադրում չէ, բայց, այնուամենայնիվ, շատ լուրջ ճնշում է լրատվամիջոցների վրա»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային աղյուսակի, Հայաստանը միանշանակ առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը, որ 2010-ին 100-երորդն էր, այս տարի 104-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 152-ից հայտնվել է 162-րդ տեղում:

Ադրբեջանում անցյալ տարի գրանցվել է ազատազրկումների քանակի ողբերգական աճ: Զեկույցում նշվում է, որ Իլհամ Ալիեւի բռնակալական կառավարությունը չվարանեց ձերբակալել համացանցային հանրության ներկայացուցիչների` բլոգերների, առեւանգեց ընդդիմադիր լրագրողների եւ խոչընդոտեց միջազգային լրագրողների աշխատանքին` անկարգությունների իրական պատկերը թաքցնելու համար:

Թուրքիան նահանջել է 10 հորիզոնականով: Զեկույցը նշում է, որ, չնայած խոստացված բարեփոխումներին, դատական համակարգը ձերբակալությունների ալիք է սկսել, ինչն աննախադեպ է Թուրքիայում ռազմական դիկտատուրայի տարիներից ի վեր:

Իրանը պահպանել է իր 175-րդ հորիզոնականը մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում:

Ինտերնյուսի գործադիր տնօրենն ասում է, որ Հայաստանը պարզապես շարունակաբար վեր ու վար է անում այս վարկանիշային աղյուսակում. - «Խոսքը չի գնում առաջընթացի մասին, այլ խոսքը գնում է վատ գոտու մեջ շարժվելու մասին` վերեւ-ներքեւ, աջ ու ձախ, որը իրականում, վերջնականորեն իրավիճակը չի փոխում»:

Աշխարհի մամուլի ազատության ցուցիչում առաջատարներ են Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները: Հարկ է նշել, որ լավագույն 20-յակի մեջ են մտել նաեւ 2 աֆրիկական երկրներ` Կապե Վերդեն եւ Նամիբիան, որտեղ, ըստ կազմակերպության, 2011-ին ԶԼՄ-երի աշխատանքին խոչընդոտելու որեւէ փորձ չի արվել:

Միացյալ Նահանգները 2011-ին նույնպես 27 կետով նահանջ է գրանցել` կապված «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը լուսաբանող լրագրողների ազատազրկամն դեպքերի հետ:

Նունե Սարգսյանի խոսքով` միայն այս վարկանիշային աղյուսակը չի կարող ներկայացնել Հայաստանյան մամուլի իրական պատկերը: Հարկավոր է համադրել մի քանի միջազգային կազմակերպությունների տվյալները. - «Եթե համեմատեք, ասենք, Freedom House-ի հետ, կտեսնեք, որ տարբերություններ կան: Դա, իհարկե, կապված է նրա հետ, թե ինչ չափանիշներ են օգտագործում: Ի վերջո այդ կազմակերպությունները… միգուցե միասին կարող են ձեզ ինչ-որ մի ավելի բան պատմել Հայաստանի լրատվամիջոցների մասին»:

«Արաբական աշխարհը 2011-ի շարժիչ ուժն էր, սակայն արաբական ապստամբությունները հակասական քաղաքական հետեւանքներ ունեցան: Օրինակ Եգիպտոսը 39 կետով նահանջել է եւ հայտնվել 166-րդ հորիզոնականում, քանի որ երկրի Գերագույն խորհուրդը, որը իշխանության է եկել անցյալ փետրվարից, չարդարացրեց ժողովրդավարների հույսերը` շարունակելով Մուբարաքի բռնատիրական ավանդույթները», - նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG