Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Պետք է ավելացնենք ճնշումները»


Հայ ազգային կոնգրեսի` ուրբաթ օրը Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հարկավոր է ավելացնել իշխանությունների վրա գործադրվող ճնշումները:

«Այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը:

Այդ պահանջները 8-ն են. - «Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ` նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները, առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը, վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը, չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։ Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը, օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան»։

«Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է», - ասաց Տեր-Պետրոսյանը եւ շարունակեց, - «Ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»։

«Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը` իր ելույթի ավարտին հանրահավաքականներին տալով հանձնարարություն, որպեսզի հաջորդ հանրահավաքին նրանցից յուրաքանչյուրը իր հետ բերի առնվազն 5 մարդու»:

Նախքան Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն զարգացումների վրա, որ կարող են տեղի ունենալ Հայաստանում: Զուրաբյանը հայտարարեց. - «Մենք կոչ ենք անում ժողովրդին՝ պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին: Ուրեմն պատրաստվեք քաղաքացիական անհնազանդության ազգային հաղթարշավին, որի շնորհիվ ժողովուրդը կվերագտնի սեփական երկրում իշխելու սուվերեն իրավունքը, եւ անկախության 20-ամյակը կնշանավորվի ժողովրդավարության հաղթանակով»:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ հարյուրավոր մարդիկ անցած հանրահավաքից հետո հանձնել են ՀՀԿ անդամակցության կուսակցական տոմսերը` ու հավելեց. - «Իշխանության ճեղքը գնաց, եւ այդ ճաքը առաջիկա օրերին կլայնանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG