Մատչելիության հղումներ

Վրաստանում «զրոյից» նոր քաղաք են կառուցելու


Նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խոսքով, Լազիկան կդառնա հանրապետությունում մեծությամբ երկրորդ քաղաքը։

Վրաստանի ղեկավարությունը որոշել է Սեւ ծովի ափին կառուցել քաղաք, որը կանվանեն Լազիկա։

Վրաց պատմաբանների փոխանցմամբ, ներկայիս Վրաստանի արեւմտյան տարածքում մեր թվարկության 2–4 դարերում գոյություն է ունեցել Լազիկա կոչվող վրացական թագավորություն, որի պատվին էլ կանվանեն կառուցվելիք քաղաքը։

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ ասել է, որ 1 միլիոն 100 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Թբիլիսիից հետո Լազիկան կլինի Վրաստանում մեծությամբ երկրորդ քաղաքը, որտեղ տասը տարի անց կապրի մոտ կես միլիոն մարդ։

Սահակաշվիլին երեկ Զուգդիդիում նշել է, որ շինարարական աշխատանքները մի քանի ամսից կմեկնարկեն Սեւ ծովի ափին, որտեղ ապագա քաղաքի համար հատկացվում է Անակլիա եւ Կուլեւի գյուղերի միջեւ ընկած տարածքը։

Միխեիլ Սահակաշվիլիի համոզմամբ, այս ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի Վրաստանի առեւտրի եւ էկոնոմիկայի զարգացման եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար, եւ արդեն մյուս տարի շինարարական աշխատանքներում կներգրավվի մի քանի հազար մարդ։

«Վրաստանի իշխանությունները հիմա բանակցում են Եվրոպայի եւ Ասիայի խոշոր ներդրողների հետ», - ասել է Սահակաշվիլին եւ ավելացրել. - «Ես կոչ եմ անում նաեւ հանրապետության սահմաններից դուրս ապրող վրացի գործարարներին` քննարկել քաղաքի կառուցման գործին իրենց մասնակցության հնարավորությունը»։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ համաշխարհային շինարարական պրակտիկայում «զրոյից» քաղաք կառուցելու փորձերը շատ չեն, սակայն կան։

Դրանց առավել հաջողված օրինակներն են Ավստրալիայի, Բրազիլիայի եւ Ղազախստանի մայրաքաղաքները` Կանբերան, Բրազիլիան եւ Աստանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG