Մատչելիության հղումներ

«Սուրիկի լավաշի» տերը պնդում է, որ որդիները հանցախմբի հետ կապ չունեն


«Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը պնդում է, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ:

Նախաքննական մարմնի պնդմամբ, հենց Արտուշ Հակոբյանն է վնասազերծված բանդայի պարագլուխը: Նրան երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել բանդիտիզմի եւ ավազակային հարձակման հոդվածներով:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարեց, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են: Նա տեղեկացրեց, որ ավագ որդուց` Արտուշ Հակոբյանից բացի, տարել են նաեւ մյուս որդուն` Անդրանիկին, ում երեկվանից հարցաքննում են։ Բացի այդ, արդեն 4 օր է` կանանց գաղութում է գտնվում նաեւ հարսը` Մարինա Գեորգաձեն, ով կալանավորված Արտուշ Հակոբյանի կինն է։ Սուրիկ Հակոբյանի խոսքով, անգամ իր 13 տարեկան թոռնիկին են տարել հարցաքննության: Նկատենք, որ այս մասին ոստիկանությունը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել:

Ոստիկանության փոխանցմամբ բանդան վնասազերծվել էր սեպտեմբերի 23-ին, իսկ Արտուշ Հակոբյանը ռեստորանից բերման է ենթարկվել սեպտեմբերի 24-ի երեկոյան:

Սուրիկ Հակոբյանը, հերքելով որդուն ներկայացված մեղադրանքները, հարցնում է․ - «Եթե ինքը պարագլուխ էր, ինքը չէր կարող ներկա լիներ դատախազի ծնունդին։ Կամ իմ որդին ինչպե՞ս կարող էր չխուսափել, չփախչել, եթե իր ընկերներին արդեն կալանավորել էին, իրենց ասելով․․․»։

Թե ո՞ր դատախազի մասին է խոսքը՝ Սուրիկ Հակոբյանը չմանրամասնեց։ Գլխավոր դատախազությունից եւս տեղեկատվություն չտրամադրեցին այն մասին, թե ո՞ր դատախազի ծննդյան տոնակատարությանն է ներկա գտնվել բանդա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը։ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ դատախազությունը նման տեղեկատվության չի տիրապետում։

«Սուրիկի լավաշի» սեփականատերը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ ժամանակին ղեկավարել է ԲՀԿ-ի տարածքային կառույցը, նաեւ հերյուրանք է համարում ոստիկանության այն տեղեկատվությունը, թե որդու մոտից, կամ տնից զենք է հայտնաբերվել։ Հակոբյանն ասում է, որ ունի 1 որսորդական հրացան՝ օրենքով գրանցված, այն էլ տվել է ոստիկանությանը։

«Սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքը, ուրիշ ոչինչ։ Ուրիշ ձեւի չեն կարողանում, որովհետեւ ես այսօր մրցակից չունեմ, որը կարողանա իմ որակի հաց թխի, հիմա ուզում են իմ գործարանը փակեն, որդիներիս կալանավորեն, ինձ կալանավորեն, որ մեր բիզնեսը հանգի», - ասաց գործարարը՝ վստահեցնելով․ - «Բայց իմ բիզնեսը չի հանգի»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ո՞վ է ուզում ձեր բիզնեսը ձեր ձեռքից վերցնել», Սուրիկ Հակոբյանը պատասխանեց․ - «Ախր ես ի՞նչ գիտեմ։ Ես այդպիսի թշնամի չունեմ»։

Ինչ վերաբերում է բանդայի կողմից բռնությամբ մեծ չափերի գումար եւ գույք հափշտակելուն, ապա գործարարն ասում է, որ որդուն` Արտուշ Հակոբյանին, ինքը շաբաթական 30-40 հազար դրամ էր տրամադրում: - «Ինքը եթե այդպիսի հանցագործ լիներ, էդքան փողեր գողացած լիներ, կարողա՞ շաբաթական 30- 40 հազար դրամ փող վերցներ իմ բիզնեսից», - հարցնում է Սուրիկ Հակոբյանը` նշելով, որ բանդայի կալանավորված մյուս անդամներին չի ճանաչում եւ ոչ էլ նրանց որդիների հետ է տեսել:

Սուրիկ Հակոբյանը նաեւ ասում է, թե որդուն «դարձրել են 5 անգամ դատված», մինչդեռ նա 1 անգամ է դատվել՝ այն էլ կոմունիստների ժամանակ` «ինչ-որ աղջիկ փախցնելու գործով»:

«Իմ որդիները շատ խելոք, իսկական հայի որդիներ են։ Իմ որդիները մեղավոր չեն, էդ բանդայի հետ ընդհանրապես գործ չունեն։ Ես ուղիղ-շիտակ եմ ասում․ իմ որդիները հաց ունեն ուտելու, իմ որդիները անչափ խղճով մարդիկ են։ Նման բան չէին կարող անել՝ մարդ ծեծել, թալանել, վիրավորել», - հավելեց նա։

Ի դեպ՝ Գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ երեկ կալանավորվել է նաեւ գործարարի հարսը՝ Մարինա Գեորգաձեն, բայց բանդայի գործի հետ այս կալանավորումը կապ չունի։ Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ ազգությամբ վրացի Գեորգաձեն Վրաստանի իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նրա նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Խարդախության մեջ մեղադրվող Գեորգաձեն հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից եւ միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անհապաղ միջոցներ են ձեռնարկվել նրան կալանքի տակ վերցնելու ուղղությամբ, իսկ Վրաստանի իրավապահ մարմինները տեղյակ են պահվել այն մասին, որ հետախուզվող անձը կալանավորված է։
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG