Հինգշաբթի, Փետրվար 23, 2012 Ժամանակը Երեւանում 03:36

Հասարակություն

«Պետության կարիքների» 5 զոհեր փոխհատուցում կստանան պետբյուջեից

Եվրադատարանը կրկին տուգանում է Հայաստանին։

Շինհրապարակ Երեւանում
Տեքստի չափը - +
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի Երեւանի կենտրոնում էլիտար բնակարանշինության ծրագրի իրականացման համար իրենց տներից վտարված եւս 5 ընտանիքի՝ նրանց սեփականության իրավունքները խախտելու համար:

Խոսքը Բուզանդի եւ Պուշկինի փողոցների նախկին բնակիչների մասին է, որոնք 2004-05 թվականներին դարձել են «պետության կարիքների զոհեր»:

Հայաստանի կառավարությունը Եվրադատարանի առաջ պարտավորվել է Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանի, Լեւոն Ղասաբյանի եւ Գրիգորի Ղարիբյանի ընտանիքներին բնակարաններ հատկացնել նրանց քանդված տների տեղում կառուցված բարձրահարկ շենքում, իսկ Բուզանդի 15 եւ Պուշկինի 34 հասցեների բնակիչներ Աշոտ Պողոսյանին ու Իրինա Եդիգարյանին տրամադրել գումարային փոխհատուցում. Պողոսյանին` 45 հազար եվրոյին համարժեք, իսկ Իրինա Եդիգարյանին՝ 29,5 միլիոն դրամ:

Հայաստանի կառավարությունը առաջիկա երեք ամսում պետք է կատարի Եվրադատարանի որոշումները։

Իրինա Եդիգարյանը Պուշկինի փողոցում գտնվող իր պապենական տանից բռնի վտարվել էր 2004-ի հոկտեմբերի 6-ին։ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հաշվի չէին առել, որ նրա քույրը` 45-ամյա Նորա Եդիգարյանը, մահամերձ է։ Վերջինս վտարվելուց հետո մահացավ։

Իրինա Եդիգարյանի փաստաբան Վահե Գրիգորյանի փոխանցմամբ, Իրինա Եդիգարյանի ընտանիքին ի սկզբանե առաջարկվել է 13 հազար դոլարի փոխհատուցում, իսկ Բուզանդի 15 հասցեից վտարված Աշոտ Պողոսյանին (ում քանդված տան տեղում հիմա փոս է եւ աղբավայր)` 14 հազար դոլարի փոխհատուցման որոշում է կայացված եղել: Եվրադատարանի հետ հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի կառավարությունը անվերապահորեն ընդունել է նրանց սեփականության պաշտպանության իրավունքները խախտելու փաստը եւ պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել Եդիգարյանին` 29,5 միլիոն դրամ, Պողոսյանին՝ 45 հազար եվրո: Եվրադատարանը փոխհատուցման չափը համարել է բավարար եւ գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Փաստաբան Վահե Գրիգորյանը հարցնում է. եթե Հայաստանի կառավարությունը համաձայն է, որ մարդկանց իրավունքները խախտված են, ինչո՞ւ 6-7 տարի առաջ նրանց տներից զրկելիս արդարացի փոխհատուցման որոշումներ չէր կայացնում։

«Եթե ժամանակին անեին, կառուցապատողը կվճարեր այդ գումարները, այսինքն՝ մասնավոր բիզնեսմենը։ Եվ իրենք դա ժամանակին չարեցին, հիմա այս գումարները պետք է վճարի պետական բյուջեն, որովհետեւ սա կառավարության խոստացած գումարներն են», - պարզաբանում է փաստաբանը։ - «Ես ուղիղ ասեմ՝ սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, դրանց բաժնետերերի, անիրավ դատավորների գործած ապօրինությունները»։

Սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, անիրավ դատավորների գործած ապօրինությունները ...

Վահե Գրիգորյանի տվյալներով, ընդհանուր առմամբ Եվրադատարանը Երեւանի կենտրոնից վտարված 8 ընտանիքների վերաբերյալ արդեն որոշում է կայացրել եւ Հայաստանի բյուջեից փոխհատուցվող գումարի չափը արդեն անցնում է կես միլիոն դոլարից: Ստրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այժմ ուսումնասիրում է եւս 10 դիմում։

«Յուրաքանչյուր այսպիսի որոշում հստակ պատասխան է վտարման տարիներին տեղի ունեցող գործընթացների ընթացքում հանրապետության նախագահ Քոչարյանի այն խոսքերին, որ ամեն ինչ տեղի է ունենում օրինականության սահմաններում։ Ամեն ինչ ոչ միայն օրինականության սահմաններում տեղի չի ունեցել, այլ տեղի է ուենցել թալանի տրամաբանության շրջանակներում», - հայտարարեց փաստաբանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց, որ իշխանությունները միայն իրենց սեփական շահերի մասին են հոգում։

«Նրանք պատրաստ են Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին փոխհատուցել ցանկացած վնաս, միայն թե իրենց բիզնես շահերը առաջ գնան։ Նրանք չեն ափսոսում Հայաստանի Հանրապետության բյուջեն եւ փողը՝ մի բան, որը իրենցը չէ», - ասում է Հարությունյանը։

Այլ հրապարակումներ

Աուդիո Կառավարությունը լրամշակելու է օրինագիծը

Կառավարությունը լրամշակելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

ՀՅԴ-ի ցուցակում եւս հանրությանը հայտնի մարդիկ կլինեն

Վահան Հովհաննիսյանը չբացառեց ընտրություններից հետո որեւէ կոալիցիայի անդամակցելու հնարավորությունը:

Աուդիո Բողոքում են խարխուլ շենքի բնակիչները

1988 թվականի երկրաշարժից ի վեր Վանաձորում դեռ վթարային 84 շենք կա: Դրանցից մեկի բնակիչները ի նշան բողոքի որոշել են չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն