Մատչելիության հղումներ

Մարզպետի արարքին քաղաքական գնահատականի կտրվի՞


Խորհրդարանական ուժերի կին ներկայացուցիչները իրենց կարծիքներն են հնչեցնում Սյունիքի մարզպետի եւ գործարար կնոջ միջեւ միջադեպի վերջին զարգացումների մասին:

«Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արարքի իրավական գնահատականը տրված է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը: Հիմա, պատգամավորի կարծիքով, ժամանակն է, որ նրա արարքը իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքական գնահատականի արժանա:

Հատուկ քննչական ծառայությունը, հիշեցնենք, երեկ կարճեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը` եզրակացնելով, որ մարզպետը ոչ թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին, ինչպես վերջինս պնդել է իր դիմումում, այլ ընդամենը ապտակել է: «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը», - իր որոշումն այսպես էր բացատրել Հատուկ քննչական ծառայությունը:

«Այդ դեպքը երբ տեղի ունեցավ, պաշտոնյաները պնդում էին` քանի որ դեռ պարզ չեն քրեական գործի արդյունքները, մենք այս պահի դրությամբ ձեռնպահ կմնանք գնահատական տալուց, եւ քաղաքական գնահատականի մասին էր [խոսքը]: Այս պահին կարող ենք արդեն ասել, որ հերթը եկել է քաղաքական գնահատական տալուն: Շատ կարեւորում եմ, որ հանրությունը, լայն հասարակայնությունը հանդես գա իր կարծիքի արտահայտմամբ, հայտարարություններով, քննարկումներով` արդյո՞ք նման պաշտոնյաների իրավունք ունեն մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ որպես անդամներ, եւ արդյո՞ք նման վարքագիծը չպետք է արժանանա նաեւ քաղաքական գնահատականի», - նշեց Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ինչու իշխանությունը քաղաքական գնահատական չի տալիս մարզպետի արարքին, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց. - «Ես, իհարկե, կտայի քաղաքական գնահատական, եթե ես երեկ «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ չդիտեի տիկնոջը եւ չլսեի, որ տիկինը ըստ էության որեւէ խնդիր չի տեսնում քրեական գործը կարճելու մեջ, եւ ինքը համարում է իր արժանապատվությունը վերականգնված: Ի վերջո ցանկացած ոք ինքն է որոշում` երբ է իր արժանապատվությունը նվաստացված, վիրավորված եւ ինչ հանգամանքներում այդ արժանապատվությունը կարող է վերականգնել: Եթե եղել են ինչ-որ հանգամանքներով, որոնց դրդմամբ այդ տիկնոջ արժանապատվությունը այդպես հանկարծակի վերականգնվել է, եւ նա որեւէ խնդիր այլեւս չի տեսնում, ապա, կարծում եմ, ցանկացած գնահատական ուղղակի տեղին չէ: Ընդամենը պիտի ասեմ, որ ինձ համար ինչպես եղել, այնպես էլ մնում է [անընդունելի] պաշտոնյայի կողմից ցանկացած խնդիր` անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով է մեղավոր, բռունցքներով լուծելը»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով` իրավապահ մարմինների անկախությունն այնքան է վարկաբեկված, որ «հասարակությունը նրանց չհավատալու հիմքեր ունի»: Նրա խոսքով, եթե դիմողը ուռճացրել է ծեծի մասին հայտարարությունը, թող նրան զրպարտության համար ենթարկեին պատասխանատվության. - «Մի պատմություն է, որը իրականության մեջ ջրի երես է հանում հերթական անգամ մեր իրականության բարոյական, քաղաքական ճգնաժամը: Բայց արանքում տուժողը մեր հասարակությունն է, որովհետեւ մեկ շաբաթ շարունակ սնվում էինք Սիլվա Համբարձումյանի ծեծի պատմությունով, որը, պարզվեց, իրականությանը չի համապատասխանում: Ունենք մի մարզպետ, որի կենսագրությունը բռնությունների, ծեծկռտուքների պատմություններով լեցուն է, եւ նա պլստում է, եւ ունենք վարչակազմին, իրականությանը հավատարիմ բդեշխների մի բանակ, որը կամայականությամբ է լիազորված, ինչպես ուզում իրականացնում է հավատարմությունը իշխանությանը: Խեղճ մեր հասարակություն. ամեն անգամ հիասթափվում է, բարոյալքվում, հասկանում, որ օրենքից դուրս մի միջավայր է, որտեղ ինքը անպաշտպան է»:
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG