Մատչելիության հղումներ

Հասարակական ճնշմամբ նախագահի հրաժարականին հասնելը «իրատեսական է»


Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը իրատեսական է համարում հասարակական ճնշման արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը:

Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, դա այսօր իրենց գլխավոր խնդիրն է, եւ դրան հասնելու համար օգտագործվելու են բոլոր միջոցները:

«Եթե ինչ-որ մարդկանց դա թվում է անիրատեսական խնդիր, ապա այդ մարդիկ շատ արագ կհասկանան, որ սխալվում են: Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանից շատ ավելի հզոր եւ շատ ավելի երկարակյաց դիկտատորներ չեն հասցրել ավարտել իրենց ժամկետները», - հայտարարեց նա:

Զուրաբյանը նշեց, որ այսօր իրենց դեմ աշխատում է երկու գործոն: Առաջինը միջազգային հանրության աջակցությունն է Սերժ Սարգսյանի ռեժիմին, որը խոստացել է լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները, ուստի Արեւմուտքը աչք է փակում բոլոր խախտումների վրա: Երկրորդ գործոնն այն է, որ իշխանությունները պատրաստ են կիրառել «ամենաստոր» միջոցները` տրանսպորտային բլոկադա իրականացնելով ժողովրդի դեմ, ահաբեկելով ՀԱԿ-ի ակտիվիստներին:

Այդուհանդերձ, վաղ թե ուշ, Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, իրենք հաջողության հասնելու են:

Նախագահի հրաժարականին հասնելու ժամկետին վերաբերող հարցին Կոնգրեսի ղեկավար անդամը արձագանքեց. - «Եթե կհաջողվի աշնանը հասնել մեր նպատակին, կհասնենք: Եթե չէ` ուրեմն մի ամբողջ գործընթացը մենք կօգտագործենք, այդ թվում` եթե գործը հասնի հերթական ընտրությունների, արդեն հերթական ընտրությունները կօգտագործենք Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու նպատակով»:

Հարցին, թե արդյոք կարելի է եզրակացնել, որ Կոնգրեսը անցնում է հեղափոխական քայլերի, Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել թավշյա հեղափոխության անցկացմանը… Վստահ եղեք` եթե 50 հազար մարդ այսօր դուրս գան փողոց, իշխանությունները գնալու են բոլոր զիջումներին»:

ՀԱԿ-ի հանրահավաքներին` գարնանային ցույցերի համեմատությամբ, ավելի քիչ մարդկանց մասնակցությունը Կոնգրեսի համակարգողը, տրասպորտային բլոկադայից զատ, բացատրում է երկու այլ պատճառներով եւս` գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանով եւ արտագնա աշխատանքի մեկնածների մեծ թվով:

Իսկ հարցին, թե չի կարծում արդյոք, որ հանրահավաքներին մասնակիցների թվի վրա բացասական ազդեցություն է թողել իշխանությունների հետ սկսված ու ձախողված երկխոսությունը, Զուրաբյանը պատասխանեց, թե դա էլ գուցե ունեցել է որոշակի ներգործություն, որովհետեւ իշխանությունները «երկխոսության գործընթացը օգտագործեցին Կոնգրեսին վարկաբեկելու նպատակով»:

Առաջիկա քայլերին վերաբերող հարցին Կոնգրեսի համակարգողը պատասխանեց. - «Ես կարծում եմ սթափվելու եւ իրավիճակը ադեկվատ գնահատելու կարիքը ունի այս իշխանությունը: Բայց կարծես այդ ունակությունը կորցրել է: Ուրեմն մենք նրանց տրամաբանությանը այլեւս չենք ապավինելու եւ ընդհանրապես չենք կարծում, որ նրանք հասկանում են որեւէ այլ լեզու, քան ժողովրդական ճնշման լեզուն: Ուրեմն մեր նպատակը լինելու է բացառապես դա` ժողովրդին ոտքի հանելը: Կարծում եմ, որ մեր այս 8-օրյա ակցիան ուներ հոյակապ մոբիլիզացիոն էֆեկտ: Հիմա մենք պետք է ուղղակի մշակենք նման ակցիաների` հանրահավաքների, երթերի, սեմինարների, մարզային այցելությունների… այդ զինանոցի բոլոր մեթոդները մենք կիրառելու ենք: Բնականաբար, պետք է կառուցենք այնպիսի ծրագիր, որը ամենաարդյունավետը լինի, եւ հոկտեմբերի 28-ին մենք կներկայացնենք մեր գործողությունների ծրագիրը, որը ուղղված է լինելու նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա»:
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG