Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում քննարկում է նաեւ Ղարաբաղի հարցը


Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ
Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Իսմեթ Յըլմազը իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ադրբեջան։

Հինգշաբթի օրը նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի հետ։

APA գործակալության հարցազրույցում Յըլմազը հայտնել է, որ իր այցելության ընթացքում քննարկվող հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն է։

«Այդ խնդիրը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը, կայունությանը եւ անվտանգությանը։ Թուրքիան իր բոլոր հնարավորություններով կանգնած է Ադրբեջանի կողքին։ Հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղություն կապահովի», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը` նշելով, թե իր երկրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ժողովուրդների փոխադարձ վստահության վերականգնումն է։

Նրա խոսքերով` Թուրքիան շարունակում է ակտիվ դիրքորոշում ցուցաբերել, ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը դիվանագիտական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում։

«Կրկնում եմ` մեզ համար առաջնահերթ է հանդիսանում հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով։ Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք Մինսկի խմբի գործունեությանը։ Մենք հույս ունենք, որ համանախագահող երկրները մոտ ապագայում նորից կակտիվացնեն իրենց գործունեությունը։ Այս փուլում համաշխարհային գործընթացներին ուշադիր հետեւելը եւ ժամկետային շրջանակներ սահմանելը նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ հակամարտությանը կարող են վերջ տալ միայն այդ երկու կողմերը», - հայտարարել է Յըլմազը։

Հարցազրույցում շոշափվել են նաեւ թուրք - ադրբեջանական ռազմական համագործակցությանը, Ադրբեջանի զինված ուժերին վերաբերող հարցեր։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի ուժեղ բանակի առկայությունը ամենամեծ երաշխիքը կդառնա տարածաշրջանի խաղաղության համար։

«Թուրքական այսպիսի մի ասացվածք կա. «Խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմի», - մեջբերելով այս հայտնի ասացվածքը, Յըլմազը շարունակել է, թե Հարավային Կովկասում կայունությունը վտանգող գործոնները լուրջ սպառնալիք են ստեղծում Ադրբեջանի անկախության եւ տարածաշրջանի խաղաղության համար։

Երկու երկրների կապերի մասին նա նշել է, որ 5 հազար ադրբեջանցիներ զինվորական կրթություն են ստացել եւ շարունակվում է մեծ թվով ադրբեջանցիների ուսուցումը Թուրքիայի զինվորական հաստատություններում։ «Այս համագործակցությունը կշարունակի զարգանալ», - հավաստիացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Ադրբեջանի բանակի մասին Իսմեթ Յըլմազը ասել է, թե Ադրբեջանը ուժեղացրել է իր հնարավորություններն ու ներուժը եւ այսօր տարածաշրջանում ունի ուժեղ բանակներից մեկը։

Նա նշել է, թե ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը սաղմնային վիճակում է, ավելացնելով, որ այդ համագործակցությունը պետք է զարգացնել։ Յըլմազը թվարկել է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի կարողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG