Մատչելիության հղումներ

«ԼՂ-ի ժողովրդի իրավունքները խախտում է միջազգային հանրությունը»


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը
Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվում են ոչ թե տեղական իշխանությունների, այլ միջազգային հանրության կողմից:

«Մարդու իրավունքների համընդհանուր երկրորդ հոդվածի համաձայն` ցանկացած մարդ ունի հավասար իրավունք եւ հավասարապես պետք է պաշտպանվի: Այդ պաշտպանության տակ մենք հասկանում ենք նաեւ միջազգային ատյանների պաշտպանությունը, որի ներքո, ցավոք, մենք չենք գտնվում: Սա գլխավոր խախտումն է իրավական տեսանկյունից», - ասաց Հայրապետյանը, ով մասնակցում էր Ստեփանակերտում ուրբաթ օրը անցկացված ԼՂ-ի պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանսին:

ԼՂ-ի մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաեւ, որ երկրորդ ամենամեծ խախտումն այն է, որ առայսօր ԼՂ-ը որպես անկախ պետություն ճանաչված չէ:

«Սակայն ասածս չպետք է մեզ ինչ-որ բան ներշնչի, որ ահա, կան, ավելի կոպիտ խախտումներ մեր ժողովրդի իրավունքների, մենք կարող ենք հանգիստ լինել եւ այն: Ո'չ, մենք պետք է ավելի հետեւողական լինենք, քանի որ ինչքան պաշտպանված լինի մեր քաղաքացիների իրավունքները պետության ներսում, մենք այնքան միջազգային հանրության համար ճանաչելի եւ ընդունելի կդառնանք», - ասաց Հայրապետյանը:

Կոնֆերանսի ընթացքում ԼՂ-ի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչները ելույթներ ունեցան անկախության հանրաքվեի, սահմանադրության ընդունման, հետսահմանդրական օրենսդրական դաշտի եւ այլ թեմաների վերաբերյալ:

2006 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի ժողովրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց ԼՂ-ի Սահմանադրության ընդունմանը եւ այդ օրը Ղարաբաղում հռչակվեց որպես տոն օր: Չնայած այս հանգամանքին, հայտնի է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի անցկացման տարբերակներ: Այս դիտարկմանն ի պատասխան` ԼՂ-ի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ դեռեւս 2008 թվականին Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հայտարարության մեջ հստակ նշվել էր, որ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, այդ թվում` ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ կրկնակի հանրաքվեի անցկացումը անընդունելի է:

«Այդպիսով կարելի է ասել, որ դա արտացոլում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ուժերի ամփոփ տեսակետը, ինչը լիովին համապատասխանում է նաեւ գործադիր իշխանության վերաբերմունքին, որը դրսեւորվում է բանակցություններին ԼՂ-ի նախագահի մասնակցությամբ միջնորդների հետ հանդիպումներում հնչեցրած տեսակետներում, որոնք դառնում են նաեւ մամուլի սեփականությունը: Ինչ վերաբերում է կան արդյո՞ք դրան հակազդելու մեխանիզմներ, այո', կան, եւ այդ մեխանիզմներից առաջինը ԼՂՀ-ի արտաքին քաղաքականությունն է, որը վերջին շրջանում արմատական փոփոխություններ է կրել, եւ դա նկատելի է նաեւ միջնորդների եւ բոլորի համար: Բանակցային գործընթացը չպետք է կանխորոշի ԼՂՀ-ի հանրապետության միջազգային ճանաչվածությունը, այսինքն մեր պետությունը այսօր ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն է ծավալում` հասնելու ԼՂՀ-ի փաստացի անկախությանը` միջազգային ճանաչմանը», - ասաց Աթանեսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG