Մատչելիության հղումներ

Պինկաս Ցուկերմանը կրկին նվագեց Երեւանում


Պինկաս Ցուկերման
Պինկաս Ցուկերման
«Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում Հայաստանում է ամերիկացի աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը:

Ցուկերմանը իր չորս տասնամյակից ավելի ստեղծագործական գործունեության ընթացքում ստացել է գրեթե բոլոր բարձրագույն պարգեւները, այդ թվում եւ կրկնակի «Գրեմմի»:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի մենակատարն էր աշխարհահռչակ երաժիշտը:

Փառատոնի հիմնադիր-նախագահ Ստեփան Ռոստոմյանը ասաց, որ այս մեկ բացառիկ համերգով ամփոփվում է այս տարվա «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնը:

«Կուզեմ, որ [փառատոնը] այսպիսի մեծ ավարտ ունենա` Պինկաս Ցուկերման», - ասաց Ռոստոմյանը:

Ցուկերմանը այսօր առավոտյան մեկ փորձ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը փորձը հրաշալի գնահատեց: Ցուկերմանն իր հերթին ասաց, որ շատ ուրախ է Երեւան վերադառնալու համար:

«Տարի ու կես առաջ էր, որ Հայաստանում էի: Տեսնում եմ, որ քաղաքը ավելի գեղեցկացել եւ կենդանացել է», - ասաց նա:

Ցուկերմանը հույս հայտնեց, որ հաջորդ այցելության ժամանակ Երեւանը կրկին մաքուր եւ աշխույժ կլինի եւ այս առաջընթացը կշարունակվի:

«Ամբողջ աշխարհը տնտեսական անկում է ապրում, ամենուրեք այդպես է, եւ մենք` երաժիշտներս, ամենուրեք շատ դժվար գործ ենք անում` այս պայմաններում պահպանելու երաժշտության բարձր մակարդակը: Մենք բոլորս պարտավոր ենք այս պայմաններում անգամ զիջումների գնալ, որպեսզի կարողանանք ներկայացնել մեր արվեստը», - ասաց Ցուկերմանը:

Աշխարհահռչակ երաժիշտը ջերմությամբ խոսեց ԱՄՆ-ում իր ուսուցչի` Իվան Գալամյանի մասին: Ասաց` նա հրաշալի մարդ էր, երաժշտության նվիրյալ, ով ոչ միայն երաժիշտ-կատարողների, այլեւ ուսուցիչների երկու սերունդ է կրթել եւ օրինակ ծառայել իր աննկարագրելի աշխատասիրությամբ եւ անմնացորդ նվիրումով արվեստին:

Ցուկերմանը շեշտեց, որ իր վրա նաեւ շատ լավ տպավորություն են թողել հայ երաժիշտներից թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Նարեկ Հախնազարյանը ֆանտաստիկ թավջութակահար է», - ասաց Ցուկերմանը` հավելելով, որ նրան արդեն հրավիրել է Կանադա իր հետ նվագելու:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG